Փետրվար 24, 2017 21:17 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Փետրվարի 17-ին Ամիր Էսբաթիի, Արաշ Թանհայիի եւ Ամիր Սողրաթիի ջանքերով Թեհրանի «Գալերի Ա» ցուցասրահում բացվել է իրանահայ ճանաչված գրաֆիստ, դիզայներ եւ մուլտիպլիկատոր Արապիկ Բաղդասարյանի աշխատությունների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ փետրվարի 28-ը:

 Հիշեցնենք, որ Արապիկ Բաղդասարյանն Իրանի ամենաճանաչված գրաֆիստ-նկարիչներից է: Նա համրվում է իրանական անիմացիայի եւ գրաֆիկի հիմնադիրներից: Իրանի առաջին մուլտիպլիկացիոն կինոյի (Cartoon) նկարել է հենց նա:

Արապիկ Բաղդասարյանի հիշատակին է անվանակոչվել Իրանի ծաղրանկարիչների տան դահլիճը:

«Սաման» բանկը հովանավորելու է մայեստրո Լորիս Ճգնավորյանի սիմֆոնիկ նոր ստեղծագործությունը

 

«Սաման» բանկը հովանավորելու է մայեստրո Լորիս Ճգնավորյանի սիմֆոնիկ նոր ստեղծագործությունը, որը կոչվում է «Իրան» (Մեծն Կյուրոս):

Այս կապակցությամբ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է «Սաման» բանկի «Նվեր» պլաստիկ քարթերի գրաֆիկ ձեւավորման փառատոնի փակման արարողության շրջանակում: Այն ստորագրել են մայեստրո Լորիս Ճգնավորյանն ու «Սաման» բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆարիդէ Գերամի Նեժադը:

Համագործակցության պայմանագրի ստորագրման արարողության ավարտին, մայեստրո Լորիս Ճգնավորյանը շնորհակալություն է հայտնել «Սաման» բանկին՝ այս ստեղծագործությունն հովանավորելու համար: Անդրադառնալով ստեղծագործությանը նա ասել է. ««Իրան» սիմֆոնիան, պատմության ասպարեզում իմ տարիների ուսումնասիրության արդյունքն է: Դրա գաղափարը ծնվեց Կյուրոսի կյանքի եւ գործունեության ուսումնասիրության արդյունքում: Այս ստեղծագործությունը հայրենիքի առջեւ պարտքս կատարելու փորձ է»:

Անդրադառնալով ստեղծագործության բովանդակությանը, մայեստրոն նշել է, որ այն երաժշտության միջոցով եւ Կյուրոսի լեզվով ներկայացնելու է Իրանի հնագույն պատմությունն ու այն ժամանակաշրջանի իրադարձությունները:

«Հուսով եմ, որ այս ստեղծագործության շնորհիվ աշխարհը  Կյուրոսին կը ճանաչի որպես մեծ իրանցի»,- ասել է Լորիս Ճգնավորյանը՝ հավելելով, որ երաժշտությունը որպես մշակույթ ձեւավորող եւ համամարդկային ընդհանուր լեզու կարող է նպաստել իրանական մշակույթի վերելքին եւ Իրանի խաղաղության ու բարեկամության պատգամի տարածմանը:

Նշենք, որ «Սաման» բանակն ավելի վաղ հովանավոր է նաեւ ճանաչված երաժիշտ Շահրդադ Ռոհանիի «Պարսից ծոց» սիմֆոնիայի հրատարակումը:

Թեհրանի հայոց դպրոցների մշակութային փառատոն

 

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնությամբ եւ Մշակութային հանձնախմբի կազմակերպմամբ, փետրվարի 17-ին «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում  կայացավ Թեհրանի հայոց դպրոցների մշակութային փառատոնի երաժշտական գործիքների բաժինը:

Առավոտյան ժամը 10-ից հաջորդաբար ելույթներ ունեցան նախ տարրական օղակի, ապա միջնակարգ օղակի դասական կատարողները, այնուհետեւ ժամը 17:00-ից էստրադային կատարումները՝ ժյուրիի կազմերի ներկայությամբ:

Մրցույթին մասնակցում էին շուրջ 110 աշակերտ-աշակերտուհիներ:

Հեքիաթասացության միջազգային 19-րդ փառատոն

 

ԻԻՀ մանուկների ու պատանիների զարգացման կենտրոնի գործադիր տնօրենը նշել է, որ Իրանի հեքիաթասացության արվեստը յուրահատուկ դիրք է զբաղեցնում ներքին ու միջազգային ոլորտում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ալիռեզա Հաջիանզադեն կիրակի օրը Հեքիաթասացության միջազգային 19-րդ փառատոնի փակման հանդիսության ընթացքում ասել է. «Աշխարհի 13 երկրներից փառատոնի այս շրջանին մասնակցած հեքիաթասացները հավատացած են, որ նկատի առնելով արձանագրված  առաջընթացը, Իրանը կարող է առաջատար դիրք զբաղեցնել հեքիաթասացության բնագավառում»:

«Փառատոնին մասնակցող արտասահմանցի հյուրերը նշել են, որ  շատ փառատոնների են մասնակցել, սակայն դրանցից որևէ մեկն իր որակով չի կարող համեմատվել Իրանի փառատոնի հետ»,-հավելել է Հաջիանզադեն:

Նրա խոսքերով. «Փառատոնին մասնակցել էին 1700 հեքիաթասցներ, որոնց միջից ընտրվեցին 11 լավագույնները»:

Իրանի հեքիաթասացության միջազգային 19-րդ փառատոնը տեղի ունեցավ փետրվարի 15-ից 19-ը ` Թեհրանի «Հեջաբ» դահլիճում և կիրակի գիշեր ներկայացնելով ներքին ու միջազգային բաժնի լավագույններին, ավարտեց իր աշխատանքը:

Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդես

 

Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը փետրվարի 17-ին մեկնարկեց Խնկո ապոր անվան մանկական գրադարանում: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան ցուցահանդեսն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդես-վաճառքն առաջին անգամ գործեց հինգ օր՝ փետրվարի 17-21-ը:

«Ավանդաբար իարականացվող ցուցանհանդես-տոնավաճառի նպատակը հասարակությանը, հատկապես՝ պատանիներին նոր լույս ընծայվող լավագույն մանկապատանեկան գրքերին ծանոթացնելն  ու ընթերցանության զարգացումն է: Համագործակցություն է իրականացվում Սփյուռքի նախարարության հետ: Ներկայացված է նաև սփյուռքում հրատարակվող գրականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է գրադարանի փոխտնօրեն Մադլենա Հովսեփյանը:

Ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակություններով մասնակցել են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում որոշ հրատարակչություններ գրքերը վաճառել են հատուկ զեղչերով:

Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսված էին էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:

Image Caption

 

փետրվարի 19-ին, Հայաստանում Գիրք նվիրելու օրն էր: Օրն ընտրվել է, քանի որ 1869 թվականի փետրվարի 19-ին (հին տոմարով՝ փետրվարի 7-ին) է ծնվել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Օրվա առիթով Հայաստանում տարբեր միջոցառումներ անցկացվեցին: Բոլորովին վերջերս գիրքն ամենացանկալի նվերն էր: Եվ հիմա Հայաստանում փորձում են վերականգնել երբեմնի ավանդույթները եւ նոր սերնդի մոտ գրքի ու ընթերցանության հանդեպ սեր արթնացնել:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

 

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին գրողի տուն-թանգարանում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ անցկացվեցին: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը:

«Ստեղծելու ենք ստվերների թագավորություն, որը խորհրդավոր մութ ու լույս աշխարհի անկյուն կլինի: Այն կզվարճացնի և’ երեխաներին, և’ մեծահասակներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փոխտնօրենը:

Անի Եղիազարյանի խոսքով`Թումանյանը տարբեր իրերի հավաքածուներ ունի, որոնց մի մասն իրենք ցուցադրել են անցյալ տարի, իսկ մյուս մասը պատրաստվում են ներկայացնել այս տարի:

«Կցուցադրվեն նրա հավաքած հանքաքարերը, երեխաների համար նախատեսված տարբեր երկրներում հայտնի խաղերի ու գրքերի տեսակները, որոնք նա հավաքել և փորձել է տեղայնացնել»,-ասաց փոխտնօրենը:

Թումանյանի ծննդյան օրը ամփոփվեց գրողի ընտանեկան կահույքից մնացած մասերի ցուցադրությամբ, որոնք երկար ժամանակ պահվել են թանգարանում, սակայն չեն ներկայացվել հանրությանը, իսկ վերականգնման համար մեծ գումարներ են ծախսվել:

«Քանի որ փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օրն է, թանգարանը նոր նախաձեռնությամբ հանդես կգա: Ցուցադրելու ենք Թումանյանի հեքիաթների ձեռագործ գրքերը: Այցելուները կտեսնեն, թե ինչպես են պատրաստվում այդ փափուկ գրքերը, որոնք երեխաների համար կարող են նաև բարձ ծառայել: Հետագայում մարդիկ կարող են պատվիրել իրենց ցանկացած հեքիաթների ձեռագործ տարբերակները»,- հայտնել է նա:

Պետական աջակցության դեպքում գրողի ծննդյան 150-ամյակին թանգարանում նոր էքսպոզիցիոն ցուցադրություն կլինի:

 

Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը փետրվարի 17-ին ստացել է Կանադայի Ազգային Շքանշան բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: Տիտղոսը նրան է շնորհել Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, իր ֆեյսբուքյան էջում գրել է Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը:

«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների եւ բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Որպես կինոռեժիսոր` նա ձեռք է բերել միջազգային համբավ` միեւնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Էգոյաի ստեղծագործական գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաներին: Նվիրելով իր ժամանակը եւ տաղանդը` նա նաեւ դասավանդում է եւ հանդիսանում մշակութային միջոցառումների եւ կինոփառատոնների ակտիվ մասնակից եւ ժյուրիի անդամ: Նա նաեւ տաղանդավոր վիզուալ արտիստ է եւ թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- գրել է նա:

Ալեխանդրո Տանտանյան

 

Բուենոս Այրեսի Սերվանտեսի անվան ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի Ալեխանդրո Տանտանյանը։ «Հայերն այսօր»-ը գրում է, որ երկրում մեծ համբավ վայելող Սերվանտեսի անվան թատրոնն ավելի շատ հայտնի է որպես Բուենոս Այրեսի Ազգային թատրոն` արդեն իսկ այն պատճառով, որ այն Արգենտինայի միակ ազգային թատերական հաստատությունն է, և այստեղ են հանդես եկել իսպանախոս աշխարհի հայտնի շատ ու շատ արվեստագետներ։

Այդ հայտնիներից մեկն է երգիչ, դերասան, ռեժիսոր, արվեստագետ, թատերական գործերի հեղինակ Ալեխանդրո Տանտանյանը։ Հիմնադիրն է «Հարավային Համայնապատկեր» նախագծի, որի շրջանակներում, ի թիվս այլ գործերի, կատարվում է արվեստագետների փորձի և աշխատանքների փոխանակում։ Միաժամանակ, նա միշտ իր գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձրել երգարվեստին` ոչ միայն անձնապես է հանդես եկել իր կատարումներով, այլև կազմել է առանձին ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականացվել են Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում:

Որպես ռեժիսոր տասնյակ գործեր է ներկայացրել հանդիսատեսի ուշադրությանը` Շեքսպիրից մինչև  Բերտոլդ Բրեխտ և իսպանացի Ալբերտո Կոնսեխերո։ Իբրև սցենարիստ և ռեժիսոր՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բեմ բարձրացրած Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա»-ի Տանտանյանի տարբերակը։

Բազմաթիվ են օպերային գործերը, որոնք ներկայացրել է ոչ միայն Բուենոս Այրեսում, այլև երկրից դուրս։ Նա մասնակցել է ավելի քան 60 միջազգային տարբեր փառատոների` արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Նրա առանձին գործերը թարգմանվել են պորտուգալերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն։