Բան Կի Մունն արժանացել է Գերմանական լրատվամիջոցների մրցանակին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին մարտի 7-ին Բադեն-Բադենում հանձնել են Գերմանական լրատվամիջոցների մրցանակը, հայտնում է Deutsche Welle–ն:
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը նշել է, որ արտակարգ բարդ պայմաններում աշխատանքի տարիներին Բան Կի Մունը «կամուրջներ էր կառուցում ու խնդիրներ լուծում»: Մրցանակաբաշխության ժյուրին կարեւորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատանքը՝ հանուն «միջազգային համայնքի համերաշխության ու համագործակցության»:
«Դուք ճիշտ դափնեկիր եք ճիշտ ժամանակ»,- դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Բարդեն Վյուրտեմբերգ դաշնային հողի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը:
Գլխավոր քարտուղարն ինքը մրցանակը ստանալիս շեշտեց, որ եվրոպական երկրները բավականաչափ փորձ ու հմտություն ունեն, որպեսզի կարողանան վերապրել այս ոչ հասարակ ժամանակները:
Գերմանական լրատվամիջոցների մրցանակը շնորհվում է 1992 թվականից: Այդ մրցանակը ստանում են մարդիկ, որոնք, ժյուրիի կարծիքով, լրջագույն ազդեցություն են ունեցել հասարակական-քաղաքական կյանքի վրա: