Դեկտեմբեր 18, 2017 16:03 Asia/Yerevan

Իրանական շուկա հաղորդաշարի այս համարում ներկայացնելու ենք Իրանի ցեմենտի արդյունաբերությունը:

Պետությունների տնտեսության ենթակառուցվածքների ապահովման հարցում կարևորագույն տարրերից է ցեմենտը: Ուղիղ հարաբերություն կա յուրաքանչյուր պետության տնտեսական աճի և մեկ շնչի հաշվով ցեմենտի սպառման միջև: Ցեմենտը անվանում են «տնտեսության աճի ու զարգացման թթխմորը»: Բազմաթիվ երկրներում, հատկապես արդյունաբերական պետություններում, ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է համարվում: 1980-ական թվականներից հետո մի շարք տնտեսագետներ համակցված ցուցանիշներով մոդելի օգտագործմամբ սկսեցին գնահատել պետությունների տնտեսական բարեկեցությունն ու զարգացումը: Ներդաշնակ համակցված ցուցանիշներով մոդելում, որը ներկայացվել է Մաք Գրանահանի կողմից պետությունների տնտեսական աճն ու զարգացումը գնահատելու և միմյանց հետ համեմատելու համար, ցեմենտի արտադրության քանակը կիրառվում է մարդկային զարգացման, հուսադրող կյանքի, կրթության մատչելիության և առևտրի դրական հաշվեկշիռի ցուցանիշների կողքին: Ժամանակակից աշխարհում ցեմենտը հիմնական շինանյութերից մեկն է և համարվում է զարգացման ու կառուցապատման ծրագրերի նախապայմանը:  Ոմանք նույնիսկ ցեմենտի նշանակությունը վեր են դասում քան պողպատի նշանակությունը:

Ցեմենտը փափուկ, ջուր ներծծող և մանր քարերը ամուր միմյանց կպցնող  փոշի է , որը ձեռք է բերվում սիլիկոնի օքսիդի, ալյումինի օքսիդի և երկաթի օքսիդի հետ կալցիումի օքսիդի հալեցված ու թրծված խառնուրդներից: Այդ փոշու շաղախը ջրի տակ կամ օդի հետ շփման պայմաններում հետզհետե կարծրանում է և չփոխելով իր ծավալը, պահպանում է իր դիմադրողականությունը: Պատմական հուշարձանների վերաբերյալ հնագիտական հայտնագործությունները, ուսումնասիրությունները և պատմաբանների աշխատությունները վկայում են այն մասին, որ հռոմեացիները առաջինն են եղել, որ իրար հետ խառնել են թրծված կիրն ու պուզզոլանը: Նոր արտադրանքը տվեց իր արդյունքը շենքերի կառուցապատման, ջրային ու ծովային կառույցների, այդ թվում կամուրջների, ջրամբարների, նավամատույցների և նմանատաիպ այլ շինությունների կառուցման գործում:

Ներկայումս աշխարհում արտադրվում է 30 տեսակի ցեմենտ: 2015թ. աշխարհում արտադրվեց ավելի քան 4 հազար տոննա ցեմենտ, որի կեսից ավելին Չինաստանում օգտագործվեց: Աշխարհում Չինաստանը ամենախոշոր ցեմենտ արտադրողն ու սպառողն է: Կանխատեսվում է, որ մինչև 2020թ. մեկ շնչի հաշվով ցեմենտի սպառման համաշխարհային ցուցանիշը կաճի և  539Կգ-ից կհասնի 640 Կգ-ի: 2015թ. աշխարհում Իրանը ցեմենտ արտադրող առաջին տասը պետությունների ցուցակում էր:

Պատմության վկայությամբ, իրանցիները հնամենի փորձ ունեն շինանյութերի ճանաչման ու պատրաստման հարցում: Իրանի տարբեր հատվածներում պատմության տարբեր ժամանակաշրջաններից մեզ հասած հուշարձանները, այդ թվում Պարսից Ծոցի ծովային փարոսները, կամ ջրամբարներն ու նավահանգստային կառույցները, որոնք կառուցվել են կրի ու կավահողի խառնուրդից, վկայում են այդ կապակցությամբ իրանցիների գիտելիքների մասին: Աշխարհագրական առումով Իրանը գտնվում է կրային լեռնաշղթաներով շրջապատված տարածաշրջանում , ուստի Իրանում առատորեն գոյություն ունեն ցեմենտի արտադրման համար անհրաժեշտ հումքը: 1928թ. սկսվեցին նախնական ուսումնասիրությունները Իրանում առաջին ցեմենտի գործարանը հիմնելու և դրան անհրաժեշտ նյութերի պաշարների գնահատման համար: Հինգ տարի անց Թեհրանի հարավից 7 Կմ հեռավորության վրա՝ Բիբի շահրբանու և Սարսարեհ լեռների մոտակայքում Ռեյի ցեմենտի ընկերության կողմից շահագործման հանձնվեց օրական 100 տոննա թողունակությամբ Իրանի առաջին ցեմենտի հնոցը:

Պատկեր 1952թ. Թեհրանի ցեմենտի գործարանից

Իրանում ցեմենտի արտադրության մեկնարկից ութ տասնամյակ անց այսօր այս արդյունաբերությունը երկրի ենթակառուցվածքային ոլորտներից մեկն է և առնչություն ունի Իրանի արդյունաբերության բազմաթիվ ոլորտների ու ծառայողական կենտրոնների հետ: Այս արտադրության նշանակությունը բխում է կառուցապատման ակտիվություններում նրա հիմնարար դերակատարությունից: Իրանական ցեմենտը աշխարհի որակյալ ցեմենտներից մեկն է: Ներկայումս Իրանում գործում են ավելի քան 70 ցեմենտի գործարան, որոնք Իրանի հողի ունակությունների շնորհիվ ի վիճակի են արտադրել ցեմենտի տարբեր տեսակներ, այդ թվում պուզզոլանի և քլինկեր տեսակները Իրանի ազգային ստանդարտների համաձայն: Իրանում գոյություն ունի քլինկեր տեսակի թրծման հնոցի արտադրման 93 հոսքագիծ, որոնցից ավելի քան 40-ը 10 տարուց էլ պակաս կյանք ունեն: Իրանի ցեմենտի արդյունաբերությունում անմիջապես աշխատողների թիվը ավելի քան 20 հազար է, որոնք հիմնականում այս բնագավառի մասնագետներն են: Այս արդյունաբերությունը անմիջականորեն աշխատատեղեր է ստեղծել ավելի քան 120 հազար մարդու համար:

Վերջին տասնամյակի ընթացքում զգալի աճ է ապրել Իրանի ցեմենտի արդյունաբերությունը և 156 տոկոս աճի ցուցանիշով տարեկան ավելի քան 32 միլիոն տոննա արտադրության ծավալից հասել է ավելի քան 83 միլիոն տոննա ցուցանշին : Իրանում ցեմենտի արդյունաբերությունը մշտապես գտնվել է զարգացման վիճակում  և վերջին տարիներին  ցեմենտի արտադրման ու արտահանման ասպարեզում Իրանի դիրքն այս բնագավառում ակտիվ պետությունների շարքում աճող է եղել: Չնայած Իրանի դեմ եղած շրջափակումներին, ցեմենտի արդյունաբերությունը իր հումքն ապահովելու համար ներմուծումների կարիք չի զգացել և գործարաններին անհրաժեշտ մեխանիզացիան ու սարքավորումները այնքան էլ շրջափակումների տնտեսական ու ֆինանսական ազդեցությունների տակ չեն եղել: Ցեմենտի արդյունաբերությունում աշխատող իրանցի մասնագետները իրենց ունակությունների ու հմտությունների շնորհիվ ի զորու են եղել լուծել այս արդյունաբերության սարքաշարային խնդիրները:

Էսթեհբանի սպիտակ ցեմենտը

Իրանում ցածր է ցեմենտի արտադրման ինքնարժեքը: Էներգակիրների մատչելի գինը, որակյալ հումքի առատությունը, տեխնիկական գիտելիքների առկայությունը և երկրի ներսում անհրաժեշտ սարքավորումների մոտ 80 տոկոսի արտադրումը նպաստել են նրան, որ իրանական ցեմենտի գինը նպատակային շուկաներում մրցակցային առավելություն ունենա: Վերջին տարիներին Իրանի արտադրած ցեմենտը արտահանվել է Իրաք, Աֆղանստան, Միջին Ասիայի և աֆրիկյան պետություններ, այդ թվում նաև Գանա՝  Իրանի հարավում գտնվող Բանդար-Աբբաս նավահանգստի միջոցով: Ցեմենտի արդյունաբերության համար ուրվագծված հեռանկարի համաձայն, կանխատեսվում է՝ 2025թ. տարբեր տեսակի ցեմենտի արտադրությունը կհասնի 120 միլիոն տոննայի , որից ավելի քան մեկ չորրորդի արտահանումը դեպի այլ երկրներ նշված փաստաթղթի նպատակներից են համարվում: 2025թ. փաստաթղթում ցեմենտի արդյունաբերության ընդհանուր նպատակներից են այս բնագավառում արդյունավետության բարձրացումը, մրցունակության մեծացումը, էներգիայի ու ջրի օգտագործման օպտիմալացումը,   որակի բարձրացումը, միջազգային մակարդակում արտադրանքի ստանդարտների պահպանումը, ինչպես նաև բնապահպանական օրինաչափությունների ցուցանիշների ձեռքբերումը:

Ներկայումս աշխարհում մեկ տոննա քլինկերի (պորտլանդ ցեմենտի արտադրման համար անհրաժեշտ նյութ) արտադրման դիմաց արտադրվում է մեկ տոննա ածխաթթու գազ, մինչդեռ ցեմենտի արտադրման գործընթացում հավելումների օգտագործումը մեծ հաշվով կարող է նպաստել ցեմենտի արտադրման գործընթացից առաջացվող աղտոտումների նվազմանը: Ցեմենտի արտադրման աղտոտումների նվազման ուղղությամբ Իրանում մի գիտելիքահենք ընկերություն կարողացել է երկաթի հալեցման արդյունաբերությունում առկա խարամները* (slag) որպես հումք օգտագործելով ստեղծել կանաչ ցեմենտը: Կանաչ ցեմենտը գիտելիքահենք ու վերականգնվող արտադրանք է, որը համապատասխանումէ բնապահպանության չափանիշներին: հարկ է նշել, որ մեկ տոննա չմշակված երկաթի արտադրման արդյունքում ստեղծվում է 600-1000 Կգ խարամ: Մեկ տոննա կանաչ ցեմենտի օգտագործումը կանխում է բնության մեջ ավելի քան 900 Կգ խարամի մուտքը: Էներգակիրների նվազագույն օգտագործումից բացի, կանաչ ցեմենտի առավելություններից կարելի է նշել սովորական ցեմենտի հետ համեմատած ճնշման, թթվային ու քայքայող գործոնների  դեմ նրա դիմացկունությունը, քիմիական հավելումների անհրաժեշտության բացակայումը, շոգ եղանակում բետոնապատման համար բարենպաստ բետոնի արտադրման ծախսերի կրճատումը, պիտանելիության երկար տևողությունը առանց ցեմենտի հատկանիշների փոփոխման, բարձր ջերմաստիճաններում թրծման անհրաժեշտության բացակայումը և մթնոլորտում ածխաթթու գազի արտաներտման նվազումը:

 

Ցեմենտի ու քլինկերի օգտագործման խնայողության նպատակով, Սպահանում գտնվող Սեփահանի ցեմենտի ընկերության գիտահետազոտողներին հաջողվել է արտադրել ABS կոչվող գիտելիքահենք մի արտադրանք:  Նշված նյութը պողպատի խարամի վրա հիմնված խառնուրդի տեսակ է: Պողպատի խարամը այս արդյունաբերության թափոններից է, որի չօգտագործման հետևանքով կարող է բնապահպանական աղտոտում առաջանալ: ABS նյութի արտադրման և այն բետոնին ավելացնելու շնորհիվ բետոնի արժեքի նվազման կողքին երկարաձգվում է նրա կարծրացման ժամանակը: Այս հատկությունը հնարավորություն է տալիս բետոնը տեղափոխել աշխարհագրական ավելի հեռու տարածություններ: ABS-ի այլ հատկանիշներից է այն, որ բետոնապատման գործընթացում հիդրացիայի ջերմության նվազման արդյունքում կրկնապատկվում է բետոնի դիմացկունությունը:  

-----------------------

  • Այն կողմնակի և արհեստական արտադրանք է, որը երկաթի հալեցման հնոցներում երկաթի տարանջատման ժամանակ ձեռք է բերվում երկաթաքարում առկա անզուտ նյութերից: Խարամը սիլիկատների և մետաղական օքսիդների բարդ համակցություն է , որը առաջանում է անզուտ նյութերի սառեցումից հետո: