Հունիս 11, 2020 19:15 Asia/Tehran
  • Հայաստանի նոր մարտահրավերը Եվրոպայում

Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։

Նրանք անցանկալի են համարում Հայաստանի և Արցախի այդ նախաձեռնությունը, ազատագրված տարածքները բնորոշելով «օկուպացված»: Եվրոպայում արցախյան հարցի առնչությամբ ադրբեջանահաճ բանաձևերի, զեկույցների կամ հայտարարությունների Հայաստանը և Արցախը բախվել են խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացում: Պետք է լինել իրատես ու հասկանալ, որ հնարավոր չէ ընդհանրապես բացառել, որ ադրբեջանական նավթագազային կամ խավիարային դոլարները չկարողանան Եվրոպայում հաջողացնել որևէ այդպիսի թղթի առկայություն: Միևնույն ժամանակ, պետք է իհարկե ձգտել խորհրդարանական դիվանագիտությամբ հասնել առավելագույնին, որ Եվրախորհրդարանի հարթակներում ու միջանցքներում հնարավորինս բացառվեն այդօրինակ անակնկալները: Սրան զուգահեռ, անկասկած է, որ խոսքը որևէ զեկույցի, բանաձևի և անգամ նախագծի մասին չէ, այլ ընդամենը մի քանի գործչի հայտարարության:

Խնդիրն, իհարկե, դրանով հանգստանալը չէ, բայց մյուս կողմից չպետք է նաև գերագնահատել մի բան, ինչը գերագնահատելու գործով զբաղված է հենց ադրբեջանական քարոզչությունը: Մյուս կողմից, ներկայիս շրջափուլում պետք է թերևս խորհել մի կարևոր հանգամանքի մասին: Անկասկած է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրավիճակում բավականին խնդիրների բախվող և համաշխարհային դերի նահանջի առաջ կանգնած Ռուսաստանը՝ որպես պաշտպանական ռեակցիա, մեծացնելու է հավակնությունը Կովկասի և մասնավորապես Հայաստանի հանդեպ, փորձելով ստանալ քաղաքական զիջումներ և միևնույն ժամանակ ամրապնդել իր ներկայությունը Կովկասում, որպես կանոն, Հայաստանի զիջումների հաշվին: Ահա այդ համատեքստում, եվրոպական հարթակում Հայաստանի մրցակիցը կարող է լինել ոչ միայն Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, այլ նաև Ռուսաստանը, որը խնդիր առաջացնելով Հայաստան-Եվրոպա հարաբերության տիրույթում, ըստ էության սահմանափակելու է Հայաստանի քաղաքական մանևրի, ճկունության հնարավորությունը, օգտագործելով դա իր քաղաքական հավակնությունը առաջ մղելու համար, որը բավականին նկատելի կերպով իրականացնում է ներքին սուբյեկտների ներքաշմամբ: Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը և ընդհանրապես քաղաքական-դիվանագիտական կորպուսը պետք է բավականին ջանք գործադրեն գոնե այս փուլում այդ մարտահրավերներին հակազդելու համար:

1in.am

 

Պիտակ