Մայիս 30, 2016 15:16 Asia/Tehran
  • Բելգիայում երկաթուղայինների գործադուլը կանգնեցրել է տրանսպորտի երթեւեկությունը

Գնացքների եւ ավտոտրանսպորտի երթեւեկությունը գործնականում ամբողջությամբ կանգնեցվել է Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում երկաթուղայինների գործադուլի պատճառով, հայտնում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

Չորեքշաբթիից Վալոնիայում անցկացվող ինքնաբուխ բողոքի ակցիայի շարունակման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ուրբաթ անարդյունք են ավարտվել արհմիությունների բանակցությունները ղեկավարության հետ` երկաթուղայինների համար լրացուցիչ հանգստի օրերի վերաբերյալ:

Երկաթուղայինների ակցիայի արդյունքում շրջանի ավտոմոբիլային մայրուղիներում 500 կմ ընդհանուր երկարությամբ կուտակումներ են առաջացել:

Ավելի վաղ Բելգիայի Երկաթուղայինների ազգային ընկերակցության արհմիությունը հայտնել էր մայիսի 30-31-ին իր անդամների համընդհանուր մեկօրյա գործադուլ կազմակերպելու մասին: Արհմիության գլխավոր քարտուղար Միշել Աբդիսիի խոսքով, բողոքի ակցիայի հետ կապված Բելգիայի տարածքում գնացքների ներքին երթեւեկություն չի իրականացվի մայիսի 30-ի տեղի ժամանակով 22.00-ից մինչեւ մայիսի 31-ի 22.00-ն: Այն մասին, թե գործադուլն ինչ հետեւանքներ կունենա միջազգային գնացքների վրա, չի հաղորդվում:

Երկաթուղայինները մտադիր են իրենց ակցիայով բողոք արտահայտել խիստ խնայողության քաղաքականության, թոշակի անցնելու տարիքի ավելացման եւ աշխատանքային շաբաթը երկարացնելու պլանների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պիտակ