Արցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ գազամատակարարումը երեկ կրկին արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:
«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ
armeniasputnik.am