Հունվար 22, 2022 09:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Իրանահայ հայրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է Իրանահայ հայտնի թարգմանիչ, պետական և հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ և խմբագիր Հովհաննես Ծերունի Խան-Մասեհյանին:

Հովհաննես Խան-Մասեհյանը ծնվել է Թեհրանում 1864-ի փետրվարի 23-ին Իրանի Նասեր էդ Դին շահի արքունական «զարգար բաշիի» ոսկերչապետի ընտանիքում, ով հռչակված էր իր պատրաստած անկրկնելի ադամանդակուռ գլոբուսով։ Այդ՝ ոսկուց, արծաթից և հարյուրավոր թանկարժեք ադամանդ, զմրուխտ, հակինթ, փիրուզ և մարգարիտ քարերով ձևավորված գործը ժամանակին արժեցել է 5 միլիոն ռուբլի: Ներկայումս այն համարվում է Իրանի ազգային հարստություն և պահպանվում է ԻԻՀ կենտրոնական բանկի գոհարեղենի թանգարանում:

Մասեհյանի մանկությունն ու պատանեկությունն, ինչու չէ նաև ամբողջ կյանքն անցել են բացառիկ պայմաններում: Հովհաննեսը 5 տարեկանից հաճախում է Ս. Բարդուղեմեոս եկեղեցուն կից վարժարանը: Միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանի Հայկազյան դպրոցում /1870-78թթ./ և Թավրիզում, իր քեռու՝ Անտոն խան Երվանդյանի մոտ /1879-81թթ./: Երեք տարի Թավրիզում մնալուց հետո մեկնում է Եվրոպա՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: 1881թ. ընդունվում է «Փարիզի Քոլեջ դե Ֆրանսը», ինչը գերազանցությամբ ավարտում է 1884թ-ին՝ փիլիսոփայություն, իրավագիտություն, քաղաքատնտեսություն և գրականություն մասնագիտացմամբ: Նույն թվականին վերադարձել է Թեհրան` նշանակվել շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում:

1887թ. որպես Նասեր էդ Դին շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն, մասնակցելու Վիկտորիա թագուհու գահակալության 50-ամյա հոբելյանական տոնահանդեսներին: 1888-96թթ. եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892թ.՝ ընտրվել Թեհրանի «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ: 1894թ. Մասեհյանը հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը` «Շավիղ» շաբաթաթերթը:

1894թ. նա նշանակվում է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ, որով և սկսվում է Մասեհյանի երկարամյա դժվարին ու բարդ դիվանագիտական և թարգմանչական գործունեությունը: Գիտելիքների մեծ պաշարը, ընդունակությունն ու լեզվական զարմանալի կարողությունը նրան կարճ ժամանակում մեծ ճանաչում է բերում Իրանում: Երիտասարդ Հովհաննեսը հատուկ հանձնարարությամբ 1894թ. մեկնում է Ս. Պետերբուրգ` որպես շահի պատվիրակության թարգմանիչ, Նիկոլայ 2-րդի գահակալությունր շնորհավորելու համար: Վերադարձի ճանապարհին պատվիրակությունը մի քանի օրով կանգ է առնում Մոսկվայում: Առիթից օգտվելով, Մասեհյանն այցելում է Ռուսաստանի հայ մշակութային գործիչ Գևորգ Քանանյանի տուն, հանդիպում Վարդգես Սուրենյանցին և Մոսկվայաբնակ այլ հայտնի հայերի:

Մասեհյանն իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Լոնդոն կատարել է 1897 թ, մայիսին՝ Վիկտորիա թագուհու ծննդյան 80 ամյակն ու գահակալության 60-ամյակը Մոզաֆֆար էդ Դին շահի կողմից շնորհավորելու առիթով: Նա նշանակվում է Լոնդոն մեկնող դիվանագիտական հատուկ պատվիրակության առաջին քարտուղար: Մասեհյանը 1895-1901թթ. եղել է Իրանի արտաքին գործերի նախարարության գրասենյակի պետ, մամուլի բաժնի վարիչ, արևելյան երկրների բաժնի պետ, արտասահմանյան գրագրությունները վարող օպերատիվ տեսուչ` շարունակելով մնալ շահի թարգմանիչը:

Մեծ է Մասեհյանի երախտիքը նաև պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում: 1899թ-ին նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ Մասեհյանը եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը և դասախոսը: 1901թ. սկսվել է Մասեհյանի կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսանկյունից: 1901 թ. ամռանը իրանական մի պատվիրակության կազմում նա մեկնում է Փարիզ, այնուհետև՝ Լոնդոն։ Նույն թվականին Մասեհյանը նշանակվել է Բեռլինում Իրանի դեսպանի խորհրդական, ղեկավարել է դիվանագիտական և հյուպատոսական այլ հաստատություններ նաև Մյունխենում, Շտուդգարդում, Դրեզդենում և Գերմանիայի ուրիշ քաղաքներում: Մոզաֆֆար էդ Դին շահի հրամանագրով, որպես հավատարմատար 1903-1911թթ. փոխարինել է դեսպան Ռեզա խան Մոայեդ աս Սալթանեին:

1911թ-ին վերադարձել է Թեհրան` շահի խնամակալ Նասեր օլ Մոլքի/նորանշանակ Սուլթան Ահմադ շահը 13 տարեկան էր/ խորհրդականի պաշտոնով: Մերձավոր ու Միջին Արևելքը, այդ թվում և Իրանը, դարձել էին հակառակորդ կոալիցիաների մրցադաշտ։ Բեռլինում անհրաժեշտ էր ունենալ հմուտ դեսպան, սակայն այդ տարիներին Իրանում բացի Մասեհյանից՝ լեզուներ իմացող և հմուտ դիվանագետ չկար: Չնայած նրա քրիստոնյա լինելու հանգամանքին, 1912թ. Սուլթան Ահմադ շահի կողմից որպես բացառություն, նրան նշանակում են դեսպան Գերմանիայում: Հ. Մասեհյանը Բեռլինում պաշտոնավարում է մինչև 1916 թ. մարտ ամիսը։

1916թ. նա Լոնդոնում մասնակցել է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտել է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմի մեջ: 1916 -1919 թթ. շահի հատուկ հանձնարարականով, նա գտնվում է Փարիզում֊: 1919թ. Վերսալյան դաշինքի կնքման ժամանակ Մասեհյանը դիվանագիտական շրջաններում ներկայացնում է Իրանի շահերը։ 1919թ. վերադառնալով Թեհրան, նա ընտրվում է մեջլիսի պատգամավոր՝ Իրանի հայ համայնքի կողմից, գլխավորում Հայկական ազգային խորհուրդը:

Մասեհյանը որպես Իրանի լիազոր ներկայացուցիչ մասնակցել է միջազգային մի շարք խորհրդաժողովների` Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Իրանը բաժանված էր Ռուսաստանի և Անգլիայի տնտեսական և քաղաքական գոտիների: Երկրում տիրում էր անորոշ վիճակ: Շահը կարևորում էր եվրոպական երկրների հետ սերտ հարաբերոթյուններ ունենալը:

1921թ.   Ահմադ շահի հրամանագրով, Հովհաննես Խան - Մասեհյանը երկրորդ անգամ դեսպան է նշանակվում Գերմանիայում, որտեղ պաշտոնավարում է մինչև 1927թ., որից հետո Իրանը Գերմանիայում մինչև 1934թ. ներկայացված է լինում միայն հավատարմատարի կարգավիճակով:

1927թ. Մասեհյանը Իրանի նոր առաջնորդ՝ Ռեզա շահ Փեհլևիի կողմից նշանակվել է դեսպան Անգլիայում և պաշտոնավարել՝ մինչև 1929 թ.:

1929թ. Իրանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Ճապոնիայի հետ։ Երկու կողմերը պայմանավորվում են ներկայացուցիչներ փոխանակել դեսպանների մակարդակով։ 1930թ. Տոկիոյում պարսից առաջին դեսպան Է նշանակվում Հ. Մասեհյանը: Սակայն այս պաշտոնավարումը երկար չի տևում: 1931թ. ծանր հիվանդության պատճառով, նա ստիպված հրաժարական է ներկայացնում: Դիվանագետը հեռու հայրենի հողից, հարազատներից ու բարեկամներից, Թեհրան վերադառնալու ճանապարհին՝ Հարբինում, նույն թվականի նոյեմբերի 19-ին 67 տարեկան հասակում կնքում Է իր մահկանացուն։ Ռեզա շահի թույլտվությամբ և հայ համայնքի աջակցությամբ, Մասեհյանի դին Չինաստանից Մոսկվայի վրայով 1932 թ. մարտի վերջին փոխադրվում է Թեհրան: Ապրիլի 1-ին նրա աճյունն ամփոփվում է Թեհրանի Վանաք թաղամասի Ս. Գևորգ եկեղեցու գավիթում: 1963թ. Մասեհյանի աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Թեհրանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, մյուս ճանաչված իրանահայ, Իրանի սահմանադրական հեղափոխության հայտնի ռազմական գործիչ՝ Եփրեմ Խան Դավթյանի կողքին:

Հովհաննես Խան-Մասեհյանի հմայքը մեծ Էր ողջ Իրանում։ Անվանի դիվանագետը Իրանի 5 տիրակալների կողմից արժանացել է հարգանքի և պատվի, ստացել է երկրի բարձրագույն պարգևները, արժանացել է նաև եվրոպական մի շարք երկրների շքանշանների: Նա հարգված է եղել Իրանում ապրող բոլոր ազգերի ինչպես նաև իր պաշտոնավարած երկրների ղեկավարության կողմից, ճանաչվել է որպես բազմակողմանի զարգացած, անսահման գիտուն և վերին աստիճանի ազնիվ անձնավորություն: Հովհաննես Խան-Մասեհյանը եղել է բարոյական բարձր նկարագիր ունեցող երևելի անձնավորություն, նրա արքունական կյանքը, կառավարական բարձրաստիճան պաշտոնները մոռացության չեն տվել իր ազգակիցների գոյավիճակը, մասնավորապես Իրանահայության ճակատագրին ականջալուր լինելու անհրաժեշտությունը։ Հովհաննես Խան-Մասեհյանն ամբողջ էությամբ կապված է եղել իր ժողովրդի և նրա ապագայի հետ։

Որպես թարգմանիչ, հայտնի է, որ Ավետիք Իսահակյանի խորհրդով է սկսել Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանությունները։ Դիվանագետ Մասեհյանը հայ իրականության մեջ ավելի շատ հայտնի է դարձել որպես Շեքսպիրի ամենահայտնի և մակարդակով թարգմանիչ: Դեռևս 1894թ., Հովհաննես Թումանյանը մի գրախոսականում՝ անդրադառնալով Մասեհյանին, գրել է «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։ Շեքսպիրյան գրականությունը մեր մեջ մտավ, երբ երկու տարի առաջ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունը հրատարակեց թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի թարգմանությամբ «Համլետը»։ Պետք է ասել, որ այդ գրքին նախընթաց մի ավետավոր լուր էր պտտում Թիֆլիսի գրականական շրջաններում, թե՝ Շեքսպիրի մի տաղանդավոր թարգմանիչ է դուրս եկել, և անհամբեր սպասում էին գրքի լույս տեսնելուն։

Լույս տեսավ գիրքը և հիրավի, մի շատ սրտալի ընդունելություն գտավ թե մամուլի և թե ընթերցողների կողմից, նրան համեմատեցին մեր ամենալավ թարգմանությունների հետ, իբրև օրինակ առաջարկեցին։ Եվ արդեն լույս են տեսել «Համլետից» հետո «Ռոմեո և Ջուլիետ», «Ինչպես կուզեք» և «Լիր արքան»:

Հովհաննես Խան -Մասեհյանը տիրապետել է հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, դեռևս պալատական թարգմանիչ եղած տարիներին եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել շահական ընտանիքի անդամների համար: Նա թարգմանել է նաև Գյոթեից, Բայրոնից, Հայնեից, Օմար-Խայյամից, Տագորից, նշանավոր այլ գրողներից: Մասեհյանը ոչ միայն գեղարվեստական երկեր է թարգմանել, այլև գիտությանը և արվեստին վերաբերող ուրիշ գրքեր: