Գերտերությունների առաջնորդները ժամանել են Մյունխեն վերսկսելու սիրիական բանակցությունները
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մյունխեն սիրիական ընդհատված բանակցությունները վերսկսելու հույսով: Euronews-ի հաղորդմամբ Քերիի նպատակն է հրադադարի ռեժիմ հաստատել Սիրիայում, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն հասցնել երկրի շրջաններին:
Համաշխարհային տերությունները` այդ թվում Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Իրանը, մասնակցում են բանակցություններին, մինչդեռ Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ չեն միանա բանակցային գործընթացներին, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իրենց դիրքերի ռմբակոծումը: Ըստ լրատվամիջոցների` Մոսկվան առաջարկել է հրադադարի հաստատման ժամկետ սահմանել մարտի 1-ը: Միևնույն ժամանակ պաշտոնական Կրեմլին զայրացրել են ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքներն, ըստ որոնց Ռուսաստանը չկառավարվող ավիացիոն ռումբ է կիրառում Սիրիայի տարածքում, ինչի արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում: Ռուսաստանի արտգործ նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հերքել է ԱՄՆ-ի կողմից հնչած մեղադրանքները` նշելով, որ դրանք միանգամայն անընդունելի են և հիմնված չեն փաստերի վրա:
Ankakh.com
13/2/2016