Թրամփի միգրացիոն քաղաքականությունը.Բարոյալքում և մարդու իրավունքների խախտում ԱՄՆ-ում
(last modified Tue, 17 Jul 2018 16:19:22 GMT )
Հուլիս 17, 2018 20:49 Asia/Tehran

ԱՄՆ-ի պոպուլիստ նախագահ Դոնալդ Թրամփն անսովոր ու սկանդալային քաղաքականություն է վարում և' ներքին և' արտաքին հարցերի նկատմամբ: Այդ քաղաքականությունները բազմաթիվ քննադատությունների են արժանացել թե երկրի ներսում թե դրա սահմաններից դուրս:

 

   Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ արծարծված ամենալուրջ հարցն էմիգրանտների խնդիրն էր, հատկապես այն էմիգրանտների, ովքեր ԱՄՆ են մուտք գործում այդ երկրի հարավային սահմաններից և մասնավորապես`Մեքսիկայից: Այսօր ԱՄՆ-ում կա 11 միլիոն էմիգրանտ: Իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ կտրուկ վերաբերմունք կցուցաբերի էմիգրանտների նկատմամբ: Նա մասնավորապես հայտարարել էր, որ պատնեշ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին և վտարելու է էմիգրանտներին: Այս հարցը պատճառ դարձավ, որ երկրի տարբեր նահանգներում, այդ թվում` Արիզոնայում ու Մեխիկոյում, մեծ թվով քաղաքացիներ իրենց ձայնը տան Թրամփին:

Թրամփը բազմիցս քննադատության է  արժանացել` էմիգրանտների հասցեին իր հայտարարությունների ու նրանց նկատմամբ հնչեցրած սպառնալիքների պատճառով: ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Թրամփին քննադատող անձանցից մեկն է: Նա իր թուիթերյան էջում գրել է.  «Պարզ է, որ թե օրինական, թե անօրինական էմիգրանտները ԱՄՆ-ում փնտրում են ավելի լավ պայմաններ: Սակայն նրանց չի կարելի անվանել կենդանիներ կամ միջատներ: Նման հայտարարությունները միայն ատելություն են տարածում: Այն ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, սխալ է, մտահոգիչ ու ոչ ամերիկյան»:

Թրամփը, նախագահ ընտրվելուց հետո, որպես առաջին քայլ, 2017թ սեպտեմբերին չեղարկեց ԴԱՔԱ կոչվող օրենքը: Օրենքի համաձայն, այն երեխաները, ովքեր անօրինական կերպով մուտք էին գործել ԱՄՆ և ստացել էին կրթություն, չէին վտարվում երկրից և ունենում էին աշխատելու հնարավորություն: Իսկ Թրամփի որոշումից հետո առաջարկվեց մի նախագիծ, որի համաձայն, 800 երիտասարդների նկատմամբ օրենքն այնուամենայնիվ պիտի կիրառվեր: Սակայն դա կարող էր հանգեցնել էմիգրանտների նոր հոսքի: «Զրո հանդուրժողականություն» քաղաքականության շրջանակներում, 2018թ սկզբին, Թրամփը հայտարարեց, որ պետք է  շատ խիստ վերաբերմունք ցուցաբերել հատկապես մեքսիկացի փախստականների նկատմամբ: Եվ հենց այս հիման վրա, ԱՄՆ-ի սահմանապահ ոստիկանությունը հունիսի 5-9-ը 2242 երեխայի բաժանեց իրենց ծնողներից ու ձերբակալեց: Այս երեխաները պահվում են ճամբարներում, իրենց ծնողներից հեռու և երկաթե վանդակների հետևում: Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու արտաքին լուրջ քննադատության: Հատկանշական է, որ քննադատողների թվում էին նաև Թրամփի կինն ու աղջիկը: CIA-ի նախկին ղեկավար Մայքլ Հայդենի ասելով. «Երեխաներին իրենց ծնողներից զրկելու քայլը հիշեցնում է նացիստական Գերմանիան և Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը: Եթե սա չկանխվի, Գերմանիայի պատմությունը կկրկնվի ԱՄՆ-ում»:  

Թրամփն այս քայլով ցույց տվեց, որ ոչ միայն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ բոլորովին ուշադրություն չի դարձնում ուրիշների շահերին ու կարծիքներին, այլ զուրկ է բարոյական արժեքներից և ընդհանրապես չի հավատում նման սկզբունքների: Քաղաքական փորձագետ Ֆուադ Իզադին ասում է. «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությամբ, Թրամփը փորձում է  իրեն ներկայացնել որպես մի ուժեղ դիվանագետ, որպեսզի այդ միջոցով իր վրա սևեռի Միացյալ Նահանգների ռասիստ խավի ուշադրությունը»:

Թրամփը նման քաղաքականություն է  վարում այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախկին  կառավարությունն ընդհանրապես չփորձեց իրականություն դարձնել այս նախագիծը: Պատճառն այն մտահոգությունն էր, որ դրանից հետո ԱՄՆ-ի նկատմամբ ատելությունը կաճի համաշխարհային մասշտաբով: Այդուհանդերձ, Թրամփի նպատակը պարզ է: Նա վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ն Եվրոպայի նման չի վերածվելու գաղթականների ճամբարի: Թրամփը փորձում է  սարսափի մթնոլորտ ստեղծել էմիգանտների մոտ: Երեխաներին բաժանելով ծնողներից, նա, փորձեց սարսափելի պատկեր ներկայացնել ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Նա այդպիսով նպատակ ուներ փախստականներին ստիպել այլևս չփորձել մուտք գործել ԱՄՆ: Հունիսի 24-ին Թուիթերում կատարած գրառման մեջ նա նշեց. «Չենք կարող թույլ տալ, որ ներխուժողները մուտք գործեն մեր երկիր: Երբ նրանք մուտք են գործում մեր երկիրը, նրանց պետք է վերադարձնել իրենց երկիր` առանց դատի ու դատավորի: Փախստականների նկատմամբ մեր քաղաքականությունը պարզապես զավեշտական է»:

Մարդու իրավունքների մոնիտորինգի խումբը այդ գրառումից հետո քննադատեց Թրամփի քաղաքականությունն ասելով, որ ԱՄՆ կառավարությունն անտեսում է  մարդու իրավունքների հարցը: Խումբը քննադատեց նաև Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը: Խմբի հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը նույնպես քննադատել է երեխաներին իրենց ծնողներից զրկելու ԱՄՆ նախագահի քաղաքականությունը:  

ԱՄՆ-ում այս խնդրի պատճառով առաջացած բողոքի ալիքը շատ մեծ էր: Բողոքարարներից մի կին, ի նշան բողոքի այդ քաղաքականության և հատկապես երեխաներին ծնողներից զրկելու քայլի դեմ, բարձրացավ Նյու Յորքում տեղակայված Ազատության արձանի վրա: Այս կինն «Ապստամբություն և դիմադրություն» խմբի անդամներից էր, ովքեր հուլիսի 4-ին`ԱՄՆ-ի անկախության օրվա տարեդարձին զուգահեռ, բողոքի ցույց իրականացրեցին Թրամփի դեմ: Իհարկե բողոքներից հետո Թրամփը պարտավոր եղավ հրաժարվել երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքկանությունից: Նա ստորագրեց հրաման, որի համաձայն, դատավարության ժամանակ երեխաները չեն առանձնացվելու իրենց ծնողներից: Նա սակայն հայտարարեց, որ «Զրո հանդուրժողականություն» քաղաքականությունը շարունակելու է կիրառվել: Թրամփը նաև հայտարարեց, որ այսուհետ երեխաները չեն բաժանվի իրենց  ծնողներից և կկալանավորվեն նրանց հետ միասին: Այս որոշումը նույնպես բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Որպես օրինակ, ԱՄՆ 17 նահանգներ, Կոլումբիա շրջանի հետ միասին, բողոքի նամակ ներկայացրեցին Դաշնային դատարանին, ընդդեմ ԱՄՆ կառավարության: Նամակում ասվում էր, որ երեխաներին ծնողներից չառանձնացնելու Թրամփի հայտարարությունը խաբուսիկ է: Իսկ Գարդիան օրաթերթն այս կապակցությամբ գրեց. «Բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում փախստական երեխաների նկատմամբ Թրամփի կառավարության քաղաքականության վերաբերյալ»:

BBS լրատվական ծառայությունը հաղոդեց, որ մի 14 ամսական երեխայի, որն իր ծնողներից առանձնացվելուց հետո, 85 օր անց  վերադարձվել էր ծնողներին, երեք ամսվա ընթացքում չէին լողացրել ու նրա մարմինը ծածկվել էր ոջիլներով: Իսկ ԱՄՆ-ի օրենքի համաձան, եթե ծնողները 3 ամսվա ընթացքում չլողացնեն երեխային, նրանց կձերբակալեն: Եվ նման վերաբերմունք  ցուցաբերում է  այս երկրի կառավարությունը, մի երեխայի նկատմամբ, ով անգամ խոսել չի կարող: ԱՄՆ դեմոկրատական սենատոր Ջեֆ Մերկլին, այցելելով Տեխաս նահանգում պահվող էմիգրանտ երեխաներին, հայտարարեց. «Երեխաներից շատերը հոգեբանական ճնշման են ենթարկվել»: Իսկ New York Times-ի լրագրող Քուրթ Այքնվալդը գրեց. «Թրամփի որոշման համաձայն, երեխաները զրկվել են իրենց մոր գրկից: ԱՄՆ-ն հասել է իր վերջնակետին և այլևս մի երկիր չէ կանգնած գագաթներրի վրա: Հիմա սա մի մղձավանջ է, որը ղեկավարում է շղթայված մի խելագար: ԱՄՆ-ն արժանի է համաշխարհային հանրության կողմից ամենախիստ քննադատության »:  

Իհարկե Թրամփը փորձում է արդարացնել իր քաղաքականությունը և կոնգրեսականներին ստիպել հաստատել ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագիծը: Իհարկե, ներկայումս հենց այս քաղաքականության պատճառով, Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն ավելի են խորացել: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող խոսել ազատ աշխարհի կողմից»: Թրամփը բազմիցս քննադատել է եվրոպական երկրների ղեկավարներին և հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերլկելին, ով թույլ տվեց, որ 2015-2016 թթ ավելի քան մեկ միլիոն փախստական մուտք գործի այդ երկիր: Թրամփի  տեսակետից, դա պատճառ կդառնա, որ Գերմանիայում տարածվեն անապահովությունն ու  անարխիան: Այդուհանդերձ, Մերկելը, չընդունելով այդ քննադաըությունները, նշեց, որ երկու երկրի  հասարակություններում տեղի ունեցած բռնությունները համեմատելով, կարելի է եզրակացնել, որ Թրամփի հայտարարություներն այն մասին, թե փախստականներին ընդունելը լի է վտանգներով, սխալ են: Թրամփը փախստականների նկատմամբ իր քաղաքականությամբ և հատկապես իր հակամուսուլմանական քայլերով և թույլ  չտալով,որ իսլամական երկրների քաղաքացիները մուտք գործեն ԱՄՆ, քանի որ ըստ նրա, այդ մարդիկ սպառնալիք են ԱՄՆ-ի անվտանգության համար, բազմաթիվ կոնֆլիկտների պատճառ է դարձել թե երկրի ներսում, թե միջազգային շրջանակներում: Այսօր պարզ է, որ Թրամփի քայլերը ոչ միայն մեկուսացրել են այդ երկրին, այլ մեծացրել են ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ համաշխարհային ատելությունը: Իսկ դրան նպաստեց նաև երեխաներին իրենց ծնողներից առանձնացնելու նրա վերջին քայլը: Ու չնայած Թրամփը հրաժարվեց այդ  նախագծից, սակայն հակամարդկային վերաբերմունքն էմիգրանտների նկատմամբ շարունակվում է և' Մեքսիկայի հետ սահմանային շրջաններում և թե փախստականների ճամբարներում: