Սեպտեմբեր 28, 2020 20:20 Asia/Yerevan

Հարգարժան ունկնդիրներ այս թողարկման ընթացքում խոսելու ենք երեխաների մանկապարտեզ տանելու մասին։ Գրեթե բոլոր ծնողներին հուզում է այն հարցը, թե արդյոք երեխային պետք է տանել մանկապարտեզ թե ոչ։ Ներկայացրել ենք հոգեբանների խորհուրդներն այս թեմայի շուրջ։Ընկերակցեք մեզ։

Բոլոր ծնողներն էլ վաղ թե ուշ կանգնում են ընտրության առջեւ՝ տանե՞լ երեխային մանկապարտեզ, թե՞ մնալ տանը նրանց հետ կամ թողնել տատիկի կամ դայակի խնամակալության ներքո: Իհարկե, այս հարցին միանշանակ պատասխան տալը դժվար է, բայց ընդհանուր առմամբ, ելնելով տարբեր երկրներում արված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներից, երեխաներին մանկապարտեզ տանելը խրախուսվում է:

Երեխայի համար մանկապարտեզ հաճախելու գլխավոր առավելությունն իր հասակակիցների հետ շփման հնարավորությունն է: Խաղալով միմյանց հետ՝ երեխաների մոտ արմատավորվում են այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների հիմքերը, զարգանում են համատեղ գործելու հմտությունները, ուրիշներին հասկանալու և օգնելու ունակությունները: Երեխայի համար այս ամենը շատ կարևոր է, քանի որ դրանք ձևավորում են նրա բնավորության հիմնական գծերը, կյանքի սկզբունքները, հետաքրքրությունները, նրա վերաբերմունքն արտաքին աշխարհի նկատմամբ:

Ակնհայտ է դառնում, որ նախադպրոցական հաստատությունների կրթական ծրագրերը և համալիր աշխատանքները մեծագույն ազդեցություն կարող են ունենալ երեխայի զարգացման վրա: Բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սակայն, երեխային մանկապարտեզ տանելը բազմաթիվ հարցեր և խնդիրներ է առաջացնում, որոշ դեպքերում՝ հոգեբանական բնույթի: Օրինակ, ո՞ր տարիքում երեխային առաջին անգամ տանել մանկապարտեզ, ինչո՞ւ երեխան չի ուզում այցելել մանկապարտեզ, ինչպե՞ս օգնել երեխային՝ հարմարվել նոր միջավայրին: Փորձենք պատասխանել այս հարցերին մասնագիտական տեսանկյունից:

***

Տանե՞լ երեխային մանկապարտեզ

Ծնողները, առաջին հերթին, պետք է հիշեն, որ երեխայի դաստիարակությունն ընտանեկան պայմաններում միշտ ավելի նախընտրելի է մանկապարտեզի դաստիարակությունից: Որքան էլ մանկապարտեզը լավ և գրավիչ լինի, երեխայի առաջին խորհրդատուն, ուսուցիչը, ուղղորդողը և օգնականը պետք է լինի մայրը: Պետք չէ երեխային տանել մանկապարտեզ, որպեսզի նա այնտեղ սովորի ինքնուրույն ուտել, հագնվել, օգտվել լվացարանից և այլն:

Եթե սովորել, ապա միայն հասակակիցների հետ խաղալու և շփվելու հմտություններն ու յուրահատկությունները: Մեկ այլ իրավիճակ է, երբ ծնողները երեխային տանում են մանկապարտեզ, որպեսզի որոշ ժամանակ ազատ լինեն նրա հոգսերից: Երեխան նման իրավիճակը միանգամից զգում է, և, արդյունքում՝ մանկապարտեզը դառնում է անցանկալի վայր: Տարածված սխալ է նաև, երբ երեխային սկսում են տանել մանկապարտեզ ընտանիքում նոր երեխայի ծնունդից անմիջապես հետո: Սա երեխայի մոտ կարող է առաջացնել դավաճանության և լքվածության զգացողություն, ինչն աստիճանաբար կվերածվի կրտսեր երեխայի նկատմամբ խանդի:

Ո՞ր տարիքում երեխային տանել մանկապարտեզ

Երեխան մինչև 2-3 տարեկանը խիստ կապված է մոր և ընտանիքի այլ անդամների հետ: Այս տարիքում հասակակիցների հետ շփման մեծ պահանջ չկա: Հետևաբար, եթե նորմալ և, հատկապես, էմոցիոնալ զգայուն երեխային այս տարիքում տանեք մանկապարտեզ, ապա նա շատ սուր կարձագանքի մորից բաժանմանը: Շատ հոգեբաններ և մանկավարժներ գտնում են, որ աղջիկ երեխային պետք է մանկապարտեզ տանել՝ երեք, իսկ տղաներին՝ 3.5 տարեկանից ոչ շուտ:

Ի՞նչ սկզբունքով ընտրել մանկապարտեզը

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե ներքին հարմարավետությանը, ծնողին ներկայացվող ծրագրերին, այլ նկատի առնել մի պարզ բան՝ ինչպես է իրեն զգում երեխան այդ միջավայրում: Պետք է դիտման միջոցով ուսումնասիրել այլ երեխաների ինքնազգացողությունը տվյալ հաստատությունում, հասկանալ նրանց վարքից՝ արդյո՞ք գոհ են, ուրախ և բավարարված: Հոգեբան Ալան Ֆրոմը գրել է մանկապարտեզ ընտրելու ոսկե կանոն, այն է. «Լավ մանկապարտեզը, դա մի աղմկոտ վայր է: Եթե մտնելով այնտեղ կես ժամվա ընթացքում, դուք չեք լսի աղմուկ-աղաղակ, ծիծաղի պոռթկումներ, ապա պետք է ուղղակի դուրս գալ և փնտրել մեկ ուրիշը»:

Հոգեբան Վանենի Վարդանյանն ասում էԵրեխայի մոտից հեռանալիս միշտ հրաժեշտ տվեք եւ զգուշացրեք, որ գնում եք

Համոզված եմ, բոլորս էլ գոնե մեկ անգամ ականատես եղել ենք, ինչպես են ձեր ներկայությամբ երեխային շեղում, եւ մայրիկն անտեսանելիորեն դուրս  է  գալիս սենյակից: Երեխան շուռ է գալիս, իսկ ծնողն անհայտացել է: Երեխան լալիս է, հիստերիայի մեջ է ընկնում, իսկ հարազատները փորձում են նրան համոզել, որ մայրը կողքի սենյակում է/զուգարանում է, ոչ մի տեղ չի գնացել կամ ուր որ է կգա: Նման վարվելակերպը երեխային սթրեսի մեջ է գցում եւ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ, որ երեխան դառնա տագնապային անձ:

Այս սխալ մոտեցման արդյունքում նաեւ շատ երեխաներ մեծանալով ունենում են վախեր (օրինակ՝ մթությունից), զանազան հոգեբանական եւ առողջական խնդիրներ: Այդ պատճառով շատ կարեւոր է միշտ երեխային զգուշացնել եւ հետո նոր հեռանալ: Դրանով երեխան սովորում եւ վստահություն է ձեռք բերում, որ մայրն իրենից հեռանալուց առաջ նախօրոք զգուշացնելու է: Նա այլեւս ավելորդ չի անհանգստանում, որ ամեն րոպե մայրը կարող է հանկարծակի անհետանալ:  

Նորածին երեխան սովոր է, որ մայրը միշտ իր կողքն է, եւ երբ գալիս է առաջին բաժանման պահը (երբ երեխային թողնում եք մեկ այլ խնամակալի մոտ եւ տանից դուրս եք գալիս), այդ ժամանակվանից սկսած՝ անկախ նրանից, թե ձեր երեխան կլինի 2 ամսական թե 12, մոտենում եք երեխային, գրկում եք նրան, ասում եք, որ մայրիկը պիտի գնա տեղ, ասում եք նա ում հետ է մնալու է եւ երբ եք վերադառնալու: Եվ այսպես ամեն անգամ: Այս ամենը սկսում եք ամենաուշը 2 ամսականից: Երբեք ոչ մի դեպքում չի կարելի առանց զգուշացնելու անհայտանալ:

Նախօրոք պատմեք երեխային մանկապարտեզի մասին՝ այնտեղ շատ երեխաներ կան, հետաքրքիր խաղեր են խաղում, ձեր երեխան նոր ընկերներ ձեռք կբերի եւ այլն: Պատմեք պատմություններ ձեր մանկապարտեզից, ինչ չարաճճիություններ եք արել, ինչպիսի դաստիարակ ունեիք եւ այլն: Ցույց տվեք երեխային ձեր լուսանկարներից:

Երբ երեխան արդեն պիտի հաճախի մանկապարտեզ, պլանավորեք, որ երեխային ադապտացվելու համար անհրաժեշտ է միջինում 1-2 շաբաթ: Եթե ձեր երեխան հենց առաջին իսկ օրվանից հանգիստ գնում է մանկապարտեզ եւ չի ուզում, որ դուք իր հետ այնտեղ մնաք, շնորհավորում եմ, դուք այլեւս անելիք չունեք: Բայց ավելի հաճախ երեխաներին պետք է լինում հարմարվել նոր միջավայրին եւ ցանկալի է ժամանակ տրամադրել (եւ համաձայնության գալ մանկապարտեզի հետ, եթե նրանց կողմից նման առաջարկ չի եղել) երեխայի հետ  մնալ մանկապարտեզում: Թող երեխան խաղա եւ հետո նրան խաղի կեսից չուզելով տարեք տուն: Եվ այսպես մի քանի օր՝ աստիճանաբար ավելացնելով մանկապարտեզում մնալու ժամանակը: Կարող եք երեխային սպասել մեկ այլ սենյակում (նրան զգուշացրեք այդ մասին), բայց ոչ մի դեպքում առանց երեխային հրաժեշտ տալու անհետանալ չի կարելի: Երբ արդեն կզգաք, որ երեխան հարմարվել է եւ սիրով է մնում, զգուշացրեք, որ դուք պիտի գնաք, հրաժեշտ տվեք երեխային եւ նոր հեռացեք: Աշխատեք սկզբնական շրջանում երեխային մանկապարտեզից վերցնել շուտ՝ մանկապարտեզում մնալու ժամանակահատվածը աստիճանաբար մեծացնելով: 1- 2 շաբաթում պիտի որ կարողանաք երեխային հանգիստ թողնել ամբողջ օրով:

Նկատի ունեցեք, որ հնարավոր է երեխան սկզբում ձեր հետեւից լացի: Սա նորմալ է, կարեւորը որ ձեր գնալուց հետո նա հանգստանա (այս մասին բնականաբար կտեղեկանաք դաստիարակներից):

Եղեք հետեւողական, վստահեք մանկապարտեզին եւ ամեն ինչ ժամանակի ընթացքում կընկնի հունի մեջ:

Այս երեք պարզ քայլերի միջոցով երեխային նախապատրաստում եք ոչ միայն մանկապարտեզին, այլեւ դպրոցին, եւ ինչո՞ւ չէ նաեւ կյանքին՝ արդեն որպես հասուն մարդ: