Չէինք ուզի` արևմտյան «բարեկամները» խաբեն ՀՀ ժողովրդին. ՌԴ ԱԳՆ-ն` բանակցությունների մասին
(last modified Wed, 06 Dec 2023 13:37:36 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 17:07 Asia/Tehran
  • Չէինք ուզի` արևմտյան «բարեկամները» խաբեն ՀՀ ժողովրդին. ՌԴ ԱԳՆ-ն` բանակցությունների մասին

Ռուս դիվանագետը քննադատել է Ղարաբաղի հարցում Արևմուտքի միջնորդության արդյունքները:

Ռուսաստանը բոլորովին չէր ուզի, որ իրենց միջնորդական ծառայություններն առաջարկող արևմտյան «բարեկամները» խաբեն Հայաստանի ժողովրդին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը։ Նա նշեց, որ Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների է հրավիրել ՌԴ-ում և երրորդ երկրներում։

«Մենք Մոսկվայում և երրորդ երկրներում բազմակողմ բանակցությունների շրջանակում հանդիպելու հրավերներ ենք ուղարկել երկրներին։ Բաքվում միշտ հաստատել են բանակցություններ վարելու պատրաստակամությունը։ Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հնարավոր է` նրանք կարծում են, որ Փարիզի, Վաշինգտոնի, Բրյուսելի նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան առաջարկել»,-նշել է Զախարովան։

Նրա խոսքով` պետք է հիշել նախորդ այդպիսի փորձը։ Թե ինչի հանգեցրին ԵՄ հովանու ներքո «հավաքները», այդ թվում` Պրահայում և Բրյուսելում, բոլորը տեսան։

«Հնարավոր է, որ հայ ժողովուրդն այդ մասին տեղյակ չէ, քանի որ նրան ամեն ինչի մասին չեն տեղեկացնում,–կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը,– այնպես չլինի, որ կրկնվի. հիմա էլ լավագույն ընկերների անվան տակ Հայաստանին այնպիսի խորհուրդներ տան, որ հետո հերթական անակնկալի հանգեցնի։ Եվս մեկ անգամ ասում եմ` հենց այդպես է տեղի ունեցել Պրահայում և Բրյուսելում»։

Ռուս դիվանագետի կարծիքով` հենց «արևմտականների» պատճառով է, որ համապատասխան փաստաթղթերում ոչ մի բառով չեն հիշատակվում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը։

«Եթե դրանք նշված լինեին (իսկ դա կարելի էր շատ հեշտ անել), ապա հարցեր չէին առաջանա, թե ինչ պետք է անեն այն մարդիկ, որոնք լքել են իրենց տները` հույսը դնելով Երևանի իշխանությունների վրա, որոնք նրանց շատ բան էին խոստացել։ Կրկին` արևմտամետների ձեռքով։ Բայց նրանց իրավունքները ո՛չ գրվել էին, ո՛չ էլ հիշատակվել»,-ասել է Զախարովան։

Հարց է առաջանում, թե դեռ որքան ժամանակ «արևմտականները» պետք է իրենց դրսևորեն, որպեսզի պարզ դառնա, որ նրանք երբեք չեն գործելու ի շահ այլ երկրների ժողովուրդների։ Նրանք միշտ գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած բոլոր երկրները նրանց պետք են դրանք իրականացնելու համար։