Փետրվար 02, 2016 16:27 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Հունգարիան Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի հարցերին պետք է պատասխանեն մինչև մայիսի 12-ը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին և Հունգարիային մինչև մայիսի 12-ը ժամանակ է տվել պատասխանելու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով դատարանի կողմից այդ պետություններին ուղղված հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՄԻԵԴ-ում դիմումատու` հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների շահերի պաշտպան Նազելի Վարդանյ անը, դիմող կողմը ձգտում է ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչվի կողմ, քանի որ Գուրգեն Մարգարյանը Հայաստան պետությունը ներկայացնող զինծառայող էր, երբ դաժանաբար սպանվեց ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովի կողմից:«Այն, որ դատարանը գործն ընդունել է վարույթ և արդեն մեկնարկել է հաղորդակցության փուլը, մեծ առաջընթաց է: Մենք դրան երեք տարի սպասել ենք, քանի որ հայցը ներկայացրել էինք 2013թ. փետրվարի 28-ին»,-ասել է Վարդանյանը:

ՄԻԵԴ-ում Գուգեն Մարգարյանի հարազատների շահերը ներկայացնում են նաև ՄԻ եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայկական հասարակական Legal Guide կազմակերպությունը: Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է պարտավորեցնել ոճրագործին հետ հանձնել Հունգարիային կամ կրել պատժի մնացած մասը հենց Ադրբեջանում: Վճիռը կարող է ենթադրել նաև դրամական պատասխանատվություն:

Մարգարյանի հարազատները նաև շեշտում են, որ հայ սպան զոհ է դարձել ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործության, որն ավելի ուշ արդարացում է ստացել մարդասպանին ներում շնորհելու և ազատ արձակելու միջոցով։ Հունգարիան իր հերթին ինչպես ընդգծել են գանգատ ներկայացնողները, արտահանձնել է Սաֆարովին Ադրբեջանին առանց երաշխիքներ ստանալու, որ հանցագործն այդ երկրում կրելու է իր դատավճռով սահմանված պատիժն ամբողջությամբ։ Գանգատ է ներկայացրել նաև Հայկ Մակուչյանը, որին, ինչպես պարզել է դատարանը, ցանկացել է սպանել Սաֆարովը Բուդապեշտում նույն միջադեպի ժամանակ։

Պիտակ