Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
(last modified Tue, 11 Jun 2024 14:56:31 GMT )
Հունիս 11, 2024 18:26 Asia/Tehran
  • Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Էկոլոգիական և մարդածին գործոններով պայմանավորված օդի աղտոտվածությունը մոտավորապես 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել 1980-ից մինչև 2020 թթ. ընկած ժամանակաշրջանում:

Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Սինգապուրի Նանյանի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։

Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ PM 2,5 (2,5 միկրոնի չափի) մանրադիսպերս պինդ մասնիկները, որոնք առաջանում են արդյունաբերական և տրանսպորտային արտանետումների հետ, ինչպես նաև բնական երևույթների հետևանքով, վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա՝ արյունատար համակարգ ներթափանցելու ունակության պատճառով: Հետազոտողները կարծում են, որ միկրոմասնիկներով օդի աղտոտումը դարձել է կաթվածների, ուռուցքային հիվանդությունների, սրտի ու թոքերի հիվանդությունների պատճառներից մեկը։

1980-ից մինչև 2020 թվականը Ասիայի երկրներին բաժին է ընկել օդի աղտոտվածությամբ պայմանավորված ավելի քան 98 միլիոն վաղաժամ մահ: Մասնավորապես, ամենից շատ տուժել են Չինաստանը և Հնդկաստանը, ինչպես նաև Բանգլադեշը, Ինդոնեզիան, Պակիստանը և Ճապոնիան։

Պարբերականը մեջբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն, տարվա ընթացքում 6,7 միլիոն վաղաժամ մահերը կապված են «շենքերի ներսում և դրսում օդի աղտոտվածության համակցված ներգործության հետ»։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ օդի աղտոտվածությունը PM 2,5 մասնիկներով շարունակում է մնալ եվրոպացիների առողջության համար հիմնական սպառնալիքներից մեկը։ Նրա խոսքով՝ միայն 2021 թ. դա լրջորեն ազդել է մոտավորապես 253 հազար մարդու առողջության վրա և, ի վերջո, հանգեցրել նրանց մահվան։