Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i207084-Լեմկինի_ինստիտուտը_աշխարհի_առաջնորդներին_մեղադրել_է_ԼՂ_ում_ցեղասպանությանը_մեղսակցության_մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 09:36 Asia/Tehran
  • Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», - գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։

Ըստ ինստիտուտի հայտարարության. «Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ»։

«Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները», - նշված է գրառման մեջ։

armenpress.am