Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձեւը
Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձեւը։
Քվեարկությանը մասնակցել է 679 պատգամավոր, որից 635-ը կողմ է արտահայտվել բանաձեւի ընդունմանը, 2 պատգամավոր դեմ է եղել, 42-ը՝ ձեռնպահ։
Բանաձեւը խորը մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի տարածած պատմության առնչությամբ, որտեղ հայկական մշակութային ժառանգության վայրերը ներկայացվում են որպես ալբանական ծագում ունեցող, իսկ հայկական հուշարձանները վերանվանվում են «կովկասյան-ալբանական»:
Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որի առջեւ առաջադրանք է դրված «ջնջել կեղծ գրությունները» Լեռնային Ղարաբաղի նրա վերահսկողության տակ գտնվող կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարեւան ժողովուրդների մշակութային ժառանգության անիրավաչափ թալան՝ նրանց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ «Այս որոշումը խախտում է Միջազգային դատարանի 2021թ․ դեկտեմբերի 7-ի վճիռների ոգին»,- նշվում է փաստաթղթում։
Բացի այդ, բանաձեւը Ադրբեջանից պահանջում է համապատասխան կառույցներին, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Aliph-ը կամ Iconem-ը, հասանելիություն տրամադրել նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում ժառանգության օբյեկտներին, որպեսզի կարողանան սկսել դրանց գույքագրումը եւ ապահովել պաշտպանությունը: Նա նաեւ վճռականորեն կոչ է անում մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելությունը չմիջամտել հայկական ժառանգության օբյեկտներին եւ խորհրդակցություններ անցկացնել մշակութային ժառանգության հայ եւ միջազգային փորձագետների հետ՝ հայկական մշակութային ժառանգության օբյեկտներում միջամտությունից առաջ եւ դրա ընթացքում:
Փաստաթղթում նաեւ մտահոգություն է արտահայտվում հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, եւ կողմերին կոչ է արվում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել վերջերս սկսված քաղաքական երկխոսությունը։
news.am