Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i156272-Լավրովը_և_ԵԱՀԿ_գործող_նախագահը_կքննարկեն_ԼՂ_հակամարտության_կարգավորման_հարցը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 14:46 Asia/Tehran
  • Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:

Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում», - հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին խոշոր սրացումը գրանցվել է 2020 թվականի աշնանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով: Արցախյան երկրորդ պատերազմը ավարտվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ: Այդուհանդերձ, նոյեմբերի 9-ի և հաջորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեղան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակեց իր ագրեսիան արդեն Հայաստանի Հանրապետության դեմ: 2021 թ. նոյեմբերի 16-ին ռազմական լայնածավալ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանագոտում: Երևանը հայտարարեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ ռազմական օգնության համար դիմելով իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը:

Armenpress.am