Վրաստանի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի և Փենսի հետ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այս մասին հայտնում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ Կվիրիկաշվիլին ԱՄՆ է մեկնել Փենսի հրավերով: Վրացական պատվիրակության կազմի մեջ են երկրի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիդ Զալկալիանին և արտաքին կապերով վարչապետի խորհրդական Տեդո Ջապարիձեն:
«Վրացական կառավարության ղեկավարը հանդիպում է անցկացնում Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Կողմերը քննարկում են ռազմավարական համագործակցության հիմնական հարցերը և հարաբերությունների ապագա հեռանկարները», - հայտնել է մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Վրաստանի վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում նա հանիպում է անցկացնում Թրամփի հետ Սպիտակ տանը:
«Մենք բավական երկար հանդիպում ենք ունեցել փոխնախագահի հետ: Մենք ամփոփել ենք 25-ամյա հարաբերությունները. այս տարի նշում ենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք շատ ամուր երաշխիքներ ենք ստացել ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով գործընկերության խորացման տեսակետից», - ասել է վարչապետը:
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտի համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր:
«Նախագահից մենք նաև ստացել ենք շատ հստակ ուղերձներ Վրաստանն աջակցելու տեսանկյունից, և ընդհանուր առմամբ կարծում ենք, որ սա ամենակարևորն է Վրաստանի ապագա զարգացման համար: ԱՄՆ-ը, որպես ռազմավարական գործընկեր, կշարունակի աջակցել Վրաստանին, և այդ հարաբերություններն ավելի կխորանան ապագայում», - հավելել է Կվիրիկաշվիլին:
Դոնալդ Թրամփը նույնպես գրառում է արել հանդիպման վերաբերյալ՝ Twitter-ում հրապարակելով հանդիպման լուսանկարը:
«Պատիվ ունեմ այսօր Սպիտակ տանը դիմավորել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին փոխնախագահ Մայքլ Փենսի հետ», - գրել է Թրամփը:
Tert.am