Սեպտեմբեր 24, 2017 12:45 Asia/Tehran
  • Հս. Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հրթիռակոծումն անխուսափելի է. Թրամփի արձագանքը չի ուշացել

Հյուսիսային Կորայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոն սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում (ԳՎ) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» անվանելուց հետո, ԱՄՆ-ի հրթիռակոծումն «անխուսափելի է»:

Ինչպես նշում է Reuters-ը, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը 71-ամյա Թրամփին «Նախագահ Չարիք» ու «հոգեկան շեղված» է անվանել:  Ռի Յոն Հոն հավելել է, որ Թրամփն իր ելույթով ցանկանում է ՄԱԿ-ը «հանցագործների բնի» վերածել:
«Այժմ մեզ մի քանի քայլ է մնացել միջուկային պետություն դառնալու համար»,-շարունակել է Ռին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են ամեն գնով պաշտպանվել Միացյալ Նահանգներից: Դիվանագետի պնդմամբ՝ Փհենյանի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազամական ուժի հավասարակշռումն է:
Հայտնի է, որ արտգործնախարարի ելույթից մի քանի ժամ առաջ ամերիկյան օդուժի B-1B Lancer ռմբակոծիչները թռչել են Հյուսիսային Կորեայի արևելյան հատվածի ջրային տարածքի վրայով՝ հասկացնելով, որ Փհենյանին զսպելու համար Վաշինգտոնը պատրաստ է ռազմական միջամտության:
Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա նրա արձագանքը չի ուշացել: Ամերիկացի ղեկավարն իր թվիթերյան էջում համապատասխան գրառում է արել. «Հենց նոր լսեցի ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի ելույթը: Եթե նա կրկնում է փոքրիկ «մարդ-հրթիռ»-ի խոսքերը, ապա նրանք երկար չեն ձգի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած անդրանիկ ելույթի ժամանակ Թրամփը կիմ Չեն Ընին «մարդ-հրթիռ» էր անվանել ու սպառնացել անհրաժեշտության դեպքում «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիային Կորեան»:

Tert.am

 

 

Պիտակ