Հունիս 30, 2024 15:11 Asia/Tehran
  • Միրզոյանը Բորելի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում։

«Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը:

 

Պիտակ