Չինաստանը հյուրընկալեց ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության և քույր քաղաքների 2025-ի ֆորումը
(last modified Sat, 05 Jul 2025 09:31:46 GMT )
Հուլիս 05, 2025 13:01 Asia/Tehran
  • Չինաստանը հյուրընկալեց ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության և քույր քաղաքների 2025-ի ֆորումը

Չինաստանի Շենյան քաղաքում հուլիսի 3-5-ը տեղի ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպության ժողովրդական դիվանագիտության և ՇՀԿ քույր քաղաքների համաժողովը։

Համաժողովը նպատակ ունի ամրապնդել մարդկանց միջև կապերը, միավորել ջանքերը ժողովրդական դիվանագիտության ոլորտում և խթանել գործնական տնտեսական համագործակցությունը տեղական մակարդակում։

Միջոցառումն այս տարի համախմբեց մոտ 400 մասնակից ՇՀԿ-ի ավելի քան 20 երկրից, այդ թվում` պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, կազմակերպության քարտուղարության ղեկավարներ, Չինաստանում դիվանագիտական առաքելությունների ​​ներկայացուցիչներ, ՇՀԿ երկրների բարեկամական կազմակերպությունների ղեկավարներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար ասոցիացիաների, ձեռնարկությունների ներկայացուցիչներ: 

Միջոցառման բացման հիմնական խոսքում Համաչինաստանյան ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ և ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի նախագահ Շեն Յուեյուեն ընդգծեց, որ 2024-2025 թվականներին ՇՀԿ-ի նախագահությունը ստանձնած Չինաստանը կրկին հյուրընկալում է համաժողովը՝ կազմակերպության երկրների ժողովուրդների միջև բարեկամական համագործակցությունը խթանելու համար։

Նա կոչ արեց պահպանել միասնությունն ու համագործակցությունը, զարգացնել «Շանհայի ոգին»` պարտավորվելով կիսել ընդհանուր ճակատագիրն ու սերնդեսերունդ փոխանցել դարավոր բարեկամությունը։

«Մենք պետք է հետևենք ընդհանուր ու փոխադարձ շահի սկզբունքներին և խթանենք ընդհանուր զարգացումը»,- ասաց Շեն Յուեյուեն` հավելելով, որ բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն բաց լինելու և ներառականության սկզբունքներով, խորացնեն փոխանակումներն ու փոխադարձ ուսուցումը։

Նա կարևորեց նաև ՇՀԿ երկրների միջև  բարեկամության և համագործակցության սերտ ցանցի ստեղծումն ու ավելի սերտ համայնքի կառուցման խթանումը։

«Ժողովուրդների բարեկամության ամրապնդում, կայուն զարգացման խթանում» թեմայով համաժողովի շրջանակներում անցկացվեց նաև երեք ցուցահանդես («Նույն երկնքի տակ» խորագրով ՇՀԿ երկրների մանկական նկարների, ՇՀԿ երկրների բարեկամ ժողովրդական դիվանագիտության ոլորտում ձեռքբերումները ներկայացնող լուսանկարների, գիտական ​​և տեխնոլոգիական նորարարությունների և առաջադեմ արտադրության ոլորտում նվաճումների ցուցահանդեսներ), ինչպես նաև՝ երեք զուգահեռ ենթաֆորումներ (Քույր քաղաքների հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության, Շենյանի քույր քաղաքների առևտրատնտեսական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովներ, Երիտասարդական գիտական ​​և տեխնոլոգիական նորարարությունների և առաջադեմ արտադրության, «Աշխարհի լույս»՝ խաղաղ և բարեկամական ֆորում՝ նվիրված ճապոնական ագրեսիայի դեմ պայքարում  չինացի ժողովրդի տարած հաղթանակի 80-ամյակի և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում հաղթանակներին)։

Համաժողովի արդյունքներով հրապարակվեց երկու հայտարարություն` «ՇՀԿ երկրների ժողովրդական փոխանակումների կայուն զարգացման վերաբերյալ գործողությունների ընդհանուր դիրքորոշումը» և «ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության ֆորումի ու ՇՀԿ-2025 թվականի քույր քաղաքների ֆորումի արդյունքների վերաբերյալ Շենյանի նախաձեռնությունը»։

 Միջոցառման շրջանակներում Չինաստանի` ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեն և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ժողովրդական ասոցիացիան ստորագրեցին համաձայնագրեր ՇՀԿ երկրների կազմակերպությունների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Բացի այդ, Շենյան քաղաքի մի շարք կարևոր ձեռնարկություններ տնտեսական նախագծերի վերաբերյալ համագործակցության համաձայնագրեր ստորագրեցին  ՇՀԿ երկրների համապատասխան ձեռնարկությունների հետ։

Միջոցառման ընթացքում ՇՀԿ երկրների բարեկամական կազմակերպությունների, քույր քաղաքների և ձեռնարկությունների ներկայացուցիչները  քննարկեցին Չինաստանի և այլ երկրների տարածաշրջանների միջև տարբեր ոլորտներում փոխանակումների և համագործակցության հնարավորությունները, կիսվեցին զարգացման փորձով։

 Համաժողովի կազմակերպիչներն են ՇՀԿ Չինաստանի Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեն, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության Չինաստանի ժողովրդական ասոցիացիան` Լյաոնին նահանգի, ինչպես նաև Շենյանի ժողովրդական կառավարությունները։

ՇՀԿ` Չինաստանի Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի հետ Հայաստանը համագործակցում է ի դեմս  «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի։