Հունիս 28, 2024 12:05 Asia/Tehran
  •   Իրանի նախագահի ընտրության քվեարկությունը Երևանում

Երևանում ԻԻՀ դեսպանատանը եռուզեռ է. ԻԻՀ քաղաքացիները նախագահ են ընտրում։

Ընտրողները քվեաթերթիկի վրա դնում իրենց մատնահետքը, իսկ հետո քվեախցիկում գրում իրենց նախընտրած թեկնածուի անունը։

Ընտրողների շարքերում կան նաև ազգությամբ հայեր, որոնք Իրանի քաղաքացի են ու այս պահին ՀՀ–ում են։

ԻԻՀ դեսպանատանն առաջինն իր ընտրությունը կատարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8–ին և կավարտվի 19։00–ին, անհրաժեշտության դեպքում ժամերը կավելացվեն։

Այս պահին դեռևս չկա հստակ թիվ, թե Իրանի քաղաքացիներից քանիսն է մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր են  բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։

Նշենք, որ Իրանի նախագահի աթոռի համար պայքարում են   Մոստաֆա Փուրմոհամադին,   Սաիդ Ջալիլին,   Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և  Մասուդ Փեզեշքիանը:

Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո։

 

Պիտակ