Ղարաբաղյան կարգավորում. ԱՄՆ բարձր մակարդակի զգուշացումը Ռուսաստանին
Հուլիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաների շարքում զարմանալիորեն բացակայում էր ղարաբաղյան թեմատիկան:
Այդ բացակայությունը, առնվազն պաշտոնական հաղորդագրության մեջ, բավական տարօրինակ էր հատկապես այն ֆոնին, որ հուլիսի 4-ին Լավրովն այդ կապակցությամբ բանակցություններ էր վարել Հայաստանում: Դրան զուգահեռ՝ ապրիլյան պատերազմից հետո բավականին հաճախակիացած Լավրով-Քերի հեռախոսազրույցներում Ղարաբաղյան խնդիրը քննարկված առաջնային թեմաներից էր, և այդ ֆոնին առավել ևս տարօրինակ էր դրա բացակայությունն այս անգամ: Սակայն մեկ օր անց տեղի ունեցավ Օբամա-Պուտին հեռախոսազրույց, որը կարծես թե ամեն ինչ դրեց իր տեղը և փակեց զարմանքի առիթները:
Բանն այն է, որ Պուտինն ու Օբաման ղարաբաղյան թեման քննարկել էին, Պուտինը հայտնել էր Սանկտ Պետերբուրգի քննարկումների մանրամասներ, Օբաման էլ բարձր էր գնահատել հակամարտության կարգավորման ռուսական ջանքը: Այդպիսով՝ ունենք հուլիսի 5-ին Քերի-Լավրով զրույց, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չկա Ղարաբաղի մասին ոչինչ, և մեկ օր անց ունենք Օբամա-Պուտին հեռախոսազրույց, որտեղ կա ղարաբաղյան թեմայի քննարկում:
Սա վկայում է այն մասին, որ առկա է մի իրավիճակ, երբ Ղարաբաղյան հարցն ունեցել է նախագահական մակարդակով քննարկման կարիք: Սա կարող է հուշել երկու բանի մասին. կա՛մ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև այս հարցում քննարկումներն ու համաձայնության փորձերը հասել են մի կետի՝ կարևոր և վճռորոշ կետի, որտեղ ամեն ինչ պետք է պայմանավորվի արդեն նախագահական մակարդակում, և արտգործնախարարները ըստ էության տվյալ պահին խոսելիք չունեն, կա՛մ էլ այստեղ տարաձայնությունները հասել են այնպիսի լուրջ կետի, որ կրկին արտգործնախարարների մակարդակում դրանց քննարկումները ոչինչ չեն տալիս, և կարիք է առաջացել խոսել նախագահական մակարդակով:
Այդ կոնտեքստում չի բացառվում, որ ԱՄՆ-ը կարիք է զգացել Ռուսաստանին, այսպես ասած, ինքնուրույն նախաձեռնությունների անցանկալիության մասին զգուշացնել նախագահական մակարդակում, քանի որ արտգործնախարարների մակարդակով խնդիրը չի լուծվել: Ասել է թե՝ Քերին Լավրովի հետ չի խոսել, որպեսզի Պուտինի հետ խոսի Օբաման և ասի՝ ինչ հարկն է:
Բանն այն է, որ Սանկտ Պետերբուրգում ռուսական նախաձեռնությամբ հանդիպումից հետո ակնհայտ էին կասկածները ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների մոտ, որ Ռուսաստանը եռակողմ ֆորմատի վերականգնմամբ ոչ թե փորձում է լրացնել Մինսկի համանախագահ եռյակի ձևաչափը և օգնել գործընթացին, այլ դրա անվան տակ սկսել կուլիսային առանձին խաղ:
Ռուս-թուրքական հաշտության հանկարծակի և արագ բռնկումը էլ ավելի խորացրեց այդ կասկածները: Եվ ըստ երևույթին անհրաժեշտություն առաջացավ Ռուսաստանին զգուշացնել բավական բարձր մակարդակով:
Այս տեսանկյունից, դատելով միջնորդ երկրների հայտարարած օրակարգերից ու նպատակներից, Ռուսաստանին ուղղված այդ զգուշացումները միանշանակ բխում են հայկական կողմի շահերից, քանի որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի արած հայտարարությունները և Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ լռելու ՌԴ բազմանշանակ կոչը վկայեցին, որ քննարկվել են ամենևին ոչ այն հարցերը, որոնք եղել են Վիեննայի սեղանին և վերաբերել են հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրմանը, որը կարևոր է Հայաստանի և Ղարաբաղի համար:
1in.am