Հունվար 08, 2017 15:28 Asia/Tehran
  • Աջ ծայրահեղականության և իսլամաֆոբիայի աճը Եվրոպայում(3)

Ողջույն ձեզ սիրելի՛ ռադիոլսողներ, կրկին և մեծ սիրով ձեր դատին ենք հանձնում «Աջ ծայրահեղականության և իսլամաֆոբիայի աճը Եվրոպայում» հաղորդաշարի հերթական թողարկումը, ընկերակցե՛ք մեզ։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Եվրոպայում աջ ծայրահեղական շարժումների ծագման և առանձնահատկությունների մասին։ Աջ ծայրահեղականությունը Եվրոպայում առաջացավ նախորդ դարի 20-30-ական թվականներին։ Այն որպես այդպիսին սկիզբ առավ Իտալիայում և Գերմանիայում՝ նացիզմի և ֆաշիզմի տեսքով։ Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպական երկրները բախվեցին բազմաթիվ տնտեսական խնդիրների, և ստեղծված ծանր պայմաններում աջ ծայրահեղականությունը կրկին գլուխ բարձրացրեց։ Ծայրահեղականության այս տեսակը որպես այդպիսին ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ ունի նացիզմի և ֆաշիզմի հետ։ Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք աջ ծայրահեղականության որոշակի առանձնահատկությունների մասին։ Դրա առանձնահատկություններից են հակաիսլամական բնույթը, հակագլոբալիզացումը, Եվրամիությանը դեմ լինելը և պոպուլիզմը։ Հատկանշական է, որ աջ ծայրահեղականությունը եվրոպական երկրներից շատերում՝ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ Իսլանդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում մեծ տարածում ունի։ Այդ երկրներում օրեցօր ավելի ու ավելի ստվար են դառնում ծայրահեղականների շարքերը։ Ինչպես արդեն նշեցինք՝ աջ ծայրահեղականության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն պոպուլիստական բնույթ ունի։ Պոպուլիզմը առաջացել է լատիներեն populus կամ popularis բառից, որը նշանակում է ամբոխավարություն։ Պոպուլիզմ բառը ունի բացասական իմաստ։ Պոպուլիզմը քաղաքական դիրքորոշում է կամ ժողովրդական լայն զանգվածներին կոչ անող հռետորաբանական ոճ:

Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը նվաճելու զանգվածների աջակցությունը, ինչպես նաև տարբեր միջոցներով դուր գալ ժողովրդին: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ-քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:

Պոպուլիստները իրենց հռետորաբանությունը կառուցում են` շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը, ինչպես նաև բարձրաձայնելով նրանց խնդիրները։

    Եվրոպայի պոպուլիստական կուսակցությունները

 

Ավելի հստակորեն կարող ենք ասել, որ պոպուլիստը այն քաղաքական գործիչն է, ով հանդես է գալիս բոլորի կամ բացարձակ մեծամասնության կողմից ընդունվող և դուրեկան հայտարարություններով ու կոչերով։ Նման կերպ պոպուլիստները ազդում են մարդկանց էմոցիոնալ դաշտի վրա, ձեռք բերում նրանց աջակցությունը և օգտագործելով մարդկանց դժգոհությունների ալիքը ցանկանում են որքան հնարավոր է մեծ իշխանություն ձեռք բերել։ Պոպուլիստական հոսանքների պատկանող քաղաքական գործիչները շատ հաճախ խաբեությունների միջոցով կարողանում են հասարակությանը ուղղորդել իրենց համար ձեռնատու ուղղությամբ։ Նրանք ստեղծում են երևութական թշնամիներ, որոնց դեմ, իբրև թե, անհրաժեշտ է անհապաղ պայքար մղել։ Որպես կանոն պոպուլիստները այդ երևութական թշնամիների վրա են բարդում ինչպես երկրի, այնպես էլ հենց իրենց սեփական անհաջողությունները։ Նրանք հանդես են գալիս որպես աղքատների և կարիքավորների պաշտպաններ և առերևույթ դեմ են դուրս գալիս հարուստներին։ Սովորաբար հասարակության լայն զանգվածները անմիջապես ընկնում են պոպուլիստների պատրաստած ծուղակը և գործիք են դառնում նրանց ձեռքերում։ Որպես կանոն բազմաթիվ խնդիրներով լի հասարակություններում նմանօրինակ ծայրահեղական մոտեցումները չափազանց մեծ արագությամբ են տարածվում, քանի որ մարդիկ անմիջապես սկսում են հավատալ, որ ստախոս պոպուլիստները կկարողանան հարթել իրենց դժվարությունները։ Եվրոպական երկրները նախորդ տասնամյակում բազմաթիվ տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտի խնդիրների բախվեցին։ Տնտեսական ճգնաժամի պատճառով ցնցվեց ողջ Եվրոպան և ընդունեց կոշտ տնտեսական քաղաքականության ծրագիրը, որը ևս լուրջ հետևանքներ ունեցավ։ Կոշտ տնտեսական ծրագրերը իրականացնելուց հետո Եվրոպայում էլ ավելի խորացավ ճգնաժամը, ինչը հանգեցրեց միջին խավի կենսամակարդակի զգալի նվազմանն ու աղքատների թվաքանակի մեծացմանը։ Ահաբեկչական սպառնալիքները և փախստականների հոսքը բավականին պարարտ հող նախապատրաստեցին աջ ծայրահեղականության տարածման համար։ Ստեղծված պայմաններում պոպուլիստները կայծակնային արագությամբ ներխուժեցին քաղաքական ասպարեզ և ժողովրդականություն ձեռք բերելու նպատակով սկսեցին հակաիսլամական և փախստականների Եվրոպա տեղափոխվելու դեմ կարգախոսներով հանդես գալ։ Նման քաղաքական գործիչները հասարակության համակրանքը շահելու համար պատրաստ են ցանկացած քայլի։

Եվրոպայի աջ ծայրահեղական պոպուլիզմը

   Աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ի հայտ գալը հարցականի տակ է դրել եվրոպական լիբերալ երկրների ձեռքբերումներն ու եվրոպական միասնության գաղափարը ։ Ծայրահեղականների առաջին հաջողությունները գրանցվեցին Բրիտանիայում, երբ 2016 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում այդ երկիրը դուրս եկավ ԵՄ-ի կազմից։ Այդ ամենը կատարվեց ազգային ինքնության պահպանման պատճառաբանությամբ։ Եվրոպական երկրներում  ծայրահեղականությունը շատ հաճախ դրսևորվում է ազգայնամոլության տեսքով։ Ազգայնամոլությունը Եվրոպայի աջ ծայրահեղական կուսակցությունների հիմնական առանձնահատկություններից մեկն է։ Ազգային շահերի պաշտպանությանը ձեռնամուխ լինելը և ազգին սիրելը գովելի են մշտապես, սակայն եթե այդ ամենը հանդես է գալիս ծայրահեղական երանգներով, ապա անմիջապես դատապարտելի է դառնում։ Ծայրահեղ նացիոնալիզմի բնորոշ հատկանիշներից են սեփական ազգի գերագնահատումն ու մյուս ազգերի նսեմացումը։ Ազգայնամոլները համոզված են, որ իրենց տեսակետների տարածումը նպաստում է ազգապահպանմանը։ Նրանք կուրորեն հավատում են, որ պետք է փրկեն իրենց երկիրը օտարներից, որոնք շատ վտանգավոր են։ Ի դեպ, օտար բառի տակ նրանք հասկանում են ցանկացած տարբերություն՝ ռասսայական, կրոնական, ազգային և այլն։ Ազգայնամոլությունը շատ վտանգավոր է, քանի որ որպես կանոն տարածվում է մեծ արագությամբ։ Այն, որպես ծայրահեղականության տեսակ դեմ է հանդես գալիս մարդկանց հավասարության միջազգային օրենքներին։ Եվրոպայում այժմ բավականին խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել կապված փախստականների մեծ հոսքի հետ։ Գաղտնիք չէ, որ Եվրոպա ժամանած փախստականներն ու բնիկ եվրոպացիները ունեն բազմաթիվ տարբերություններ՝ ազգության, կրոնի, մշակույթի, հաճախ նաև ռասսայի և այլն։ Եվրոպական երկրների ծայրահեղական կուսակցություններն ու քաղաքական գործիչները բավականին հմտորեն օգտագործում են այս տարբերությունները և փասխտականներին ներկայացնում են որպես սպառնալիքներ։ Այդ անտուն, շատ հաճախ պատերազմի պատճառով ճարահատյալ իրենց հայրենիքը լքած մարդկանց եվրոպացի ծայրահեղականները ներկայացնում են որպես ազգային, հասարակական և մշակութային սպառնալիքներ։ Նմանօրինակ մթնոլորտում բազմաթիվ հարձակումներ են տեղի ունենում փախստականների ճամբարների վրա՝ հատկապես Գերմանիայում, որոնք մեծ մասամբ աջ ծայրահեղական կուսակցությունների գաղափարական ազդեցության արդյունքն են հանդիսանում։ Գերմանիայի Հանրապետական և Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունների գաղափարախոսությունները, համեմատած մյուս կուսակցությունների, ամենաշատն են հիմնված ազգայնամոլության վրա։

2008 թվականին տեղի ունեցած դաշնային ընտրություններում Գերմանիանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը բազմաթիվ ազգայնամոլական կարգախոսներով էր հանդես գալիս՝ «Մենք Գերմանիան մաքրելու ենք» և «Գերմանիան միայն գերմանացիների համար է, բոլոր օտարները պետք է լքեն այն»։ Այս կարգախոսները, ըստ երևույթին, Փեգիդա շարժման ազդեցության օրինակներ են։ Փեգիդա շարժումը հիմնադրվել է 2014 թվականին Գերմանիայի Դրեսդեն քաղաքում։ Փեգիդան գերմաներեն հապավում է, որը բացվում է հետևյալ կերպ․ «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացմանը»։ Երկու տարի բուռն գործունեությունից հետո շարժումը տարածվեց նաև Գերմանիայի սահմաններից դուրս։ Այս շարժումը Եվրոպայում ծայրահեղականության տարածված լինելու ևս մեկ անհերքելի ապացույց է։ Աջ ծայրահեղական կուսակցությունները ներկայումս Եվրոպայում բավականին լուրջ քաղաքական մրցակից են դարձել մյուս կուսակցությունների համար։ Երբ 2002 թվականին Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ժան Մարի Լյուպենը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցավ, բոլոր ֆրանսիացիները զգացին երկրում ֆաշիստական կարգեր հաստատվելու վտանգը։ Այսօրիսկ այս վտանգավոր ծայրահեղական ուղղությունը Եվրոպայում մեծ տարածում ունի։ Մեր օրերում այն կոչվում է նեոֆաշիզմ, որը ցավոք դարձել է ժամանակակից Եվրոպայի իրականությունը։

 

Եվրոպայի միջին աջակողմյան կուսակցությունները ևս կրկնում են ծայրահեղականների կարգախոսները, որպեսզի չզրկվեն ժողովրդական աջակցությունից։ Փաստորեն ներկայումս եվրոպական երկրներում իշխանության համար պայքարից դուրս չմնալու համար անհրաժեշտ է փախստականների նկատմամբ որքան հնարավոր է կոշտ դիրքորոշում ունենալ։

Շնորհակալ ենք, որ ընկերակցեցիք մեզ հարգելի՛ ռադիոլսող բարեկամներ։ Այս հաղորդաշարի մյուս թողարկման ընթացքում ձեզ կներկայացնենք աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների այլ առանձնահատկություններ։

 

 

 

 

Պիտակ