Արցախցիները Ֆրանսիայի իշխանություններին հորդորում են ճանաչել Արցախը. ակցիան շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i166914-Արցախցիները_Ֆրանսիայի_իշխանություններին_հորդորում_են_ճանաչել_Արցախը._ակցիան_շարունակվում_է
Արցախից տեղահանվածները, շարունակելով բողոքի ակցիան, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կոչերով դիմեցին այդ երկրի իշխանությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 10:00 Asia/Tehran
  • Արցախցիները Ֆրանսիայի իշխանություններին հորդորում են ճանաչել Արցախը. ակցիան շարունակվում է

Արցախից տեղահանվածները, շարունակելով բողոքի ակցիան, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կոչերով դիմեցին այդ երկրի իշխանությանը։

«Խնդրում ենք լիազորությունների շրջանակում դե յուրե ճանաչել դե ֆակտո Արցախի Հանրապետությունը, ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահների լիարժեք մասնակցությունը ԼՂ բանակցության գործընթացներին»,– ասաց ակցիայի մասնակից Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին համայնքի բնակիչներով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և խնդրել հումանիտար ապաստան տրամադրել իրենց երկրում։ Նամակի պատասխանը ստացել են 2022 թվականի փետրվարի 7-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի անունից, որն առաջարկել է կապ հաստատել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

Արցախից տեղահանվածները դեսպան Անն Լույոյին ուղղված նամակ հանձնեցին դեսպանատանը` խնդրելով հանդիպում կազմակերպել «Հանուն Հադրութի» ՀԿ–ի նախագահ Լևոն Հայրիյանի, «Շուշիի հայրենակցական միություն» կազմակերպության նախագահ Աշոտ Հարությունյանի և Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանի հետ` խնդրանքն ու հարցերը համատեղ քննարկելու նպատակով։

Նամակը գրված էր երկու լեզվով` հայերեն և ֆրանսերեն։

Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատան մոտից հասան ՌԴ դեսպանատան մոտ։

Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել նաև կառավարության դիմաց` պահանջելով իշխանություններից լուծել Արցախի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրները։

armeniasputnik.am