Փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանում առանց փաստաթղթերի. Berliner Morgenpost
Փախստականների մեծ մասը 2016թ. հունվարին Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Корреспондент-ը` հղում անելով Berliner Morgenpost թերթին։
ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին ամսում ներգաղթյալների մոտ 77%-ը, որոնց սահմանին գրանցել է դաշնային ոստիկանությունը, չեն ունեցել անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր։
Փախստականների ինքնությունը պարզելու անհնարինությունը մեծ դժվարություններ է ստեղծում անվտանգության մարմինների, ինչպես նաև Միգրացիոն և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության համար, որը չի կարող որոշում կայացնել ներգաղթյալին ապաստան տրամադրելու վերաբերյալ, եթե հայտնի չէ նրա ծննդավայրը։
Գերմանական ոստիկանության արհմիության նախագահ Օլիվեր Մալխովը նշել է, որ առանց փաստաթղթերի ժամանող ներգաղթյալները հնարավորություն ունեն բազմակի գրանցվելու` իրենց մասին տարբեր տվյալներ հայտնելով, և դա կարող է սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը։
tert.am
21/2/2016