Նոյեմբեր 07, 2019 04:42 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:


------------------

Անահիտ Աբադի պատրաստած «Եվա»-ն շահեց Լոս Անջելեսում կայացած DTLA կինոփառատոնի արտասահմանյան լավագույն ֆիլմի մրցանակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ից սկսած «Եվա»-ն ցուցադրվել է ամերիկյան կինոթատրոններում:

Իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադի պատրաստած «Եվա» գեղարվեստական ֆիլմը մինչ այժմ մասնակցել է ավելի քան 24 միջազգային կինոփառատոնների և արժանացել է բազմաթիվ մրցանակների:

«Եվա»-ն Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի և Հայաստանի Կինոյի ազգային կենտրոնի համատեղ արտադրությունն է:

 

 

Լուսանկարիչ Ամիր Ջամշիդիի «Քարե դիմանկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը 2019 թվականի հոկտեմբերի 20-25-ը, կայացավ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում։

Երիտասարդ արվեստագետն իր հեղինակային այս շարանի միջոցով լուսարձակի տակ է առել Փերիո գավառի հայկական գերեզմանատների տապանաքարերի վրա դաջված դիմանկարներն ու զարդանախշերը, որոնք քանդակվել են հայ քարտաշ վարպետների հմուտ ձեռքերի շնորհիվ եւ հիմնականում պատկերում են ննջեցյալների ինքնությունը։ Ամենահին գերեզմանաքարերի վաղեմությունը վերադառնում է շահաբբասյան բռնի գաղթից հետո հայ գաղթականների Փերիո շրջանում հաստատման ժամանակաշրջանին։

Ցուցահանդեսը մեծ ընդառաջում գտավ հայ, պարսիկ եւ օտարերկրացի այցելուների՝ ի մասնավորի լուսանկարչության արվեստի մասնագետների ու սիրահարների կողմից։

Լուսանկարների կատարման ուղղությամբ հարկ եղած համադրությունների իմաստով արվեստագետի հետ համագործակցել են Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն ու առաջնորդարանի Հանրային կապի գրասենյակը։

Լուսանկարների այս շարանը ցուցադրվել է նաեւ Թեհրանի «Սայե» գալերիայում, 2019 թվականի հուլիսին։

 

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնն աշխարհի տարբեր երկրներից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Նրանց կմիանա սիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը մեկնարկեց նոյեմբերի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրվեց  մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը կատարեց իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելոն: «Բազմիցս կատարել եմ Մանսուրյանի կոնցերտը‚ սակայն առաջին անգամ եմ  այն Հայաստանում ներկայացնելու‚ ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ դուր է գալիս երաժշտության լեզվով խոսելու մանսուրյանական ոճը»‚-ասաց  Բրունելոն։

Տիգրան  Մանսուրյանն էլ նշեց, որ սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում: «Ուրախ եմ, որ իմ վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը, իսկ Մարիո Բրունելոն թավջութակի վարպետ է: Մի քանի տարի է, ինչ  սպասում  եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես դա տեղի ունեցավ»,- նշեց կոմպոզիտորը:

Փառատոնի ընթացքում, որն անցկացվելու է մինչև նոյեմբերի 9-ը, հայտնի կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում նոյեմբերի 1-ին ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, մանկավարժներ, դպրոցականներ և հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու այն հյուրընկալողներին: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը, թե արվեստը պետք է լինի խթան, որ մարդիկ նայեն դեպի ապագան, ուզենան ապրել և ուժ ստանան պայքարելու համար: «Արվեստը պետք է բոլորիս հույս և հավատ ներշնչի: Այս գաղափարն է դեռևս 2010 թվականին Լևոն Իգիթյանին ու նրա համախոհներին մղել հիմք դնելու այս միջոցառմանը, որի նպատակն է նաև սփյուռքահայ  երեխաներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը»,- հավելել է Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարն առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել երեխաներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը՝ արձանագրելով հայ երեխաների բնատուր տաղանդը. «Նրանք վրձիններն իրենց հոգու մեջ են թաթախում, դրա համար էլ այսպիսի գլուխգործոցներ են կարողանում ստեղծել»:

Ցուցահանդեսում ներկայացված է մրցույթ-փառատոնի առաջին փուլի 2000-ից ավելի աշխատանքներից ընտրված մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 գաղթօջախներից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացվել են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:

Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը:

 

 

Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 1-5-ը, կհյուրընկալի վեց երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից: Երևանյան 7 բեմահարթակում կցուցադրվի տասը ներկայացում:

«Առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «FestOUT» հատուկ ծրագիրը: Այն նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Երիտասարդները կարող են խենթ ու խելառ շեքսպիրյան բեմադրությունները ներկայացել այդ հարթակում, իսկ հաղթողը հրավեր կստանա մասնակցելու Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնի «ShakespeareOFF» ծրագրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը:

Նա նշեց, որ ծրագրի համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որի անդամներն են դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը, թատերագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը և Գդանսկի փառատոնի «ShakespeareOFF» ծրագրի տնօրեն Քշիշտոֆ Գրաբովսկին:

Վարշավայի թատերական ակադեմիայի դերասան Փավեու Բժեշտը, խոսելով «Շեքսպիրի ուրվականները» ներկայացման մասին, նշեց, որ ուսանողներով են բեմադրել ներկայացումը, սցենարը նույնպես իրենք են գրել: «Անդրադարձել ենք Շեքսպիրին, քանի որ ցանկանում ենք խորասուզվել նրա աշխարհում: Շեքսպիրյան տեքստերը շատ ճկուն են: Բավական է փոխել մի քանի խոսք, և փոխվում են բոլոր գործողությունները: Մեր ներկայացմամբ նորովի ենք մոտեցել անգլիացի դրամատուրգին»,-ընդգծեց դերասանը:

Փառատոնը կեզրափակվի Ա.Ս. Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը:

Փառատոնին թատերասերները հնարավորություն կունենան դիտելու «Ռոմեո և Ջուլիետ», «Շեքսպիրյան մոզաիկա», «Շեքսպիրի ուրվականները», «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո», «Շեքսպիրյան տրիլոգիա», «Չափն ընդդեմ չափի» ներկայացումները:

 

Կինոռեժիսոր Դեւիդ Լինչը հոկտեմբերի 27-ին պատվավոր «Օսկար» Է ստացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (Academy Honorary Award): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

Արարողությունն անցկացվել Է Լոս Անջելեսի Hollywood and Highland Center ժամանցային համալիրում: Լինչի հետ միասին պատվավոր պարգեւին արժանացել են իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլլերը եւ ամերիկացի դերասան Ուես Սթյուդին: Ջին Հերշոլթի անվան պարգեւին, որը հանձնվում Է հումանիզմի գործում նշանակալի ավանդի համար, ստացել Է դերասանուհի Ջինա Դեւիսը:

Այն, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան պարգեւները հանձնելու Է Լինչին, Վերտմյուլլերին, Սթյուդիին եւ Դեւիսին, հայտնի Է դարձել հունիսի սկզբին: Կազմակերպությունը նշել Է, որ այդ պարգեւներն ամեն տարի «շնորհվում են այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են ստեղծագործական ձեռքբերումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել ինդուստրիայում»:

Ի տարբերություն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մյուս պարգեւների, կինեմատոգրաֆի բնագավառում նշանակալի ավանդի համար պատվավոր մրցանակների դափնեկիրները որոշվում են նրա ոչ բոլոր անդամների, այլ ավելի նեղ շրջանակի՝ կազմակերպության ղեկավարների խորհրդի կողմից: Սկզբնապես այդ պարգեւները հանձնվում Էին «Օսկար» մրցանակներով պարգեւատրման հիմնական արարողության ժամանակ: Սակայն հետագայում դրանց համար հատկացվել Է հատուկ երեկո, ինչը կոչված Է ընդգծելու այդ պարգեւների կարեւորությունը:

 

13 տարեկան Մոցարտի դիմանակարը, որը պատանի կոմպոզիտորի կենդանության օրոք արված հազվագյուտ նկարներից մեկն Է, նոյեմբերի 27-ին վաճառքի կհանեն Փարիզի Christie’s-ի աճուրդում: Գործի գնահատման արժեքը կազմում Է 800 հազարից մինչեւ մեկ միլիոն երկու հարյուր եվրո:

Նկարի հեղինակ են համարում նկարիչ Ջամբետինո Չինյարոլիին: «Սովորաբար գնորդներին գրավում Է նկարչի անունը, իսկ տվյալ դեպքում՝ նկարի սյուժեն, այսինքն՝ Մոցարտն ինքը»,- պարզաբանել Է Christie’s-ի Փարիզի մասնաճյուղի հին նկարների բաժնի տնօրեն Աստրիդ Սենտները: Մանուկ հասակում Մոցարտի դիմանկարները, որոնք նկարվել են նրա կյանքի օրոք, շատ քիչ են: Հնարավոր Է՝ դա պատանի կոմպոզիտորի վերջին նկարն Է, որը գտնվում Է մասնավոր հավաքածուում: Ուշագրավ Է նաեւ այն, որ հայտնի են նկարի ստեղծման հանգամանքները եւ պատվիրատուն (վենետիկցի հարկահավաք Պիետրո Լուջատի): Կոմպոզիտորի հայրը կնոջը հղած նամակում գրում Է, որ 1770 թվականի հունվարի վեցին-յոթին Վերոնայում հաջող համերգից հետո Վոլֆգանգ Ամադեուսը կեցվածք Է ընդունել նկարիչի առջեւ: