ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում
Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.
1-Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա,
2-Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և գործող նախագահի մշտական ներկայացուցչին (PRCiO) տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,
3-Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով,
4-Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը։
5-«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, այնուհետև կայացել է համանախագահների և նախարարների համատեղ հանդիպումը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Փեթեր Մաուրերի հետ:
ԼՂ-ի (Արցախ) դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio