Օգոստոս 08, 2016 00:27 Asia/Tehran

Պարսկերենն աշխարհի գիտական 15-րդ լեզուն է: Գիտական հղումների ՍՔՈՓՈՒՍ (SCOPUS) կայքից քաղված տեղեկությունների համաձայն պարսկերեն լեզվի դիրքը, որպես աշխարհի գիտական լեզուներից մեկը 2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին երկու աստիճան բարձրանալով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Պարսկերեն 

Գիտությունը համաշխարհային քարավան է ու այդ քարավանում բոլորը պիտի իրար հետ շփվեն ու կապ հաստատեն տարածված լեզուներով: Իրանն ի՞նչ դիրք է զբաղեցնում համաշխարհային այս քարավանում: Պարսկերենն աշխարհի գիտական 15-րդ լեզուն է: Գիտական հղումների ՍՔՈՓՈՒՍ (SCOPUS) կայքից քաղված տեղեկությունների համաձայն պարսկերեն լեզվի դիրքը, որպես աշխարհի գիտական լեզուներից մեկը 2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին երկու աստիճան բարձրանալով աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:

Աշխարհով մեկ ցրված գիտնականներն ու հետազոտողներն իրենց գիտական ճյուղի վերջին զարգացումների ու նվաճումների մասին տեղեկանում են գիտական հանդեսներից: Գիտական հանդեսները ժամանակակից գիտության աշխարհում տեղեկությունների փոխանակման կարևոր միջոցներից են, սակայն բոլոր հանդեսները նման յուրահատկությամբ օժտված չեն: Միջազգային գիտական հղումների կայքերը  դասակարգում են միջազգային մասշտաբով հրատարակվող հեղինակավոր հանդեսներն ու այդ պատճառով էլ այս կայքերը համարվում են աշխարհի գիտական կարևոր անոթները:

Տեղական լեզվով գիտական հոդվածների արտադրությունը տարբեր երկրներում գիտական զարգացման ցուցանիշներից է համարվում: Իհարկե դա ունի նաև իր ընդդիմախոսները, որոնք ասում են, թե գիտությունը պիտի ներկայացվի միջազգային մի լեզվով, սակայն դրա պաշտպաններն այդ քայլի տեղական գործառույթը համարում են իրենց համաձայնության գլխավոր պատճառը: Թեև գիտական հղումների ՍՔՈՓՈՒՍ (SCOPUS) և Այ Էս Այ (ISI) կայքերի միջոցով դասակարգվող գիտական հանդեսների հոդվածների մեծ մասի լեզուն անգլերենն է, սակայն այդ կայքերում գրանցվում են նաև այլ լեզուներով հանդեսներ: Այսպիսով անհրաժեշտ չէ, որ հոդվածի լեզուն անպայման անգլերեն լինի, այլ տարբեր լեզուներով հրատարակվող գիտական հանդեսները յուրաքանչյուր հոդվածի համար բացի գլխավոր լեզվից, հոդվածի խորագիրը, ամփոփ բովանդակությունը, աղբյուրներն ու նաև հեղինակի մասին տեղեկությունները դասակարգման համար ներկայացնում են անգլերեն լեզվով: Հոդվածի ամբողջ բովանդակությունից օգտվելու համար անհրաժեշտ է տիրապետել տվյալ լեզվին, իսկ երկլեզու հանդեսների դեպքում ցանկացած լեզվով հոդվածը դասակարգվում է տարբեր խմբում ու այդպիսով միջազգային հղումների կայքերը մանրամասնորեն արձանագրում են ցանկացած հանդեսի ցանկացած հոդվածում օգտագործված լեզուն:

Իրանի գիտական համապարփակ քարտեզում գիտության ու տեխնոլոգիայի համար հստակեցված են ութ գլխավոր նպատակներ, որոնցից վեցերորդը գիտական միջազգային լեզուների շարքին պարսկերեն լեզվի դիրքի բարձրացումն է: Այս ուղեքարտեզում հիշյալ նպատակի իրագործման համար տարբեր քայլեր են մատնանշվել, որոնք են արտասահմանցի ուսանողների ընդունումը, պարսկերեն սահուն լեզվով գիտական հոդվածների արտադրությունը, աշխարհի տարբեր համալսարաններում պարսկերեն լեզվի ամբիոնների հիմնադրումը և պարսկերենի ուսուցման հեշտ ու արագ մեթոդների մշակումը:

Պարսկերեն լեզու

Թեհրան համալսարանի լեզվաբանության ամբիոնի դասախոս դոկտ. Ալի Աշրաֆ Սադեղիի համոզմամբ. «Որևէ լեզու իր էությամբ գիտական տարբեր ճյուղերին վերաբերող հասկացություններն արտահայտելու համար կատարյալ չի կարող լինել: Բոլոր լեզուներն ունեն մի ընդհանուր եզր: Որևէ հասարակության մեջ գիտության ու մշակույթի հզորացումը հանգեցնում է տվյալ հասարակության լեզվի հզորացմանը: Գիտության առաջադիմության արդյունքում նոր հասկացություններ են առաջանում ու գիտնականներն այդ հասկացությունները բացատրելու համար արտադրում են նոր բառեր: Պարսկերեն լեզվով գիտական արձակը հիմնականում արտադրվել է լուսնային հիջրեթի 4-րդ, 5-րդ և  6-րդ դարերում, սակայն այդ շրջանին պատկանող գիտական բոլոր արձակ աշխատասիրությունները վկայում են, որ այդ լեզվի արմատը գտնվում է լուսնային հիջրեթի առաջին դարերում: Իրանցի մտավորականներ իրենց աշխատասիրություններում օգտագործել են եզրույթներ, որոնց կարելի է պարսկերեն գիտական եզրույթներ համարել, ինչպես նվազումը, հավելումը և կամ մաթեմատիկական ու բժշկական բազմաթիվ տերմիններ: Ժամանակակից հասկացությամբ պարսկերեն լեզվով գիտական արձակ աշխատասիրությունը սկսվել ու շարունակվել է Մոհամմեդ Ջորեյր Թաբարիի, Աբուռեյհան Բիրունիի և Ավիցեննայի պես մեծությունների աշխատասիրություններին: Լուսնային հիջրեթի 4-րդից 6-րդ դարերից սկսված այս շարժումը գագաթնակետին հասավ լուսնային հիջրեթի 7-րդ և 8-րդ դարերում և աստղագիտության, մաթեմատիկայի, աշխարհագրության ու բժշկության ոլորտում պարսկերեն լեզվով տարբեր գրքեր գրվեցին: Ժամանակակից Իրանում էլ վերջին 70 տարիներին պաշտոնական մարմինների, այդ թվում ակադեմիաների ու տարբեր ճյուղերի դասախոսների գիտակից աշխատանքի արդյունքում գիտական տարբեր հասկացությունների արտահայտման համար պարսկերեն լեզվում մեծ առաջադիմություն է նկատվում»:

Գիտությունն ու գիտական զարգացումը անջրպետի մեջ չի իրականացվում այլ կարիք ունի միջավայր հանդիսացող լեզվի, որը գիտությանը համազոր կենսունակ ու ծնող պիտի լինի: Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ երկրների տնտեսությունն էլ գիտահեն է դառնում ստեղծարար ու կենսունակ լեզվի գոյության անհրաժեշտությունն ավելի զգալի է դառնում:

Գիտական լեզուն լեզվի կիրառական տեսակն է, որն օգտագործվող բառապաշարի հետ կապված ունի որոշակի յուրահատկություններ: Գիտական շփումներում որպես տեղեկությունների փոխանակման միջոց լեզվի դերակատարությունը գերազանցում է նրա մյուս կիրառություններին և այդտեղ որևէ նշանակություն չունեն գրական արտահայտմանը բնորոշ փոխաբերությունները և պատկերավոր ու սիմվոլիկ արտահայտությունները:

Գիտական լեզվում իդեալական պայմաններում հնարավոր պիտի լինի պարզ կապ հաստատել պատճառի ու հետևանքի միջև ու այդ պատճառով էլ գիտական լեզուն պիտի լինի պարզ ու անպաճույճ, որտեղ բառերն ու տերմինները պիտի բացատրեն հստակ երևույթներն ու հասկացությունները: Լեզվական այս տեսակի հայտնագործումը պահանջում է գիտական երկխոսության ստեղծումն ու ընդլայնումը: Գիտական քննարկումների ու աշխատասիրությունների միջոցով հետզհետե ժամանակակից լեզվի լեզվական կաղապարներն ու բառապաշարը համապատասխանեցվում են գիտական երկխոսության պահանջներին և ժամանակակից լեզվում ընդհանուր ու անորոշ իմաստով օգտագործվող եզրույթները ստանում են հստակ իմաստ և կամ նոր տերմիններ են ի հայտ գալիս: Այս թաքուն գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ  ցանկացած գիտական բնագավառում հստակ իմաստով տերմիններ են առաջանում: Հետևաբար գիտական լեզվի մշակումը ժամանակ պահանջող գործընթաց է և կախում ունի հասարակության մտային ու մշակութային գործընթացներից: Մի կողմից գիտական զարգացման ու գաղափարական զարգացման գործընթացներն ազդում են գիտական լեզվի մշակման վրա և միևնույն ժամանակ գիտական լեզվի մշակումն էլ ազդում է տվյալ հասարակության գիտական ու մտային աճի վրա:

Լեզուն հասարակության մշակույթի մեջ կենսունակ դերակատարություն ունի և ազդում է անհատի ու հասարակության մտածողության վրա: Հերդերը համոզված է. «Լեզուն, որպես մի համակարգ, որը պատկանում է մի ժողովրդի, ձևավորում է տվյալ ժողովրդի աշխարհայացքը: Լեզուն միայն միջոց չե, այլ մտածողության պաշարն ու արտաքին ֆասադն է: Պաշարն այն իմաստով, որ բազմաթիվ սերունդների փորձն ու գիտությունը կուտակվում է լեզվի մեջ ու դրա օգնությամբ ու ուսուցման միջոցով փոխանցվում է հաջորդ սերունդներին»: Հերդերն ասում է. «Լեզուն գիտության ֆասադն է ու մտածողությունը կատարվում է ոչ միայն դրա միջոցով, այլ նաև դրա հիման վրա»: Լեզուն որպես այն համակարգը, որի օգնությամբ խորհում ենք նաև ազդում է իրականությունների մասին մեր ընկալման ու հետևաբար նաև մեր վերաբերմունքի վրա:

Լեզվի յուրահատկություններից մեկը դրա կենսունակ ու ստեղծարար լինելն է: Իրականության մեջ այն ինչ մարդու լեզուն առանձնացնում է մյուս կենդանիների լեզվից դրա սահման չունեցող ստեղծարարությունն է: Գիտությունը զարգանում է ու առանց զարգացման անիմաստ է լինելու: Միևնույն ժամանակ գիտությունն ունի իր յուրահատուկ լեզուն: Հետևաբար գիտության լեզուն պիտի կենսունակ լինի ու քայլ պահի այդ հառաջադիմության հետ: Մենք պարսկերեն լեզվում ունենք կրոնական օրենսգիտության և կամ հին աստղագիտության լեզու և նույնիսկ մի այլ մակարդակում տարբեր խաղերին պատկանող լեզու: Այս լեզուները ստեղծարար են եղել ու իրենց համար արտադրել են տերմիններ:

Պարսկերեն լեզու

Որպես վերջին խոսք պիտի ասել, որ առանց լեզուն նախապատրաստելու գիտության ու տեխնոլոգիայի փոխանցումը բարդ է լինելու: Գիտությունն ու տեխնոլոգիան երկիր փոխադրելու համար անհրաժեշտ է, որ պարսկերեն լեզուն գիտության լեզու լինի: Հանրային մշակույթի մակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնոլոգիայի մշակույթի հետ ժողովրդի ծանոթացումը հնարավոր է լինելու գիտության լեզվի միջոցով: Քանի որ եթե ժողովուրդն ընդունակ չլինի ըմբռնել օրվա գիտության ու տեխնոլոգիայի լեզուն, երկրում առաջադիմությունն էլ անհնարին է լինելու:

Առանց կարող ու հնչեղ լեզու ունենալու չի կարելի արդյունաբերական անկախության հասնել: Անկախության ու ինքնաբավության համար անհրաժեշտ է գիտական լեզու ունենալ:

 Ավանդական մշակույթի պահպանումն ու դրա զարգացման համար հող պատրաստելն էլ միայն գիտական լեզվով է հնարավոր լինելու:

 

Պիտակ