Հունվար 21, 2017 14:19 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք Եվրոպայում փախստականների նկատմամբ ձևավորված վերաբերմունքի և իսլամաֆոբիայի դրսևորումների մասին, որոնք մեծ մասամբ աջ ծայրահեղականության հետևանքներ են հանդիսանում։

Ողջո՛ւյն, հարգելի ռադիոլսողներ, մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում «Աջ ծայրահեղականության և իսլամաֆոբիայի աճը Եվրոպայում» հաղորդաշարի չորրորդ թողարկումը։ Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների պոպուլիստական զեղումների և ազգայնամոլական բնույթի մասին։ Ինչպես հայտնի է, պոպուլիստները օգտագործում են բոլորի համար դուրեկան կարգախոսներ, ազդում են մարդկանց էմոցիոնալ դաշտի վրա, պարզեցնում են խնդիրները և այդպիսով փորձում են ընտրություններում ձայներ շահել։ Նրանց հիմնական նպատակը հասարակության որոշակի դժգոհությունների օգտագործումն է սեփական նպատակներին հասնելու համար։ Իսկ այդ նպատակը բոլորին է հայտնի․ որքան հնարավոր է մեծ իշխանություն ունենալ։ Պոպուլիստները մեծ մասամբ հիմնվում են հասարակության բացասական էմոցիաների վրա, ինչպիսիք են ատելությունն ու նախանձը։ Նրանք իրենց նպատակներին հասնելու համար հորինում են աներևույթ թշնամիներ և երկրի բոլոր խնդիրները բարդում են նրանց վրա։ Ազգայնամոլությունը աջ ծայրահեղական կուսակցությունների երկրորդ առանձնահատկությունն է։

      Ազգայնամոլություն

 

Այլ ազգերի և ազգային-սոցիալական խմբերի նկատմամբ ատելությունը ծայրահեղ նացիոնալիզմի արդյունք են հանդիսանում։ Եվրոպայում ծայրահեղականության այս տարատեսակի տարածվածությունը հանգեցրել է նաև ռասիզմի աննախադեպ տարածմանը։ Ազգայնամոլությունն ու ռասիզմը իրենց հերթին հանգեցրել են փախստականների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և իսլամաֆոբիայի առաջացմանը։ Բազմաթիվ կարծիքներ կան նաև այն մասին, որ փախստականների հոսքը Եվրոպա մեծ նշանակություն է ունեցել աջ կուսակցությունների գաղափարախոսական զարգացումների վրա։ Աջ ծայրահեղական կուսակցությունների գործունեությունը կարելի է որոշակիորեն նմանեցնել պոպուլիստական գործելաոճին, քանի որ նրանք նույնպես որոշակի՝ իրենց համար նպատակահարմար իրավիճակներում փորձում են հասարակության դժգոհությունները օգտագործել իրենց օգտին։ Փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքը Եվրոպայում նորություն չէ։ Այդ աշխարհամասում անցյալում բազմիցս տեղի են ունեցել հասարակական խմորումներ, որոնց ընթացքում, կարելի է ասել, ձևավորվել է ներկայիս իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ փախստականները աջ ծայրահեղականների համար բավականին խոցելի են։ Մի քանի կարևոր իրողություններ Եվրոպայում նպաստավոր պայմաններ են ստեղծել աջ ծայրահեղականության տարածման համար։ Նախ պետք է նշել, որ փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա եղել է միջինարևելյան ճգնաժամային իրավիճակների պայմաններում։ Իսկ այդ ճգնաժամային պայմանները, ինչպես հայտնի է, գոյացել են արևմուտքի երկրների վարած երկդիմի քաղաքականության արդյունքում։ Մյուս կողմից փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի, օտարաֆոբիայի և իսլամաֆոբիայի առաջացման հիմնական գործոններից են հանդիսացել ահաբեկչական գործողություններն ու սպառնալիքը։ Բնական է, որ Աֆրիկայի հյուսիսից և Միջին Արևելքից Եվրոպա տեղափոխված փախստականների մեծ մասը մուսուլմաններ են, այդ իսկ պատճառով օտարաֆոբիան Եվրոպայում հիմնականում դրսևորվում է իսլամաֆոբիայի երանգներով։

     Աջ ծայրահեղականության և իսլամաֆոբիայի աճը Եվրոպայում

Աջ ծայրահեղական կուսակցությունների գործունեության անկյունաքարային առանձնահատկությունները օտարավախությունը և իսլամաֆոբիան են հանդիսանում։ Աջ ծայրահեղականները համոզված են, որ փախստականների և տեղաբնիկների միջև հակասությունների հիմնական պատճառը ոչ թե ռասսան է, այլ մշակութային տարբերությունները։ Եվրոպա տեղափոխված մուսուլմանները շատ հաճախ չեն ցանկանում կորցնել իրենց ազգային ինքնությունը, այդ իսկ պատճառով դիտվում են որպես օտարներ և պոտենցիալ հակառակորդներ։ Նմանատիպ իրավիճակներում գրեթե միշտ ակտիվանում են աջ ծայրահեղականները և ստահոդ լուրեր տարածում այն մասին, թե իբր ամեն ինչի մեղավորը, չակերտավոր ասված «օտարներն» են։ Աջ ծայրահեղականները կարծում են, որ փախստականները և նրանց ընտանիքները եվրոպական հասարակության մեջ ստեղծում են անհամատեղելի սոցիալ-մշակութային խմբեր, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Եվրոպայի մշակույթի համար։ Նրանք հաճախ օգտագործում են պոպուլիստական կարգախոսներ, օրինակ՝ «ֆրանսիան ֆրանսիացիների համար»՝ հասարակության լայն զանգվածներին իրենց կողմը գրավելու և շահագործելու համար։ Փախստականների նկատմամբ նման վերաբերմունքը հակասում է մարդկանց հավասարության իրավական սկզբունքին։ Հենց այս հակասության արդյունքում է ի հայտ գալիս իսլամաֆոբիան։ Հատկանշական է, որ փախստականները եվրոպական երկրներում ներկայացվում են որպես երեք տեսակի սպառնալիքներ՝ մշակութային, անվտանգության և տնտեսական։ Եվրոպայում փախստականներին համարում են մշակութային սպառնալիքներ, քանի որ նրանք հակված են պահապանելու իրենց ազգային ինքնությունը։ Շատերը կարծում են, որ փախստականները չեն կարող մշակության առումով հարմարվել ընդունող երկրին։ Որոշ դեպքերում նրանց նույնիսկ «ցունամի» են անվանում։ Փախստականներին համարում են անվտանգության ոլորտի սպառնալիքներ, քանի որ Եվրոպայում ընդունված է փախստականների հանցագործների հետ նույնացնելը։ Եվ վերջապես, ըստ եվրոպացիների փախստականները նաև տնտեսական սպառնալիք են, քանի որ երկիրը հսկայական միջոցներ է վատնում նրանց ընդունելու համար։ Աջ ծայրահեղականները շարունակ պնդում են, որ փախստականները՝ աշխատանքի ընդունվելով եվրոպացիներից խլում են այդ հնարավորությունը։ Եվրոպայում գործազրկության մակարդակը աջ ծայրահեղականները հիմնականում կապում են փախստականների առկայության հետ։ 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ընթացքում նման պնդումների թիվը անհամեմատ աճեց, ինչը հնարավորություն տվեց աջ ծայրահեղականներին ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերել։

   Փախստականների նկատմամբ վերաբերմունքը Արևմուտքում

 

Ինչպես արդեն նշեցինք, Եվրոպայի փախստականների մեծամասնությունը մուսուլմանական հասարակության անդամներ են, այդ իսկ պատճառով կարելի է ասել օտարաֆոբիան հիմնականում դրսևորվում է իսլամաֆոբիայի միջոցով։ Ներկայումս իսլամաֆոբիայի տարածումը աջ ծայրահեղական կուսակցությունների գործունեության հիմնական առանձնահատկություններից է համարվում։ Գերմանիայում հիմնադրված Փեգիդա շարժումը իսլամաֆոբիա տարածելու արդյունավետ միջոց է դարձել եվրոպացիների համար։ Ներկայումս Եվրոպայում հաջողության են հասնում այն աջ ծայրահեղական կուսակցությունները, որոնք մուսուլմաններին համարում են երկրի գլխավոր խնդիրներից մեկը և ունեն իսլամաֆոբ վարքագիծ։ Հաշվարկների համաձայն  Բրիտանիայում աջ ծայրահեղականների և իսլամաֆոբների թվաքանակը երկու անգամ գերազանցում է մյուս եվրոպական երկրներում նկատվող ցուցանիշը։ Ինչպես տեղեկացրել է Եվրամիության Հիմնարար իրավունքների կազմակերպությունը՝ եվրոպացի ամեն երրորդ մուսուլմանը ենթարկվել է խտրականության։ Մեկ այլ հաշվարկների համաձայն պարզվել է, որ Եվրոպայի 11 քաղաքներում հարցված մուսուլմանների 50 տոկոսը ենթարկվել է խտրականության, այն դեպքում, երբ ոչ մուսուլման բնակչության շրջանում այդ ցուցանիշը կազմել է 9 տոկոս։

 

Մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվեց սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո։ Այդ իրադարձությունը բավականին լավ առիթ հանդիսացավ աջ ծայրահեղականների համար։ Նրանք ակտիվացրին իրենց գործունեությունը և մուսուլմաններին ներկայացրեցին որպես սպառնալիքներ։ Աջ ծայրահեղականների հավաստմամբ՝ մուսուլմանները սպառնում են արևմտյան հասարակության արժեհամակարգին։ Ավստրիայի Ազատություն կուսակցության հիմնադիր` Հայդերը ասել է, որ Իսլամը և արևմտյան հասարակության արժեհամակարգը հակասում են միմյանց։ Հոլանդիայի աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը համոզված է, որ մուսուլմանները անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պատճառ են հանդիսանում։ Հատկանշական է, որ Եվրոպայի բոլոր մասերում  ծայրահեղական դրսևորումները միևնույն բնույթն ու տարածվածությունը չունեն։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ծայրահեղական շարժումները ավելի քիչ են։

Հարգելի՛ ռադիոլսող, մյուս հաղորդման ընթացքում կխոսենք Արևելյան Եվրոպայում ազգայնամոլության դրսևորումների մասին։

 

Պիտակ