Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է հարյուրի
Մադագասկարում ժանտախտի զոհերի թիվը հասել է հարյուրի:
Օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Մադագասկարում արձանագրվել է ժանտախտի կասկածի 1153 դեպք, որից 300-ը հաստատվել է լաբորատոր փորձարկումների արդյունքում:
Նշվում է, որ հիվանդությունից մահացել է 101 մարդ: Ընդ որում՝ վարակի 70 տոկոսը թոքային ժանտախտի դեպքեր են, որը մարդուց մարդուն է փոխանցվում և հանգեցնում մահվան, եթե հիվանդն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում մեկ օրվա ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ ժանտախտը տարածվել է Մադագասկարի 114 շրջանից 37-ում: Կազմակերպությունն արդեն Մադագասկար է առաքել ժանտախտի դեմ պայքարի համար նախատեսված 1.2 միլիոն չափաբաժին հակաբիոտիկներ և հավելյալ 1.5 միլիոն դոլար տրամադրել տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Tert.am