Գեղարվեստական հաղորդում (397)
Հարգարժան բարեկամներ ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ դոկտոր Ահմադ Նոռուզին և նույն բաժնի «Սահաբ» ցանցի տնօրեն՝ Հոսեյն Շեյխյանն այսօր 2024 թվականի առաջին օրը, այցելել են Հայերեն ռադիոժամ և Ամանորի ու Ս․ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել են ռադիոժամի աշխատակիցներին, մաղթելով,որ 2024 թվականը լինի օրհնյալ տարի քրիստոնյաների, հատկապես հայերի համար և աշխարհում տիրի խաղաղություն ու արդարություն։
Այս հանդիպմանը, բարձր գնահատելով Հայերեն ռադիոժամի աշխատակիցների աշխատանքը, և Իրանահայ փոքրամասնությանը բնութագրլով որպես բարեհամբավ ժողովուրդ, Դոկտոր Նոռոզին ասել է. «Իրանում հայերի և մուսուլմանների մշակութային միաձուլումը հրաշալի է, ինչը անհրաժեշտ է ավելի շատ ցույց տալ»։
Անդրադառնալով Իրանում փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Արևմուտքի հակաքարողչությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը հավելել է. -«Արտասահմանյան բոլոր ռադիոները, ներառյալ Հայերեն ռադիոժամը, որպես Իսլամական Հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներ համարվում են փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Արևմուտքի հակաքարոզչությունը չեզոքացնելու մեծագույն զենքը»։
Դոկտոր Նոռուզին Գազայի պատերազմի մասին ասել է.-«Մինչ Գազայի քաղաքացիներն ու խաղաղ բնակիչները տառապում են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և սպանությունների պատճառով, Իսրայելին զենք մատակարարող արևմտյան երկրները ուրախությամբ ձգտում են,որ այդ հանցագործությունները շարունակվեն»։
Այս մտերմիկ հանդիպմանը, Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրենը անդրադառնալով երկու հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի բարեկամության երկար պատմությանը, հույս է հայտնել, որ պատմական սահմանների կողքին կշարունակվեն այս հարաբերությունները։
«Սահաբ» ցանցի տնօրեն Հոսեյն Շեյխյանն բարձր գնահատելով Հայերեն ռադիոժամի տնօրենի և անձնակազմի աշխատանքը՝ Հայերեն ռադիոժամը որպես վստահելի լրատվամիջոց ճանաչվելու համար, ասել է,--«Արտասահմանյան թողարկումների Հայերեն ռադիոժամը հանդես է եկել այլ դասավորությամբ,որում նկատվում է բարձր ճաշակ»։
Շեյխյանը մեծարելով Գազայի քրիստոնյա նահատակների հիշատակը, բարձր է գնահատել Պաղեստինի քրիստոնյա համայնքի դիմադրությունը և հույս հայտնել, որ Դիմադրության շնորհիվ Սիոնիստական ռեժիմը որքան հնարավոր է շուտ կհասնի իր գոյության ավարտին»։
Հայերեն ռադիոժամի տնօրեն Ալիռեզա Հասանյանը, ներկայացնելով ռադիոյի 2023 թվականի աշխատանքների ու զարգացումների մասին զեկույցը, ասել է.- « Նոր տարում Հայերեն ռադիոժամի անձնակազմը եռանդով ու հաստատակամությամբ կշարունակի իր ճանապարհը Իրանի վերելքի և վստահելի լրատվական ծառայություններ հայ համայնքին մատուցելու ուղղությամբ»։
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն ռադիոժամը արեգակնային 1325 թվականից (1946 թ.) ի վեր ամեն օր հեռարձակում է տարբեր հաղորդումներ հայերեն լեզվով երկրի ներսում և արտերկրում ապրող հայերի համար, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի իրադարձությունների մասին տեղեկատվություն տրամադրելով, առանձնահատուկ կերպով լուսաբանում է նաև Իրանահայ համայնքի իրադարձությունները։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով:
Համերգը կայացել է հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես է եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Պատվո լեգեոնի կոլեգիան դերասան Ժերար Դեպարդիեին հնարավորություն կընձեռի բացատրություններ տալու, նախքան նրա պարգևի վերաբերյալ որոշում կայացնելը։ Դերասանը կարող է զրկվել Պատվո լեգեոնի շքանշանից ոտնձգությունների մեղադրանքների պատճառով: Այդ մասին հաղորդել է Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով Պատվո լեգեոնի մեծ դիվանատան նամակը։
«Ելնելով դերասանի կողմից նախկինում արված հայտարարությունների բնույթից՝ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր, բանակի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը Ժերար Դեպարդիեին ծանուցել է կարգապահական ընթացակարգ սկսելու մասին՝ այդ պարգևի վարքականոնի դրույթներին համապատասխան։ Համաձայն կանոնների՝ Դեպարդիեն կարող է իրեն արդարացնելու նպատակով բացատրություններ տալ հուշագրի տեսքով՝ իր անունից կամ փաստաբանի անունից», - նշված է փաստաթղթում։
Այդ նամակը դիվանատունը հասցեագրել է ի պատասխան դերասանի փաստաբանի պահանջի, որն ուշադրություն է հրավիրել այդ գործում անմեղության կանխավարկածը պահպանելու անհրաժեշտության վրա։
Դիվանատանը միաժամանակ ընդգծել են, որ Դեպարդիեի պարգևի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
1996 թվականին Դեպարդիեն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի, որը հիմնել է Նապոլեոն I կայսրը։ Դերասանը պարգևը ստացել է անձամբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակից։
Դերասանին շքանշանից զրկելու պահանջներ են հնչել 2023 թվականին, երբ ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր, թե Դեպարդիեն, ենթադրաբար, նկարահանման հրապարակում ոտնձգություններ է թույլ տվել: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ անհանդուրժելի է համարում Ֆրանսիան փառաբանած ականավոր դերասանին հանրապետության բարձրագույն պարգևից զրկելը սոսկ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Մակրոնը հանդես է եկել անմեղության կանխավարկածի պահպանման օգտին:
Երևանի կամերային թատրոնի «Պինգվինները» ներկայացման ընթացքում թե՛ փոքրիկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսը հերոսների հետ ճամփորդության է մեկնում Նոյան տապանով՝ փորձելով փրկվել ջրհեղեղից:
Ամանորյա հեքիաթը, որը հորդորում է հավատարիմ լինել ընկերներին և սիրել միմյանց, թատրոնի բեմում կլինի ոչ միայն դեկտեմբերին, այլ նաև հունվարին:
Ներկայացման մտահղացման հեղինակ և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ասում է՝ հարազատ թատրոնում մի քանի ներկայացում է բեմադրել, իսկ «Պինգվիններն» առաջին ամանորյա աշխատանքն է, որը նախատեսված է փոքրիկների համար, սակայն վստահաբար կհետաքրքրի նաև հասուն թատերասերներին:
«Երբ աշխատում ես երեխաների համար, կրկնակի պատասխանատվություն ես զգում, որովհետև մեծերին ավելի հեշտ է խաբել, քան նրանց: Թատրոնում պետք է կարողանաս համոզել հանդիսատեսին, որ այս կամ այն կերպարն ես, այս կամ այն իրավիճակում ես, հավատացնել, որ օրինակ՝ նախորդ դարի 30-ական թվականներն են և այլն, իսկ երեխան կյանքը տեսնում է այնպիսին, ինչպիսին այն կա»,-նշում է Աբրահամյանն ու խոստովանում՝ ծանր աշխատանք են կատարել և հույս ունեն, որ իրենց ջանքերն ապարդյուն չեն:
Ներկայացումը ոչ միայն ուղեկցվում է երգով, պարով, այլև ճանաչողական առումով է հետաքրքիր:
«Այստեղ իմաստ ու միտք ենք դրել, շատ կարևոր ասելիք կա. պետք է միմյանց նկատմամբ հոգատար լինել, խնայել թույլին ու անպաշտպանին, իսկ ջրհեղեղին ու Նոյան տապանի պատմությանը հետևում ենք պինգվինների աչքերով»,-ասում է ռեժիսորը:
Ստեղծագործական կազմն առաջնորդվել է «ներկայացում ամբողջ ընտանիքի համար» կարգախոսով: Դավիթ Աբրահամյանը ևս խաղում է ներկայացման մեջ՝ փոխարինելով Ավետ Զոհրաբյանին: Ասում է՝ ինքնաքննադատ է և ինքն իրենից պահանջում է ավելին, քան դերասաններից:
«Երբ դերասանին ինչ-որ խնդիր եմ տալիս, ինքս ինձ հարցնում եմ, թե ես ինչ եմ տվել նրան, ինչով եմ օգնել, որ նա այդ խնդիրը կատարի: Առաջին մասնագիտությամբ դերասան եմ և միշտ մտածում եմ, իսկ ես կարո՞ղ էի դա անել: Դերասանակենտրոն եմ մտածում»,-հավաստիացնում է ռեժիսորը:
Ներկայացման մեջ զբաղված են ոչ միայն Կամերային թատրոնի դերասանները, այլև Պատանի հանդիսատեսի թատրոնից հրավիրված դերասան Սարգիս Շողունցը, որի հետ Դավիթ Աբրահամյանը խաղացել է Կամերայինի «Հայրն ու հայը» ներկայացման մեջ: Աբրահամյանը նրան գունեղ դերասան է համարում:
Շողունցի համար մանկական ներկայացումները նորություն չեն, բայց «Պինգվինները» համարում է բոլոր տարիքի հանդիսատեսին հետաքրքրող կատակերգություն: