Ապրիլ 12, 2022 19:32 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են ՀՕՊ համակարգի հետագա միավորումը

ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգող կոմիտեի 54-րդ նիստում քննարկել են ՀՕՊ միասնական համակարգի հետագա զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտարարել է համակարգող կոմիտեի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։

«Հանդիպման օրակարգին համապատասխան՝ քննարկվել են ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը վերաբերող յոթ հարցեր: Համակարգող կոմիտեի նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բազմակողմ համակարգի կատարելագործման երկարաժամկետ պլանավորմանը և երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ սահմանվել են նաև 2022 թվականի անելիքներ, հավանության են արժանացել այս տարի համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկները, քննարկվել են ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի զարգացման համար հատկացումներ տրամադրելու ֆինանսական հարցերը։

ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը ստեղծվել է ԱՊՀ 10 երկրների միջև 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Փաստաթղթի ժամկետն անսահմանափակ է, այլ երկրներ ևս կարող են միանալ համաձայնագրին։

armeniasputnik.am

Պիտակ