Հոկտեմբեր 14, 2020 18:50 Asia/Tehran
  • Այլ երկրներից ավազակախմբերի ներքաշումը հակամարտության մեջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է անում դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները, որոնք յուղ են լցնում հակամարտության վրա Լեռնային Ղարաբաղում:

«Պետք է դադարեցնել ցանկացած սադրիչ հայտարարություն այս կամ այն ​​կողմից, որոնք թույլ չեն տալիս ինչ-որ կերպ կայունացնել իրավիճակը, այլ միայն յուղ են լցնում կրակի վրա եւ [խարխլում են] բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ լուծում գտնելու իրական ցանկությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Մատվիենկոն հիշեցրել է, որ ոչ միայն Ռուսաստանն է կոչ է անում լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով. հայտարարություն է արվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների ղեկավարների կողմից:

Նրա խոսքով` հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծում չունի, եւ սա սկսում է հասկանալ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը: «Ցանկացած շփում, ցանկացած կոնտակտ, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսազրույց, իհարկե, կրակոցներից լավ է: Եվ մենք շատ լավ զրույցներ ունեցանք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ: Եվ, իհարկե, նրանք նույնպես չափազանց մտահոգված են այն ամենի կապակցությամբ, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր սեփական ճշմարտությունը,- ասել է նա:- Մեր դիրքորոշումը անփոփոխ է, համառ, եւ մենք այն կիրականացնենք, եւ մեր երկրի նախագահը շատ բան է անում արդյունքի հասնելու համար. անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, անմիջապես դադարեցնել կրակը»,- շեշտել է Մատվիենկոն:

«Անկախ նրանից, թե ով ինչ է պնդում` ինձ թվում է, որ երկու կողմերն էլ արդեն սկսում են հասկանալ, որ ռազմական լուծում չկա, եւ մենք բազմիցս ասել ենք այդ մասին: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, կան միայն բանակցություններ, միայն փոխադարձ փոխզիջումներ երկու կողմերից, միայն երկուստեք ընդունելի լուծման որոնում»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը` արձանագրելով, որ «դիկտատով կողմերից որեւէ մեկը որեւէ բանի չի հասնի»:

Նա նշել է, որ այլ երկրներից ժամանող ավազակային կազմավորումների ներքաշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, եւ այդ հակամարտության միջազգայնացումն անընդունելի է: «Չնայած դա հերքվում է` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ շատ այլ երկրների արտաքին հետախուզական ծառայություններն արդեն հայտարարել են, որ ավազակային կազմավորումների, այլ պետությունների ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը [արձանագրվում է], [որ այլ երկրներից ավազակային կազմավորումները] մասնակցում են այդ ռազմական գործողություններին [Ղարաբաղում]»,- նշել է խոսնակը:

«Սա արդեն շատ լուրջ պատմություն է եւ շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համար. այն մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»,- շեշտել է նա: «Այս լուրջ առճակատման միջազգայնացումն անընդունելի է: Չի կարելի ներքաշել այլ պետությունների, հակառակ դեպքում դա կարող է ընդհանրապես մեծ փորձանքի հանգեցնել»,- ասել է:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Պիտակ