Հունվար 26, 2022 10:06 Asia/Yerevan

Իրանահայ հայտնի գեղանկարիչ Էդման Այվազյան.

Կյանքը շատ արագ է անցնում: Շատերն են արտահայտվել այդ մասին: Սկսած կյանքի դպրոցում ուսում ստացած շարքային քաղաքացիներից մինչև բարձրագույն համալսարաններն ավարտած գիտնականներ ու մտավորականներ: Սակայն մարդու ապրած կյանքը արժևորվում է ոչ թե նրա տևողությամբ, այլ այդ ընթացքում կատարած գործերով: Եթե կյանքի ընթացքում բարիք ես արարում ու նվիրում մարդկությանը, քեզ հիշում են որպես բարի ու օգտակար մարդու և քո ավանդը դարեր շարունակ դառնում է ուղեցույց քո հետնորդների համար: Երանի նրանց, ովքեր բարիք են արարել և հավերժ հիշվում են որպես աշխարհում բարություն սփռած մարդիկ:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ հայտնի գեղանկարիչ Էդման Այվազյանին:

---

Գեղանկարիչ Էդման (Էդիկ) Այվազյանը ծնվել է 1932թ. Թեհրանում: 1939-48թթ սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-66թթ՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։ Այվազյանը նկարել է սկսել 13 տարեկանից: 1948թ. մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և արժանացել մրցանակի: 1949թ. մասնակցել է Մշակույթ մշակութային միության խմբակային ցուցահանդեսին: 1950թ. Թեհրանում մասնակցել է ԽՍՀՄ-ի մշակույթի տան խմբակային ցուցահանդեսին: 1954թ. մասնակցել է Մեհրեգան ակումբի ժամանակակից արվեստի խմբակային ցուցահանդեսին: 1954թ. մասնակցել է Թեհրանի Սպիտակ պալատի խմբակային ցուցահանդեսին: 1956թ. կազմակերպել է անհատական ցուցահանդես Թեհրանում: 1957թ. մասնակցել է Թեհրանի երկամյա ցուցահանդեսին: 1958թ. Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել է Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960թ. Այվազյանը մասնակցել է Թեհրանի Գարուն միության խմբակային ցուցահանդեսին: 1962թ. Թեհրանի Իրան-Ամերիկա միությունում կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը: 1965թ. մասնակցել է Լոնդոնի Գիլդ Հոլ պատկերասրահի խմբակային ցուցահանդեսին: 1973 թվականից տեղափոխվել է Լոնդոն: 1974թ. իրականացրել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու որմնանկարները: 1984թ. Նյու Յորքի Giorky պատկերասրահում կազմակերպել է անհատական ցուցահանդես: 1984թ. Լոնդոնի Գուլբենգյան պատկերասրահում կազմակերպել է անհատական ցուցահանդես: Անհատական ու խմբակային ցուցահանդեսների կողքին Էդման Այվազյանը նաև իրականացրել է  Ռիադի օդանավակայանի մեծ մզկիթի ներքին գծագրությունը 1985թ.: 1958թ. Սաուդյան Արաբիայի Ռոշան պատկերասրահից ստացել է պատվեր նկարելու Սաուդյան Արաբիայի թագավորների ու գահաժառանգների դիմանկարները և «Կյանքը 1930-ական թվականներին Սաուդյան Արաբիայում» թեմայով կտավներ: 1987թ. Այվազյանը Երևանում կազմակերպել է իր գեղանկարների առաջին ցուցահանդեսը: 1990թ. մասնակցել է Ղրիմի Սինֆրոպոլի ցուցահանդեսին: 1991թ. մասնակցել է Բոստոնի գրադարանային թանգարանի խմբակային ցուցահանդեսին: 1992թ. կազմակերպել է անհատական ցուցահանդես Ռոշան պատկերասրահում: 1993թ. մասնակցել է Բոստոնի հայ և ամերիկացի արվեստագետների խմբակային ցուցահանդեսին: 1997 թ. մասնակցել է Լոնդոնի Mall Gallery-ում English New Art Club-ի ցուցահանդեսին: Նույն թվականին մասնակցել է Լոնդոնի Mall Gallery-ում թագավորական ինստիտուտի գեղանկարիչների ցուցահանդեսին: 1998թ. գծագրել է Ռիադի ազգային թանգարանում Աբդոլազիզի անվան թանգարանը: 1998թ. մասնակցել է Լոնդոնի Հոլինգ կենտրոնի խմբակային ցուցահանդեսին: 1998-2010թ. մասնակցել է 28 խմբակային ու անհատական ցուցահանդեսների:

Այվազյանի նկարները պահվում են աշխարհի տարբեր վայրերում այդ թվում, Վենետիկի Ս. Ղազար թանգարանում, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Երևանի Արամ Խաչատրյան թանգարանում, Աբադանի ու Ահվազի հայոց եկեղեցիներում, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում, ԱՄՆ-ի Նոթրոփ ընկերությունում, Թեհրանի նավթային ընկերությունում, Ռիադում Սաուդյան Արաբիայի Աբդոլազիզի անվան պատմական կենտրոնի ազգային թանգարանում, Սաուդյան Արաբիայում անհատական հավաքածուներում, Օմանում անհատական հավաքածուներում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և ազգային պատկերասրահում, Ղրիմի Թեոդոսիայի Այվազովսկու անվան թանգարանում, Բոստոնի և Լոնդոնի Սինսբերիի անձնական հավաքածուներում:

Իր ստեղծագործական կյանքում Այվազյանը արժանացել է բազում մրցանակների այդ թվում՝ 1948թ. պատանիների միջազգային մրցութի մրցանակին, 1956թ. Իրանի ժամանակակից արվեստագետների առաջին մրցանակին, 1958թ. Մշակութի և արվեստի նախարարության տարեկան մրցույթի առաջին մրցանակին, որից հետո էլ ընտրվում է մասնակցելու Վենետիկի բիենալեին, 2000թ. Թագավորական հաստատության յուղանկարիչներ Winsor & Newton մրցանակի, 2001թ. R.S.M.A. ամենամյա ցուցահանդեսի մրցանակ ShipWright ընկերությունից: 2015 թվականին Այվազյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ:

Նրա ստեղծագործություններից կարող ենք հիշել՝ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, իր իսկ դիմանկարը, Իրանի տարբեր շրջանների բնապատկերներ ու քաղաքային տեսարաններ և այլ ստեղծագործություններ:

2015թ. Երևանում Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագրով ցուցահանդեսը:

2016 թ․ Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում  տեղի է ունեցել  Էդման Այվազյանի ցուցահանդեսը,որտեղ ներկայացված են եղել արևելյան և հայկական մշակույթն ու բնաշխարհն արտացոլող կտավներ: «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ». այս խորագիրն էր կրում Էդման Այվազյանի 3-րդ ցուցահանդեսը  Հայաստանում։ 

Այս ցուցահանդեսի օրերին Էդման Այվազյանը հարցազրույց է տվել Շողակաթ հեռուստատեսությանը, որն այժմ  հրավիրում ենք ունկնդրել հատվածներ այդ հարցազրույցից:

Էդման Այվազյանը մահացել է 2020թ. մարտի 25-ին Լոնդոնում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: