ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի կլինի հասնել դիվանագիտական լուծման:
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային լարվածությունը մեղմվի: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում: «Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը և հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ կարելի կլինի հասնել դիվանագիտական լուծման»,- ասել է Լինդեն:
ԵԱՀԿ գործող նախագահը նաև հայտնել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը և ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio