Հունվար 16, 2022 11:20 Asia/Yerevan

Բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, գրող և քաղաքական գործիչ Գեղամ Սարյան։

Ասում են գրական երկերը սնվում են գրողի ներաշխարհից և յուրաքնաչյուր ստեղծագործությամբ գրողը զգուշությամբ բացահայտում է կյանքի ու շրջապատի վերաբերյալ իր մեջ գաղտնի պահված խոհերն ու մտածումները: Գրողը կարողանում է հավերժ հիշվել միայն այն դեպքում, երբ անկեղծ է լինում նախ ինքն իր հետ և հետո իր ստեղծագործությունները կարդացող ժողովրդի հետ: Հավերժանում է այն ժամանակ երբ Ինչպես Մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակն է ասում թողնում է իր «Ես»-ը և խառնվում է մեծ «Մենքի» հետ, ցնծում է ժողովրդի ցնծությամբ ու լուռ տապակվում է իր ժողովրդի ու մարդկության ցավով:

Բարև Ձեզ հարգելի բարեկամներ։ «Իրանահայ հանրահայտ գործիչներ» հաղորդաշարի այս համարը նվիրված է բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, գրող և քաղաքական գործիչ Գեղամ Սարյանին:

---

Գեղամ Սարյանը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին Իրանի Թավրիզ քաղաքում։  Նախնական կրթությունն ստացել է Արամյան ծխական դպրոցում: Նախնական կրթությունն ստանալուց հետո Սարյանը ուսումը շարունակում է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով հռչակավոր Հրաչյա Աճառյանին: Թեմական դպրոցն ավարտելուց հետո Սարյանը մի երկու տարի ուսուցչություն է անում Պարսկաստանի հեռավոր գյուղերից մեկում, այդ ժամանակ էլ գրում է իր առաջին, տխրությամբ ու թախիծով համակված բանաստեղծությունները։

Սարյանը 1922 թվականից հաստատվել է Խորհրդային Հայաստանում, Գյումրիում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ։ 1927-1928 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-1931 թվականներին՝ «Բանվոր» թերթերում, 1934-1935 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում։ Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով:

Դեռ դպրոցական նստարանից Գեղամ Սարյանը հափշտակությամբ էր կարդում Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայյամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները։ Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է 1919 թ.-ից։ 1925 թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930 թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ 1933թ. հրատարակվում է նրա «Երկաթե ոտնաձայներ»-ը, 1935-ին՝ «Միջօրե»-ն և« Գյուլնարա»-ն, 1940թ. «Բանաստեղծություններ»-ը, 1944թ. «Բալլադներ»-ը, 1951-ին «Հատընտիր», 1968թ. «Քրիզանթեմ»-ը, որ նաև արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Նրա արձակ էջերից լույս են տեսել նաև «Պատմվածքներ»-ը ժողովածուն 1928 թ., «Օտար մարդը»-ը վիպակը 1929 թ., «Երեք երգ»-ը 1936 թ., «Գրիգոր Դերեն» 1967 թ., դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ»-ը չափածո վեպը 1950 թ. և թատերգություններ։ Սարյանի «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ։ Բարեկամներ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս բանաստեղծության ձայնագրությունը: 

Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը՝ «Բալլադ սիրո և հերոսության մասին» և «Լուսանկարը» ստեղծագործություններում:

 Հայ ժողովրդի պատմական ճակատագիրն ու հայության ազգային–հայրենասիրական մաքառումները պատկերվել են «Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը» ստեղծագործություններում։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները «Գյուլխանդա», «Գյուլնարա» և «Իրանի»։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Նա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ ոտանավորներ է գրել նաև մանուկների համար։ Նշանակալից է Գեղամ Սարյանի ավանդը ուկրաինացի մեծ գրող` Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում։ Հայերեն է թարգմանել Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ. Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում, որոնցից կարելի է հիշել Կարոտ բանաստեղծությունը, որը նաև հայտնի է «Մարտիկի երգը» անունով:

Այս բանաստեղծության մասին լսենք մանկավարժուհի Գայանե Արշակյան Բաղրամյանին։

Մեծ Է Գեղամ Սարյանի ավանդը հայ գրականության մեջ: Նա Իր ստեղծագործություններում հաճախ է խոսում իր ծննդավայր Իրանի մասին, որը որպես մի թել ձգվում է նրա ստեղծագործություններում:

Գրականագետ Գոռ Հարությունյանը այսպես է արտահայտվել Գեղամ Սարյանի մասին: 

Գեղամ Սարյանը իր մահկանացուն կնքեց 1976թ. նոյեմբերի 14-ին Երևանում: