Ոչ սովորական հանդիպում Թուրքիայում. ինչ են խոսել Չավուշօղլուն և Մինսկի խմբի համանախագահները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկություն է տարածել Թվիթերում, որ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել արցախյան հարցը:
Չավուշօղլուն ասել է, որ նրանց հետ քննարկել է հակամարտության կարգավորման և դրա հիմքում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի» հարցը:
Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն է, և այդ իմաստով, իհարկե, թե՛ զարմանալի չէ հանդիպումը, թե՛ նաև կարծես աննախադեպ չէ: Այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև, որ հանդիպումը սովորական էլ չէ կամ ընթացակարգային չէ, որովհետև այն ԼՂ-ի (արցախյան) կարգավորման և ընդհանրապես միջազգային գործընթացում հազվադեպ դրսևորումների շարքից է: Միաժամանակ, իրավիճակն էլ անշուշտ հերթական կամ հերթապահ չէ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական թեժ իրադրությունն Իդլիբում և դրա ազդեցությունն ընդհանրապես երկկողմ հարաբերության, ըստ այդմ՝ նաև երկու սուբյեկտների ներկայությամբ կամ ներգրավվածությամբ ռեգիոնալ իրողությունների վրա:
Չավուշօղլու-համանախագահներ հանդիպումը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հենց այդ համատեքստում: Թուրքիան համանախագահներին վերջնագի՞ր է ներկայացնում արցախյան հարցում՝ ելնելով Իդլիբի հարցում ռուսական կոշտ դիրքորոշումից: Մյուս կողմից՝ համանախագահների հետ հանդիպման ձևաչափը հուշում է, որ հանդիպման օրակարգը այնքան էլ միատարր և պարզ չէ, որովհետև ի վերջո կազմը ներառում է ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահներ, ինչը նշանակում է, որ շանտաժ լինել կարող է, բայց քննարկման առանցքում շանտաժը չէ:
Թուրքիան դեռևս օրեր առաջ հայտարարում էր, որ ակնկալում է մարտի 5-ին Անկարայում հանդիպում Պուտինի հետ, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը: Պուտինը, սակայն, փաստորեն մերժեց այդ հանդիպումը, որից հետո Էրդողանը զանգահարեց նրան: Դրան զուգահեռ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան չի տեսնում գործընթացում և քննարկումներում որևէ երրորդ կողմի ներգրավման իմաստ: Արդյոք Պուտինն ու Էրդողանը զանգի ընթացքում եկե՞լ են պայմանավորվածության, որ «երրորդ» մասնակցություն կլինի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, ոչ այլ:
Հետաքրքիր է, որ Պուտինից հետո Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Ինչ օրակարգ է շոշափվել Չավուշօղլուի և համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը: Հարցը արդիական է նաև այն իմաստով, որ հանդիպումը տեղի է ունենում Էրդողանի՝ Բաքու այցից հետո, որը փետրվարի 25-ին էր:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուի և համանախագահների հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի նախագահի աշխատակազմը տարածեց տեղեկություն, որ մարտի 5-ին Էրդողանը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: Փաստորեն, հանդիպումը տեղի կունենա Պուտինի «կանոններով»: Արդյոք դրա մե՞ջ էր մտնում նաև Չավուշօղլուի և համանախագահների հանդիպումը:
1in.am