Գեղարվեստական հաղորդում (76)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հաղարծնի վանքում օգոստոսի 11-ին և 12-ին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն իրականացրեց ֆիլմի բացօթյա դիտումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն երկրորդ տարին է «Ֆրեսկոն» հյուրընկալվում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի կողմից:
«Ֆրեսկո փառատոնին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նախորդ տարիների մրցանակակիր ֆիլմերը: Այս միջազգային իրադարձության նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական բարձր արժեքների վերահաստատմանն ու ամրապնդմանը:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մաղթել է բարի ընթացք «Ֆրեսկո»-ին և նշել, որ հատկապես այսօր կարևոր է ժամանակակից արվեստի միջոցով հոգևոր և բարոյական արժեքների քարոզումը: Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Ֆրեսկոյի» հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ ընձեռած հնարավորության և փառատոնին աջակցելու համար և նշել, որ համոզվում են՝ փառատոնը միանշանակ պետք է անցկացվի Հայաստանի բոլոր այն վայրերում, որտեղ կան եկեղեցիներ և վանքեր, հնագույն որմնանկարներ, խաչքարեր, հայի հզոր հավատքի վկայություններ:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 25- ին Երևանի Կարապի լճի տարածքում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ֆոտոցուցահանդեսներ, վարպետության դասեր և վրանային ճամբար: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
«Armenia uncovered» վավերագրական ֆիլմը կներկայացնի Հայաստանը օտարազգիներին: Ֆիլմի ստեղծման գործընթացում ընդգրկված են հայ մշակութային գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «The beautifies project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանն ասաց, որ ֆիլմը, հավանաբար, կցուցադրվի որևէ միջազգային հեռուստաընկերությամբ:
«Ֆիլմի ստեղծման նպատակը Հայաստանը, հայերին օտարազգիներին ներկայացնելն է: Շատերի համար Հայաստանը ետխորհրդային երկիր է, որը փորձում է հասնել Եվրոպային: Նրանք ցանկանում են ներկայացնել ժամանակակից Հայաստանը: Ֆիլմում Հայաստանը կներկայացվի որպես շատ հետաքրքիր բազմամշակութային երկիր՝ հարուստ իր բնությամբ, ուտեստներով, որպեսզի գրավի զբոսաշրջիկներին»,-ասաց Անդրե Սիմոնյանն ու հավելեց, որ ֆիլմի վերնագիրն («Armenia uncovered»-«Բացահայտենք Հայաստանը») արդեն իսկ հուշում է, որ Հայաստանը մի գաղտնիք է, որն իրենք ցանկանում են բացահայտել այլազգիների համար:
Նրա խոսքով՝ հեղինակները նկարահանում են երկրի մշակույթի տարբեր բաժիններ՝ խոհարարություն, դերասանություն, երաժշտություն, նորաձևություն…
Խորովածի միջազգային փառատոնը ևս հետաքրքրել է նկարահանող թիմին, և կինոգործիչները որոշել են նաև այն ընդգրկել: Նկարելու են նաև Խոր Վիրապը, Գառնի-Գեղարդը, տարբեր թանգարաններ, փառատոններ, օրինակ՝ Ավանդական երգի-պարի փառատոնը:
«Ֆիլմը ստեղծող թիմը հավաքվել է տարբեր երկրներից: Թիմում ներառված են ավստրիացի, ամերիկացի, միացել են նաև երևանցիներ: Նրանք փորձում են ամեն օր գնալ 3-4 տեղ՝ նկարել տարբեր երևույթներ»,-ասաց Անդրե Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ փորձելու են ժապավենը ցուցադրել որևէ միջազգային հեռուստաընկերությամբ, որպեսզի հայ մշակույթը մատուցվի այլ ժողովուրդներին:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ Գլենդեյլի քաղաքային իշխանությունները նամակ են ստացել Caruso Affiliated ընկերության օպերացիոն հարցերով գործադիր փոխնախագահ Ջեքի Լևիից, որում ընկերությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունն ու համաձայնել քաղաքի ամենահայտնի Americana at Brand առևտրի կենտրոնում փակցնել Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդային պաստառները:
Ինչպես նշում է Asbarez-ը, նամակում նաև ասվում է, որ ընկերության ներկայացուցիչները կհամագործակցեն ֆիլմի պրոդյուսերների հետ:
«Մենք միշտ էլ դատապարտել ենք աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող բռնություններն ու վայրագությունները, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը»,-նշվում է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության նամակում:
Հայտնի է նաև, որ ֆիլմի գովազդային պաստառների փակցման համար Caruso Affiliated-ը պրոդյուսերներից գումար չի վերցնի:
«Մենք չափազանց հարգում ենք այս քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին ու գնահատում նրանց արժեքները»,-եզրափակել է նամակի հեղինակ Լևին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունից հետո ողջ մնացածների պատմությունները: Փորձագետները ցուցադրում են ժխտողականության և դրա հետևանքների կապը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին:
Ռուսաստանի կինոընկերություններից մեկը պատրաստվում է սկսել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
«Ռուսարմինֆո»-ի հաղորդմամբ, «Սուսերով պարը» վերնագրով ֆիլմի ռեժիսորը և սեցնարիստը Յուսուպ Ռազիկովն է: Ֆիլմը նկարահանելու է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ընկերությունը: Նկարահանումները կսկսեն 2018-ին, կլինեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում:
Նախատեսվում է, որ կոմպոզիտորի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերում են Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թանգարանը «պատշաճ վիճակի բերել»:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ Պուտինը Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկից հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է շենքը: Գայդուկը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ թանգարանի հիմնական կառույցը վերանորոգման ավարտի կարիք ունի:
Պուտինը նաև աջակցել է տնօրենի առաջարկը՝ Ռուսական աշխարհագրական միության ուշադրությունը նկարչի կենսագրության ուսումնասիրությանը հրավիրելու մասին:
Աղբյուրը հավելում է, որ Գայդուկը Պուտինին է նվիրել Այվազովսկու նկարների վերարտադրություններով և գիտական հոդվածներով գիրքը:

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 52 կտավի՝ այդ թվում Հովհաննես Այվազովսկու և Իվան Շիշկինի գործերի համար, որոնք 2014 թվականի մարտին փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան, գրում է interfax.ru-ն:
«Ուկրաինայի թանգարանային ֆոնդին պատկանող XVIII-XIX դարի նկարիչների 52 նկարների նկատմամբ, որոնք 2014 թվականի մարտին անօրինական կերպով փոխանցվել են Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան, Ինտերպոլով հայտարարվել է պետական և միջպետական հետախուզում: Դրանց թվում են համաշխարհային նշանակության այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսին են Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշերը, Իվան Շիշկինի «Ճանապարհն անտառում» և այլն»,- հայտնել են Կիևում գործող Ղրիմի ինքնավար հանրապետության դատախազության մամուլի ծառայությունից:
Կտավների մոտավոր գինը 2014 թվականի մարտի 20-ի դրությամբ գնահատվում է 1,324 միլիոն դոլար:
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից:
Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հոլիվուդյան դերասան, կատակերգու և սցենարիստ Ջերի Լյուիսը մահացել է 91 տարեկան հասակում:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, դերասանը սրտի մի շարք վիրահատությունների է ենթարկվել, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում է վիրահատվել:
Ջերի Լյուիսին մեծ ճանաչում է բերել դերասան և ջազ կատարող Դին Մարտինի հետ համատեղ աշխատանքը: Լյուիսն առաջին հերթին հայտնի է իր երգիծական համարներով, որոնցով ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, ինչպես նաև ֆիլմերի համար գրված հումորային սցենարներով: Այդ ֆիլմերի շարքին է պատկանում «Ցնդած պրոֆեսորը» մելոդրաման:
«Երեք Քրիստոս» ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջոն Էւնէթը, իսկ սցենարի համահեղինակներն են ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոլրագրող Էրիկ Նազարեանն ու Էւնէթը, կցուցադրւի Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: Գրում «tert.am»-ը:
Ինչպէս ներկայացնում է «The Armenian Weekly»-ն, ֆիլմը պատմում է բժիշկ Ալան Սթոունի մասին, որը բուժում է շիզոֆրենիայով տառապող 3 հիւանդի, որոնցից իւրաքանչիւրը վստահ է, որ Յիսուս Քրիստոսն է: Ֆիլմում նկարահանւել են Ռիչարդ Գիրը (բժշկի դերում), Փիթեր Դինկլէյջը, Ջուլիանա Մարգուլիսը, Վալթոն Գոգինսը, Բրեդլի Վիթֆորդը եւ Ջէյն Ալեքսանդրը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին յայտարարւել է օգոստոսի 15-ին: Կինոփառատօնի կազմակերպիչները յայտարարել են նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկեանի «Լա Վիլլա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին:
Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատօնն անցկացւելու է սեպտեմբերի 7-17-ը:
Անցած շաբաթ թանգարանները, որոնցում պահվում են Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, Facebook Live-ի ուղիղ եթերում են եղել՝ պատմելով նկարչի ու նրա հայտնի շարքի մասին, փոխանցում է Gazeta-ն:
Ակցիային մասնակցել են Ամստերդամում Վան Գոգի թանգարանը, Լոնդոնի Ազգային պատկերասրահը, Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանը, Մյունխենում Նոր Պինակոտեկան եւ Տոկիոյում «Սեյջի» արվեստի թանգարանը։
«Արեւածաղիկներ» շարքը ստեղծվել է 1888-1889 թվականներին, Արլում։ Նկարները երբեք միասին՝ մեկ ցուցահանդեսի շրջանակում, չեն ցուցադրվել։
Վեցերորդ նկարը մասնավոր հավաքածուում է, վերջին անգամ այն ցուցադրվել է 1948 թվականին։ Յոթերորդը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհաին պատերազմի ավարտին, Ճապոնիայում՝ ամերիկացիների ռմբակոծության հետեւանքով։