Փետրվար 24, 2017 21:04 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Մետաքսի ճանապարհ» խումբը նվաճել է «Գրեմմի» երաժշտական մրցանակը: Խմբի անդամ է ջութակահար Քեյհան Քալհորը:

Հայտնի ջութակահար, «Մետաքսի ճանապարհ»  խմբի պատասխանատու Յոյոման թողարկել "Sing Me Home" տեսահոլովակը: Խմբի մաս են կազմում նաև անվանի ջութակահարներ ողջ աշխարհից:

Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը:

«Մետաքսի ճանապարհ» խմբի կայքում նշված է, որ խմբի նպատակն է սերտ կապ ստեղծել տարբեր ազգությունների միջև:

«Մետաքսի ճանապարհ» խումբը կազմավորվել է 2000 թվականին: Խմբի կատարողները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են:

35-րդ «Ֆաջր» կինոփառատոն

 

Փետրվարի 9-ին իր աշխատանքներն ավարտեց 35-րդ «Ֆաջր» կինոփառատոնը, որն ուղեկցվեց ժյուռիի գործունեության եւ ընտրության հետ կապված բազմաթիվ սկանդալներով ու դժգոհություններով: Այնպես որ՝ մի քանի անվանակարգերում առաջադրված թեկնածուները հրաժարվեցին մասնկացել փառատոնի մրցանակաբաշխության եւ փակման հանդիսավոր արարողությանը:

Այս տարի լավագույն ֆիլմի «Բյուրեղապակյա Սիմորղ»-ը բաժին հասավ «Միջօրեի դեպքը» ֆիլմին, որը պատմում է 80-ականների սկզբի Իրանի ներքաղաքական կյանքի մասին:

Լավագույն ռեժիսորի անվանակարգում հաղթող ճանաչվեց «Առանց թվականի, առանց ստորագրության» ֆիլմի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդը: 

Առաջին պլանի լավագույն դերասանի «Բյուրեղապակյա Սիմորղ»-ը բաժին հասավ «Փախստական» ֆիլմի դերասան Մոհսեն Թանաբանդեին:

Առաջին պլանի լավագույն դերասանուհու «Բյուրեղապակյա Սիմորղ»-ը միմյանց հետ կիսեցին «Քներակ» ֆիլմի դերասանուհի Լեյլա Հաթամին եւ «Մրոտ տանիքի ներքո» ֆիլմի դերասանուհի Մերիլա Զարեին: Ի դեպ, սա առաջին անգամն էր, որ այս մրցանակը բաժին հասավ երկու դերասանուհու:

«Օսկար»

 

Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխությանը հաջորդող ամենամյա երեկույթի չեղարկման մասին՝ նշելով, որ դրա փոխարեն փախստականների իրավունքները պաշտպանող հանրահավաք է անցկացվելու:
Ինչպես նշում է vox.com կայքը, երեկույթի փոխարեն կազմակերպիչը՝ The United Talent Agency-ն, 250.000 դոլար կփոխանցի ԱՄՆ-ում փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող փախստականների աջակցության հիմնադրամ կստեղծի:

The United Talent Agency-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջերեմի Զիմերը մանրամասնել է, որ երեկույթի չեղարկման համար պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների դեմ վարած կոշտ քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 89-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 26-ին՝ Լոս Անջելեսում:

«Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»

 

Փետրվարի 9-ին՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ  Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
«1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում (ներկայումս՝ Բյուզանդի փողոց, շենքը չի պահպանվել) գտնվող որբանոցի սաներին հանձնարարել նկարագրել Հայոց ցեղասպանությունը: 8-15 տարեկան երեխաներն իրենց մանկական բառապաշարով պատմում են այն ամենը, ինչ կատարվել է: Սակայն 100 տարի այս  փաստաթղթերը գաղտնի են պահվել»,- գրքի շնորհանդեսին ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
Այս շարադրությունները պահվել են  «ուսանողական տետրակ» անունով: Գրքի հեղինակի կարծիքով, այսպիսի անվանում տալով այս կարևոր փաստաթղթերին, մի բարի մարդ այդպես փրկել է դրանք:

«Դրանք Հայոց ցեղասպանության մասին հուզիչ վկայագրեր են: Որպես վավերագրություն, պատմական փաստ հսկայական նշանակություն ունեն, նորություններ կան  պատմության նրբերանգների վերաբերյալ, բազմաթիվ ճշգրտություներ»,- ասաց նա:

Գրքում ներկայացված է 24 երեխայի գրած 34 տեքստ. «Ինչպես եղել են, այդպես տպվել են՝ տառասխալներով, ջնջումներով»:

Գևորգ Էմին-Տերյանի խոսքով, բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում, նրանք հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա:
«1915 թվականից Տերյանի կյանքը, պոեզիան կտրուկ փոխվում է: Այս ամենը շատ կարևոր են նրա պոեզիան հասկանալու համար»,- ասաց նա:

 

Այս տարի խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ժյուրիի նախագահն է լինելու Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Գ. Օրբելյանը։  Ժյուրիի կազմում են նաև ճանաչված բեմադրող ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, օպերային երգիչ (բաս) Բարսեղ Թումանյանը, «Գրեմմի» մրցանակի առաջադրված ճանաչված օպերային երգչուհի (սոպրանո) Իզաբել Բայրաքդարյանը:

Խաչատրյանի մրցույթի մասնակցության կարգը հաստատված է։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 25-ը։

Մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 2016-ին այն առաջին անգամ անցկացվել է «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Իսկ մինչ այդ մրցույթը կայացել է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոն

 

Մեկնարկել է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները:  Այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:

Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է:

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդներ:

 

Ազգային տարազով հայուհու գունավոր լուսանկարը ներկայացված է հազվագյուտ լուսանկարների հավաքածուում, որոնց հեղինակը Ռուսաստանում գունավոր լուսանկարների պիոներ Սերգեյ Պրոկուդին- Գորսկին է։

Սերգեյ Պրոկուդին- Գորսկու հավաքածուն ցույց է տալիս Ռուսական կայսրության պատմությունը՝ 1905-1915 թթ։ Պատկերների բարձր որակի ու վառ գույների պատճառով բարդ է պատկերացնել, որ լուսանկարը արվել է 100 տարի առաջ։ Լուսանկարչի նպատակն է եղել ներկայացնել ոչ միայն Ռուսական կայսրության տեսարժան վայրերի, այլեւ հայտնի ու անհայտ անձանց մի շարք լուսանկարներ։

Նման լուսանկարներից մեկն է ազգային տարազով հայուհու լուսանկարը։ Ըստ լուսանկարին կցված գրության, կինը լուսանկարվել է Արտվին քաղաքից ոչ հեռու 1910-ին։

Ռուս լուսանկարչի հավաքածուի մի մասը դեռ անցած դարի 40-ականներին նրա ժառանգորդների կողմից վաճառվել էր ԱՄՆ կոնգրեսի գրադարանին։

Ռիչարդ Լինկլեյտեր

 

Հայտարարվել են վերջին 25 տարիների ընթացքում 100 լավագույն ռեժիսորների անունները: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ցուցակը գլխավորում է Ռիչարդ Լինկլեյտերը:

Աղբյուրն ընդգծում է, որ լավագույն տասնյակում որևէ կին ռեժիսոր ընդգրկված չէ: Լավագույնի կոչմանն արժանացածների մեծ մասը ամերիկյան ֆիլմերի ռեժիսորներն են:

 

Մեծ Բրիտանիայում հանցագործները XV-XVI դարերի հազվագյուտ գրքեր են հափշտակել:

Դրանք գողացել են «Հիթրոու» օդանավակայանից ոչ հեռու գտնվող պահեստից: Այնտեղ ավելի քան 160 գիրք է եղել, որոնք մի քանի ժամ անց պետք է ԱՄՆ ուղարկեին: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Գողերը երեքն են եղել: Նրանց հաջողվել է պահեստ մտնել տանիքից:

Գողացված գրքերի թվում են Նիկոլայ Կոպեռնիկոսի «Երկնային ոլորտների պտույտի մասին» 1543 թվականի գիրքը, Նյուտոնի, Գալիլեյի, Լեոնարդո դա Վինչիի գրքերը, ինչպես նաեւ Դանթեի «Աստվածային կատակերգության» 1569 թվականի հրատարակությունը:

Գողոնի արժեքը 2 մլն ֆունտ է գնահատվում: Փորձագետները կարծում են, որ գրքերը գողացվել են որեւէ կոլեկցիոների պատվերով: