Ապրիլ 17, 2024 09:44 Asia/Tehran
  • Վրաստանում բերման են ենթարկում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողներին

Վրաստանի հատուկջոկատայինները սկսել են ցրել և բերման ենթարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողներին։

Մի քանի հազար մարդ արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցիա է անում խորհրդարանի շենքի դիմաց։ Նրանք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, որը խորհրդարանը քննարկում է առաջին ընթերցմամբ։ Առավոտից խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են նաև հատուկ նշանակության և ոստիկանական ուժերը։

ՆԳՆ-ն բարձրախոսներով կոչ է արել լքել խորհրդարանի հետնամուտքը, սակայն ցուցարարները հրաժարվել են, փորձել են փակել մուտքը։
Վրաստանի հատուկջոկատայինները սկսել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել։

Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումն ընթանում է հակառակորդների բողոքի ֆոնին, օրինագիծը քննադատել են նաև արևմտյան երկրների դիվանագետները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օրինագիծը համապատասխանում է բոլոր իրավական սկզբունքներին և դրա միակ նպատակը ՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսների բացահայտումն է: Նա խոստացել է, որ օրինագծի բաց քննարկում կանցկացվի։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին զայրացրել է արևմտյան դեսպանների դժգոհությունը։ «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ որևէ զարգացած երկրում դիվանագետը միջամտի, թե ինչ օրենք կամ որոշում պետք է ընդունի խորհրդարանը»,– ասել է նա։

Փաստաթղթի պատճառով Վրաստանի մի շարք քաղաքներում ակցիաներ են անցկացվել։ Մեկ տարի առաջ նմանատիպ նախաձեռնության պատճառով Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։