ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան․ քննարկվելու է ԼՂ հակամարտությունը
(last modified Sun, 14 Mar 2021 13:29:43 GMT )
Մարտ 14, 2021 16:59 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան․ քննարկվելու է ԼՂ հակամարտությունը

Նախատեսված են հանդիպումներ ոչ միայն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ։ Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ է արվելու նաև այն հարցին, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՆՆ Լինդեն հանդիպումներ է ունենալու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը Twitter-ի իր էջում գրառում էր կատարելով՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Շվեդիայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել է 2020-ի տարեվերջին։

Լինդեն, սակայն, այս տարվա փետրվարին այցելել էր տարածաշրջան. նա եղել էր Վրաստանում, որից հետո այցելել էր Մոլդովա։

ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում նա դեռ չի եղել Հայաստանում և Ադրբեջանում։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում հանդիպել էր Անն Լինդեի հետ: Հանդիպմանը քննարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Իսկ հունվարի 20–ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել էր ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ