Մայիս 25, 2023 19:23 Asia/Tehran
  • Ալիեւը հայտարարել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության աճի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության աճի մասին:

«Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է 30 տարվա ընթացքում։ Անցած տարի ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով եւ կազմել 4,7 մլրդ դոլար։ ԵԱՏՄ երկրներին 2022 թվականին բաժին է ընկել Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ 9 տոկոսը»,-ասել է Ալիեւը հինգշաբթի օրը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նրա խոսքով՝ այս տարվա հունվար-ապրիլին փոխադարձ առեւտրի ծավալն աճել է եւս 38 տոկոսով։ «Մենք մեծ ներուժ ենք տեսնում ապրանքաշրջանառության հետագա աճի համար»,-հավելել է Ալիեւը:

Անդրադառնալով Ադրբեջանի տրանսպորտային հնարավորություններին՝ նա նշել է, որ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը թույլ է տալիս բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ: «Ադրբեջանն ունի ամենամեծ առեւտրային նավատորմը Կասպից ծովում՝ ավելի քան 50 նավ։ Ալյաթ ծովային նավահանգիստը, որը նախատեսված է 15 մլն տոննա բեռ փոխադրելու համար, մոտ ժամանակներս կարդիականացվի, եւ բեռնափոխադրման ծավալը կհասնի 25 մլն տոննայի»,-ասել է Ալիեւը։ Նա նաեւ հայտնել է, որ Բաքվում գործում է նավաշինարան, որը կարող է պատրաստել ցանկացած տեսակի նավ։ 

«Ադրբեջանը նաեւ Հյուսիս-Հարավ նախագծի մասնակից է։ Մենք նախաձեռնել ենք նաեւ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ոչ միայն Ադրբեջանը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ կդառնա միջազգային երկաթուղային երթուղիների մի մասը»,-ասել է Ալիեւը։

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունի միջանցք Հայաստանի տարածքով, ընդ որում, Բաքվում նկատի են ունենում ճանապարհի արտատարածքային բնույթը։

news.am

Պիտակ