Սեպտեմբեր 09, 2017 17:36 Asia/Tehran
  • Հս. Կորեան նշում է երկրի կազմավորման տոնը. միջազգային հանրությունը նոր հրթիռային փորձարկում է կանխատեսում

Սեպտեմբերի 9-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նշում է երկրի կազմավորման օրը, ինչի կապակցությամբ միջազգային հանրությունը բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է կանխատեսում Փհենյանից:


Ինչպես նշում է ria.ru-ն, Հյուսիսային Կորեայի կազմավորման մասին հայտարարվել է 1948թ. սեպտեմբերի 9-ին, և ամեն տարի այդ օրը նշվում է մեծ շուքով: ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները չեն բացառել, որ այս առիթով Փհենյանը կրկին սադրանքի կդիմի ու նոր փորձարկում կիրականացնի:

Երկրի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեայի կենտրոնական կուսակցական պարբերականը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ «քանի դեռ ԱՄՆ-ն թշնամական քայլեր է իրականացնում Փհենյանի դեմ, մեծ ու փոքր նվերներ կստանա Հյուսիսային Կորեայից»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Փհենյանի դեմ ռազմական գործողության տարբերակը՝ չնայած, որ կցանկանար խուսափել դրանից:


«Ռազմական գործողությունները հաստատ տարբերակ են: Սակայն դրանք անխուսափելի՞ են, անխուսափելի ոչինչ չկա»,-ասել է Թրամփը: Նա նաև նկատել է, որ  «ԱՄՆ-ի կողմից ռազմական քայլի կիրառման դեպքում Հյուսիսային Կորեայի համար շատ տխուր օր կգա»:

Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

orer.news/

 

Պիտակ