Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
----------------------------
Առցանց մամուլի ասուլիսում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
168.am կայքի թղթակիցը հայ իրանական հարաբերությունների վերաբերյալ հարց էր ուղղել վարչապետին, նշելով, որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ:
Լրագրողը նշել էր, որ ՀՀ կառավարությունը հարաբերություններին անհամարժեք արձագանք տվեց տարեսկզբին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությանը, իսկ Իրանում տեղի ունեցած վերջին ողբերգության առիթով, երբ զորավարժությունների ժամանակ զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ը ցավակցություն հայտնեց Թեհրանին, սակայն Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց:
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ հետ: Ես նույնպես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ շփումները պետք է շարունակենք, որպեսզի հաղթահարենք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հայաստանի կառավարության անդամները մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում: Այս ընթացքում արտակարգ իրավիճակների շտաբի ղեկավարը նույնպես միշտ կապի մեջ է եղել Իրանի գործընկերների հետ»:
ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով:
--------------------------
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարին մայիսի 14-ին հանդիպել են միմյանց հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի` Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեսպան Թումանյանն առաջարկել է ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնել է իր պատրաստակամությունը»,- հայտնում են դեսպանությունից:
---------------------------
Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ:
Դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնավորապես, խոսվել է գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առեւտրաշրջանառության եւ մի շարք այլ հարցերի մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը: Կարեւորվել է առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:
--------------------------------
ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ:
Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները։
-------------------------------
2019 թվականին Իրանից հարևան երկրներ արտահանված էլեկտրաէներգիայի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 27 տոկոսով և կազմել ավելի քան ութ միլիարդ կՎտ ժամ:
ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Իրանը 2019 թվականին էլեկտրաէներգիա է արտահանել Հայաստան, Ադրբեջան, Պակիստան, Աֆղանստան, Իրաք և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Անցած տարի արտահանված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 8 միլիարդ 31 միլիոն կՎտ ժամ, ինչը 2018 թվականի համեմատությամբ աճել է մոտ 1 միլիարդ 736 միլիոն կՎտ ժամով:
Դեպի Իրաք արտահանման ծավալը կազմել է ավելի քան 82, Աֆղանստան՝ 9,7, Պակիստան ՝ 6,4 և Հայաստան ՝ 0,7 տոկոս:
2020թ. մայիսի սկզբին Իրանի էլեկտրաէներգիայի արտահանումը այս տարի հասել է 436 միլիոն կՎտժ-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 19 տոկոսով:
-------------------------------
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է վերջին շրջանում բավականին հաճախ քննարկվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակներին ու դրանց կիրառման յուրահատկություններին։
---------------------------------
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
Այդ համատեքստում ՀՀ վարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը․ «Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար:
---------------------------
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին արագ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցառումները՝ շեշտը դնելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգման կարեւորության վրա:
Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ բազմապլանային համագործակցության հետագա խորացման ուղղությամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւիանքների հակազդման հարցերում:
Կարծիքների փոխանակում է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում գործերի վիճակի մասին: