Մարտ 23, 2023 17:49 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին

Ռուսաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցրել է ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մոտեցումները:

Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում կառավարության 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս։

«Ապրանքաշրջանառությունն ավելի մեծացնելու համար միավորման ներսում անկախ ֆինանսական համակարգ ենք զարգացնում։ Համաձայնեցրել ենք նաև ազգային արժույթների օգտագործման ընդլայնման մոտեցումները։ Անցյալ տարի միայն ապրանքների մասով դրանց մասնաբաժինը 85 տոկոս է կազմել։ Նախատեսում ենք շարունակել դրանցում հաշվարկների ավելացումը», - ասել է Միշուստինը։

Հունվարի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր 2023 թվականին ԱՊՀ-ի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ ազգային արժույթներով վճարումների առևտրի աճի առաջանցիկ տեմպեր ապահովել։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

armeniasputnik.am

Պիտակ