Մարտ 07, 2020 11:38 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և վիզայի ռեժիմի վերականգնմանը, ՀՀ վարչապետի Վրաստան կատարած այցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը և ՀՀ ԱԺ-ի ընդունած որոշումներին: 

 

Իրանի հետ սահմանային ռեժիմի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե հարեւան երկրում ինչպիսին կլինի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի դինամիկան, եւ թե այնտեղ ինչպես կվարվի վիրուսի դեմ պայքարը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա պարզաբանմամբ՝ եթե լինեն դրական փոփոխություններ, ապա իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն: «Իրավիճակը փոփոխվում է ամենօրյա ռեժիմում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ապահովվում է անվտանգության շատ բարձր մակարդակ»,- հավաստիացրեց Գրիգորյանը

Նա հավելեց, որ մտցված սահմանափակումների հետեւանքով տնտեսական էֆեկտը գնահատելու համար ժամանակ է հարկավոր: «Հայաստանը սերտ տնտեսական կապեր ունի նաեւ Չինաստանի հետ, որտեղից վիրուսը սկսել է տարածվել, սակայն այս իրավիճակը գլոբալ ազդեցություն ունի: Կարծում եմ, որ դրան պետք է արձագանքել վիրուսի դեմ պայքարով»,- ամփոփեց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Կառավարությունը Իրանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցության սահմանափակումներ է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքից խուսափելու համար, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին հայտարարեց Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացի մասին: ---------------------------

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի եղանակները։

Չորեքշաբթի օրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  հեռախոսազրույցում, անդրադառնալով Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով իրականացվող ընդգրկուն միջոցառումներին, հատկապես առողջապահական իրավիճակի ամրապնդմանը և ճանապարհորդների բժշկական զննումների անցկացմանը, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին կարևորել է ապրանքի տարանցման ուղղությամբ գործող սահմանային կետերում իրականացվող վերահսկողությունը։

Իրանի առողջապահության նախարարը նաև ընդգծել է առողջապահական համատեղ վերահսողկություն  ու կանխարգելիչ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը։

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս կարևորել է առողջապահության համակարգի կանխարգելիչ միջոցառումները, բարձր գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի կատարած քայլերը։

-------------------------------

Վրաստանում կայացան հայ-վրացական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ երկու կողմերը ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա: Նրա խոսքով, օրակարգի կարևոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ վարչապետի կարծիքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

---------------------------

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարությունում պլանային էին, և Հայաստանն այս առումով որևէ մտահոգություն չունի:

Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մնացականյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ՝ ԵԱՀԿ-ի,  Մինսկի խմբի անդամ պետությունների միջազգային կազմակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության: Նա վստահեցրեց, որ այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա, դրանք պլանային են և Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են իրենց գործառույթները:

 «Ամբողջովին վստահելով համանախագահներին՝ շատ լավ գիտենք այդ պլանի մասին և շատ լավ գիտենք, թե նրանք ինչ մոտեցումներով են աշխատում, քանի որ մենք ենք աշխատում նրանց հետ: Այս առումով որևէ արտառոց բան չկա; Սա առաջին հանդիպումը չէ, սրանից առաջ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ, ծրագրված են այլ հանդիպումներ: Սա նորմալ բնականոն աշխատանք է,  մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին»,-ասաց նա:

Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանի մոտեցումը հստակ է այդ առումով,  շարունակում են աշխատել, իրականացնել նպատակները, աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ:

--------------------------------

Վեց  կամ ավելի զավակներ ունեցող հայ ընտանիքները պարգևատրվելու են:

ՀՀ ԱԺ-ն մարտի 4-ին ընդունեց «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»: Համաձայն այս նախագծի վեց կամ ավելի զավակներ ունեցող կամ երեխաներ որդեգրած ընտանիքները պարգևատրվելու  և մշտական թոշակ են ստանալու:

Հայաստանի բնակչության աճը խրախուսող Երևանի իշխանությունների նախագծերն այն պայմաններում են շարունակվում երբ 1991 թվականին այդ երկրի անկախացումից ի վեր այդ երկրի բնակչության ավելի քան կեսն արտագաղթել է:

Փորձագետներն այն համոզման են, որ բնակչության աճ ապահովելու համար իշխանությունները պիտի բարելավեն այդ երկրի ժողովրդի սոցիալական վիճակը: Այս պահին Հայաստանում վեց կամ ավելի երեխաներ ունեցող 140 ընտանիքներ գոյություն ունեն: Սա  վկայում է այն մասին, որ  Հայաստանի հասարակության մշակույթը կողմ չէ վեց կամ ավելի երեխաներ ունենալուն:

----------------------

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագծին։Լսենք տնտեսագետին։

--------------------

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը. «Կատարվել են զրպարտչական արտահայտություններ։ Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք:»։

Ներկայացուցիչն ասաց, որ նշված ժամանակահատվածում Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար,  ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Բաքվում մի դատարան Ադրբեջանի Իսլամ կուսակցության փոխնախագահին չորս ամսվա ազատազրկման դատապարտեց: Հաջ Իլհամ Ալիևի հանրային դատապաշտպանը հաստատելով չորս  ամսվա ազատազրկման մասին տարածված լուրն ասաց, որ դատավճռի մանրամասնությունները կհրապարակվեն հետագային:

Ադրբեջանի հավատացյալների պաշտպան փաստաբանի ծառայություններից զրկված լինելն ու հանրային դատապաշտպանի ծառայություններից օգտվելը վկայում է ազերի հավատացյալների հանդեպ Բաքվի դատարանի կողմնակալ մոտեցման մասին: Հաջ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Իսլամ կուսակցության առաջնորդ դոկտ. Մոհսեն Սամադովի տեղակալն է, որն անհիմն մեղադրանքով 2011 թվականին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դա ի տես այն բանի, որ դոկտ. Սամադովը հակազդելով Ադրբեջանի դպրոցներից ու կրթական համալիրներում իսլամական ծածկոցի արգելմանը Բաքվի իշխանությունների դեմ լուսաբանող հայտարարություններ է կատարել:

Դեռ պարզ չեն Հոջ. Իլհամ Ալիևի կալանավորման պատճառները սակայն կասկած չկա, որ այդ կապակցությամբ դերակատար են եղել Աշուրայի ընդվզման մասին նրա կատարած վերջին արտահայտությունները: Այս ազերի հոգևորականը շարունակ ընդգծել է Ադրբեջանի կրոնական, հասարակական ու մշակութային ասպարեզներում շիա դավանանքի հզոր դերակատարությունը:

-------------------