Գեղարվեստական հաղորդում (51)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհավորելով «Վաճառողը» ֆիլմի լավագույն արտասահմանյան ֆիլմի Օսկար մրցանակի արժանանալու կապակցությամբ ընդգծեց, որ իրանցիները ներկայացնում են քանի քանի հազարամայ մշակույթ ու քաղաքակրթություն:
Իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի կինոարվեստի ու գիտությունների ակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխության ընթացքում շահեց լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգի Օսկար մրցանակը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հղած ուղերձում ասված է. «Իրանն Օսկարյան մրցանակ շահելու և մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու օրենքին ընդդիմանալու պատճառով պարծենում է «Վաճառողը» ֆիլմի անձնակազմով»:
Ասղար Ֆարհադին և «Վաճառողը» ֆիլմի անձնակազմը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագրի դեմ ի նշան բողոքի չմասնակցեցին Օսկարի մրցանակաբաշխությանը և նրանց փոխարեն մրցանակն ստացան իրանցի առաջին կին տիեզերագնաց Անուշե Անսարին և ՆԱՍԱ-ի նախկին տօրեններից Ֆիրուզ Նադերին:

Հազարավոր բրիտանացիներ ու Բրիտանիայում բնակվող մեծ թվով իրանցիներ անցած շաբաթ գիշեր Լոնդոնի «Թրաֆալգար» հրապարակում հնարավորություն են ունեցել դիտել իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի հեղինակած և Օսկարի մրցանակի թեկնածու «Վաճառողը» ֆիլմը:
Օսկարի մրցանակաբաշխության սեմին այս ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր Լոնդոնի մուսուլման քաղաքապետ Սադիղ Խանի նախաձեռնությամբ, ինչը բողոքի քայլ է համարվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պառակտիչ քաղաքականությունների դեմ:
Սադիղ Խանն այս ծրագիրը կազմակերպել էր բրիտանացի մի խումբ կինոգործիչների համագործակցությամբ: Նախաձեռնությունը նպատակ ուներ պաշտպանել տարբեր ազգություններն ու կրոնները և նրանց միջև միասնականությունը:
Վերջերս բրիտանացի մի խումբ դերասաններ ու կինոգործիչներ պահանջել էին մուսուլման յոթ երկրների և այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվելու դեմ ի նշան բողոքի Ասղար Ֆարհադիի ֆիլմը ցուցադրել Լոնդոնում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության դիմացի հրապարակում:
Յոթ երկրների և այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը երեք ամսով ԱՄՆ արգելող Թրամփի հրամանը պատճառ դարձան որ Ասղար Ֆարհադին և «Վաճառողը» ֆիլմի դերասանական կազմը չմասնակցեն 2017 թվականի Օսկարի մրցանակաբաշխության հանդիսությանը:

ՌԴ-ի 12-րդ կինոփառատոնում, իրանական «Լիան գետը» վավերագրական ֆիլմը արժանացել է այդ երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ մրցանակին:
ՌԴ-ի ուղղափառ եկեղեցու ջանքերի շնորհիվ այդ երկրում անցկացվել է ՌԴ-ի 12-րդ կինոփառատոնը:
«Ֆաջր»-ի միջազգային 31-րդ կինոփառատոնում նույնպես «Լիան գետը» վավերագրական ֆիլմը լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում արժանացել էր «Բյուրեղյա Սիմորղ» լավագույն նկարահանման մրցանակի և լավագույն հետազոտություն դիպլոմի:
«Լիան գետը» վավերագրական ֆիլմը խոսում է Իրանի Բուշեհր նահանգի «Հելլե» և «Մանդ» երկու կարևորագույն գետերի մասին:
Բուշեհր նահանգը «Լիան» է կոչվել Էլամցիների ժամանակաշրջանում:

Այս օրերին Երևանում Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովման վերաբերյալ հարցեր են քննարկվում:
Զբոսաշրջության պետական կոմիտեում անցած շաբաթ քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Քննարկմանը մասնակցել են տրանսպորտի և կապի, արտաքին գործերի, մշակույթի նախարարությունների, Հ Պետական եկամուտների կոմիտեի, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:
Ի դեպ, Panorama.am-ը պարսկալեզու մի քանի հաղորդումներ է պատրաստել Հայաստանի գեղատեսիլ վայրերի մասին:
Մոտ օրերս լույս կտեսնի գրող Համո Սահյանի բանաստեղծությունների ընտրանին: Tert.am-ին այս մասին հայտնել է Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը:
Վերջինս նշեց, որ ապրիլին լրանում է Համո Սահյանի 103-ամյակը, և այս առիթով ինքը որոշել է հոր աշխատանքները զետեղել մեկ գրքում: Ընտրանին, Նաիրի Սահյանի խոսքով, կազմվել է իր` Համո Սահյանի ամենասիրելի բանաստեղծություններից:
«Չեմ ուզում գովալ, անհամեստություն կլինի, բայց հրաշալի գրքույկ է ստացվել: Հավաքել եմ տարբեր տարիների գրածները մեկ գրքում, այն բանաստեղծություններն են, որոնք ինքը շատ էր սիրում, բոլորն են սիրում, ես եմ սիրում: Կան նաև անտիպ բանաստեղծություններ, այնպիսիք, որոնք հայտնի չեն, բայց արժանի են հայտնի դառնալուն»,- նշեց Նաիրի Սահյանը:
Ժողովածուում ներառված է նաև մեկ բանաստեղծություն իր մոր կողմից՝ Համո Սահյանի կնոջ, որը նվիրվել է ամուսնուն և մեկ բանաստեղծություն իր կողմից՝ նվիրված ծնողներին:
Նաիրի Սահյանը խոստովանեց, որ ապրիլին Հայաստանը խառը կլինի ներքաղաքական զարգացումներով, սպասվով իրադարձություններով, ուստի որոշվել է հիշատակի օրվան նվիրված ընտրանու շնորհանդեսը անցկացնել մարտին:

Մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որը մոսկովյան հանդիսատեսին կծանոթացնի «հայկական իմպրեսիոնիզմ» երևույթին:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհին իր վեհասքանչ լեռներով, միջնադարյան փառահեղ տաճարներով, ավանդական հիանալի խոհանոցով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով, Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով: Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը այժմ ներկայացնում է հայ արվեստագետներին, որոնք յուրացրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի լավագույն ավանդույթները և որոնց ստեղծագործություններն իրենց արժանիքներով չեն զիջում Էդուար Մանեի, Էդգար Դեգայի և Օգյուստ Ռենուարի կտավներին:
Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը ներկայացնելու է 19 արվեստագետների 54 աշխատանքներ, որոնք տրամադրում են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր:
Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ:
Կհրատարակվի պատկերազարդ կատալոգ, որը հայկական իմպրեսիոնիզմը որպես գեղարվեստական երևույթ լուսաբանող հոդվածներից բացի կներառի ցուցադրվող վարպետների կենսագրական ակնարկներ ու հետաքրքրաշարժ փաստեր նրանց նկարների մասին: Տեղի կունենան դասախոսություններ, թեմատիկ բանավեճեր, երաժշտական երեկոներ, էքսկուրսիաներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հունիսի 4-ը:

Հայտնի է դարձել «Օսկար 2017» արձանիկների արժեքը: Ամեն տարի դրանք «Օսկար»-ի կազմակերպիչներին ավելի ու ավելի թանկ են արժենում:
2011-ին մեկ «Օսկար»-ը 400 դոլար է արժեցել, մինչդեռ 2017 թվականին՝ արդեն 696 դոլար: Ըստ Forbes-ի՝ հետաքրքիր է, որ սա այս գինը չի համապատասխանում շուկայական արժեքին, որը մի քանի տասնյակ անգամ թանկ է նշված գնից:
Օրինակ՝ Մայքլ Ջեքսոնը, որն արձանիկներ էր հավաքում, «Օսկար»-ի համար ավելի քան մեկուկես միլիոն դոլար է առաջարկել, բայց չի ստացել ցանկալին, քանի որ պարգեւատրվողներն իրավունք չունեն վաճառել դրանք:

Երբ թնդանոթները խոսում են, մուսաները այնուհանդերձ փորձում են չլռել:
Եվրանյուզը գրում է, որ նկարիչ Ֆատտահ Մոհամմեդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքներից մեկում՝ Մոսուլի արվարձանում, բացել է պատկերասահ: Նա իր արվեստի գործերը ստեղծելու համար օգտագործում է աղբ ու թափոններ, հիմնական զինամթերքի: Նրա խոսքով, այս ճանապարհով նա փորձում է դիմակայել բռնությանն ու դառնությանը, որը պայմանավորված է Իրաքում երկարատև ռազմական հակամարտությամբ:
Նկարիչ, պատկերասրահի տնօրեն Ֆատտահ Մոհամմեդն ասել է. «Սա հնարավորություն է, որը ես եմ ինքս ինձ համար ընտրել: Ես ուզում եմ ասել և քաղաքացիական ակտիվիստներին, և բնապահպաններին, և ուղղակի մարդկանց, ովքեր պատերազմի զոհ են դարձել, չնայած բոլոր սարսափներին, մենք փորձում ենք մնալ մարդ, և մեր մեջ մնացել է ստեղծագործ սկիզբը: Ահա թե ինչու ես բացեցի այս պատկերասրահը»:
Իրաքի հյուսիսային նահանգներում առավել հաճախ կարելի է հանդիպել այրված և վնասված տանկերի, քան մեքենաների: Ֆատտահի համար դրանք դարձել են այն, ինչ սովորաբար նկարչի համար դառնում է կտավն ու ներկը:
«Ես չեմ օգտագործում գույներ, ես օգտագործում եմ այրման տեխնիկան: Դա ունի նաև խորհրդանշական բնույթ: Ինձ թվում է, որ այդ տեխնիկան փոխանցում է ընդհանուր վիճակը, որում այսօր գտնվում է Իրաքը»,- ասել է նկարչը:
Ամերիկացի բանաստեղծ ու արձակագիր Ուոլթ Ուիթմենի ստեղծագործության հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել մինչ այդ անհայտ նրա աշխատությունը՝ «Ջեք Էնգլի կյանքն ու արկածները», գրում էMeduza.–ն։
Վեպը գտել են Sunday Dispatch թերթի արխիվներում։ Այն տպագրվել էր թերթի մի քանի համարներում՝ 1852-ին։
Հեղինակի անունը հրապարակումներում չէր հիշատակվում։ Սակայն Ուիթմենի օրագրերում եղել է այդ ստեղծագործության մանրակրկիտ սինոպսիսը։ Մինչ այդ համարվում էր, որ Ուիթմենը անավարտ է թողել այդ վեպը։
«Ջեք Էնգլի կյանքն ու արկածները» հրապարակվել է Walt Whitman Quarterly Review պորտալում ու հասանելի է անվճար ներբեռնման համար։ Վեպը մի նյույորքցի փաստաբանի մասին է, որին հաջողվել է դուրս գալ չքավորությունից ու դառնալ հանրահայտ։