Հունիս 08, 2023 16:19 Asia/Tehran
  • ՀՀ պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների նիստին

Հայաստանի ներկայացուցիչները Բաքվում մասնակցում են ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը հաստատեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունը գլխավորում է սահմանապահ զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հայաստանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Մոսկվայից։

Նշենք, որ Բաքվում այսօր ընթանում է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները:

Նշենք, որ Սոչիում հունիսի 7-8-ը տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի և միության թվային օրակարգի հետագա զարգացումը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ավարտին ստորագրվել է համաձայնագիր` ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին։

 

Պիտակ