Մինսկի խմբի համանախագահները կարող են մեկնել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը չի բացառում, որ այցը հնարավոր դառնա շատ մոտ ժամանակներում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող էին մոտ ժամանակներում պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շատ կարևոր է, որ համանախագահներին (ԵԱՀԿ Մինսկի խմբի) այնուամենայնիվ հաջողվեր մոտ ժամանակներում հայտնվել տարածաշրջանում ու տեղում ճշտեր իրավիճակը, խոսեր կողմերի հետ արդեն տեղում,-ասել է նա,- Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություններ կստեղծվեն ամենամոտ ժամանակներում»,-նշել է Լուկաշևիչը։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio