Անն Լինդե«Կոչ ենք անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները». Անն Լինդե
(last modified Fri, 30 Jul 2021 08:26:48 GMT )
Հուլիս 30, 2021 12:56 Asia/Tehran
  •  Անն Լինդե«Կոչ ենք անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները». Անն Լինդե

Շվեդիայի արտգործնախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում չլուծված հարցերին խաղաղ լուծում տալ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter–ի իր էջում գրառում է կատարել` կապված հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունների հետ։

«Հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Կոչ ենք անում կողմերին` հենվել վերջերս տեղի ունեցած մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ չլուծված հարցերին խաղաղ լուծում տալու համար»,–ասել է նա։

​Նշենք, որ երեկ` հուլիսի 29–ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Նման կոչ էր արել նաև Գերմանիան և Ֆրանսիան` հորդորելով կողմերին վերսկսել քաղաքական գործընթացները։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել.  Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

armeniasputnik.am

 

 

 

Պիտակ